Հայերը Վառնայում հաստատվել են 17-րդ դարի սկզբին՝ այստեղ գաղթած ղրիմահայերի կողմից, և բնակվել են քաղաքի՝ հետագայում «Հայկական» կոչված թաղամասում։ 19-րդ դարի սկզբին Վառնայում եղել է 150 տուն հայ, իսկ դարի վերջին այստեղ բնակվել է շուրջ 1300 հայ։ Հաջորդ տասնամյակներին հայերի թիվն աճել է Թուրքիայից փախած հայերի հաշվին՝ հասնելով 10 հազարի։

Սուրբ Սարգիս եկեղեցի

Շուտով Վառնայում ապաստան գտած հայերի մի մասը տեղափոխվել է երկրի այլ քաղաքներ, տեղի հայերի թիվը նվազել է՝ կազմելով շուրջ 4 հազարի։ Հայ բնակչության թվի հետագա տատանումները պայմանավորված են եղել շարունակվող ներգաղթով Բ-ից 1930-ական թվականներին նկատելի արտագաղթով։

1946 թվականին շուրջ 300 վառնայաբնակ հայեր ներգաղթել են Հայաստան։ 21-րդ դարի սկզբին Վառնայում բնակվել է շուրջ 5 հազար հայ։ 1990-ական թվականներին այստեղ հաստատվել են հարյուրավոր հայեր Հայաստանից, Ռուսաստանից։ Վառնայի հայ համայնքի ձևավորման և զարգացման գործում կարևոր դեր են խաղացել հայ առևտրականները։ Նրանց գործունեությունը նկատելի էր ոչ միայն երկրի ներքին, այլև՝ արտաքին շուկայում (առևտրական կապեր են ունեցել Զմյուռնիայի, Տրապիզոնի, Կիպրոսի, Եգիպտոսի հայ առևտրականների և արդյունաբերողների հետ)։

Վառնայաբնակ հայերը զբաղվել են արհեստներով, կային նաև բանվորներ և փոքրաթիվ գործարանատերեր։ 1842 թվականին կառուցվել է սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որին կից բացվել է Սիսակյան դպրոցը։ Գործել են նաև ուրիշ դպրոցներ։ 19-րդ դարի վերջից մինչև 1944 թվականը Վառնայում գործել են հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպությունները, հասարակական և մշակութային միություններ, լուսավորական հաստատություններ։

1970-ական թվականների 2-րդ կեսից համայնքի ազգային կյանքն անկում է ապրել, սկսել է վերականգնվել 1990-ական թվականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։