Հայդ պարկ
Հայդ պարկ (անգլ.՝ Hyde Park) Լոնդոնի կենտրոնում գտնվող թագավորական պուրակ։ Մակերեսը կազմում է 1.4 կմ²։ Արևմուտքից հարում է Քենսիգտոնյան այգիներին։ Ավանդաբար Հայդ պարկում են կազմակերպվում քաղաքական ցույցեր, մեծ, համազգային տոնախմբություններ։
Պատմություն
խմբագրելԴեռևս մինչև նորմանդական նվաճումը պուրակը պատկանում էր Վեստմինստերյան աբբայությանը։ Անունը առաջացել է մակերեսի չափման հին միավորից (անգլ.՝ hide)։ Վանքերի լուծարումից հետո Հենրի VIII-ը պուրակի տարածքն օգտագործում է որսորդական նպատակով[1]։ Հանրության համար այն բացվել է Հակոբ Ա-ի օրոք, իսկ Չարլզ II Ստյուարտի օրոք պուրակը լոնդոնցիների հանգստի սիրելի վայրն էր։
Պուրակի գլխավոր տեսարժան վայրը Սերպենտայն լիճն է, որում թույլատրված է լողալը, ինչպես նաև համանուն պատկերասրահը։ Հայդ պարկի հարավ-արևելքում գտնվում է Էպսլի հաուսը (անգլ.՝ Apsley House), որում գործում է հերցոգ Վելինգտոնի թանգարանը (The Wellington Museum)։Այստեղ է գտնվում նաև Վելինգտոնի կամարը։ Այս օբյեկտները հիշեցնում են, որ 1815 թվականին Հայդ պարկում է անցկացվել պատմական շքերթը, որը նվիրված է եղել Նապոլեոնի նկատմամբ Վելինգտոնի տարած հաղթանակին։ 1822 թվականին հերցոգի պատվին պուրակում կանգնեցվել է Աքիլլեսի արձանը. սա, լինելով Բրիտանիայի մայրաքաղաքում մերկ կերպար պատկերող առաջին քանդակը, առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը[1][2]։
Վիկտորիա թագուհին Հայդ պարկը ընտրեց պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային ցուցահանդես կազմակերպելու համար (1851), որի համար պուրակում կառուցեցին «աշխարհի ութերորդ հրաշալիքը»` բյուրեղյա պալատը (չի պահպանվել)։ 1889 թվականին Հայդ պարկում նկարահանվել է կարճամետրաժ համր ֆիլմ։
2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերի շրջանակներում Հայդ պարկում են անցկացվել եռամարտի, ինչպես նաև բաց ջրում 10կմ լողի մրցումներ։ 2012 թվականի հուլիսի 17-ին պուրակում ելույթ է ունեցել Մադոննան։ Համերգին ներկա է եղել մոտ 55.000 հանդիսատես։ 2013 թվականի հուլիսի 6-ին և 13-ին պուրակում հանդես է եկել The Rolling Stones խումբը։
Հռետորների անկյուն
խմբագրելԱնգլիայի տարածքից դուրս Հայդ պարկը նախևառաջ հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում «հռետորների անկյունը» (անգլ.՝ Speakers' Corner), որտեղ ավանդաբար իրենց խոսքի հմտությունն են ցույց տալիս տարբեր հռետորներ ու քարոզիչներ։ Այդ պատճառով Հայդ պարկը դարձել է ազատ մտքի և խոսքի ազատության խորհրդանիշ։ Վերակառուցման շրջանում ԽՍՀՄ տարբեր քաղաքներում քաղաքական տարբեր ուժերի և քարոզիչների հավաքատեղիները սկսեցին կոչել «հայդ պարկեր»։
Սերպենտայն լիճ | Հայդ պարկը թռչնի թռիչքի բարձրությունից | Ռոտեն-Ռոու զբոսուղի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «The Acquisition of the Estate | British History Online». www.british-history.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Русский репортёр. 2010. №23. С.88
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-07-04 Wayback Machine
- Վիքիպահեստում կան Հայդ պարկ թեմայով մեդիաֆայլեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 156)։ |