Հայաստանի օդային տրանսպորտ

Հայաստանի օդային տրանսպորտ, Հայաստանում օդային առաջին կանոնավոր հաղորդակցությունն սկսվել է 1933 թվականի հուլիսի 21-ին՝ Երևանի և Թիֆլիսի միջև (ԴՕ-2 երկտեղ օդանավերով)։ Երևանն օդային ուղիով Մոսկվային միացել է 1945 թվականին (ԴՍՊ-47 18 ուղևորատեղով օդանավերով)։ 1986 թվականին գործել է միութենական նշանակության 30 օդային գիծ։ Օդային կարևորագույն երթուղիներն էին՝ Երևան-Մոսկվա (2000 կմ), Երևան-Միներալնիե-Վոդի-Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ, 2670 կմ), Երևան-Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ, 2610 կմ), Երևան-Նովոսիբիրսկ, ինչպես նաև Երևան-միութենական հանրապետությունների մայրաքաղաքներ [բացառությամբ Դուշանբեի և Ֆրունզեի (այժմ՝ Բիշքեկ)]։ Հանրապետական նշանակության երթուղիներով Երևանը կապված էր Թբիլիսիի, Բաքվի, Ստեփանակերտի, Նախիջևանի, իսկ տեղական նշանակության ավիագծերով՝ Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Ջերմուկի, Բերդի և այլ բնակավայրերի հետ։ Երևանն օդային հաղորդակցությամբ կապված էր նաև Պրահայի, Բեռլինի, Դամասկոսի, Հալեպի հետ։ Երևանով էր անցնում նաև Մոսկվա-Երևան-Բեյրութ-Դամասկոս-Մոսկվա միջազգային երթուղին։ Գյումրին օդային ուղիներով կապված էր Մոսկվայի, Կիևի, Սանկտ Պետերբուրգի, Սիմֆերոպոլի, Սուխումի և Գորկու (այժմ՝ Նիժնի Նովգորոդ), իսկ Բերդն ու Գորիսը՝ Բաքվի հետ։ Հեռավոր երթուղիները սպասարկվել են ՏՈՒ-154 և ՏՈՒ-134, իսկ տեղական Երթուղիները՝ ՅԱԿ-40 օդանավերով։ Ներկայումս Երևանի «Զվարթնոց» միջազգային և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններն օգտագործվում են քաղաքացիական ավիացիայի, «երերունին»՝ ռազմական նպատակներով։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները Հայաստանի Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության (Արգենտինա) միջև 2002 թվականի հունիսին կնքված պայմանագրով՝ 30 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման են տրվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը։

Դո-2 ինքնաթիռը
Տու-154 ինքնաթիռը թռիչքի ժամանակ
Տու-134 խորհրդային ինքնաթիռը
Յակովլեվ-40 (Յակ-40) ինքնաթիռը

2022 թվականի հայկական ավիաընկերությունները փոխադրել են 900 հազար մարդ, դա Հայաստանի ավիափոխադրումների շուկայի մոտ 25%-ն է[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Армянские авиакомпании перевезли более 900 тыс. человек в 2022 году – Пашинян» (ռուսերեն). Sputnik Армения — новость. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։