Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտե
Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտե (անգլ.՝ "American Committee for the Independence of Armenia"), կազմակերպություն, որի նպատակն էր Հայաստանի անկախության ու պետականության պաշտպանությունը։ Ձևավորվել է ամերիկյան իրավաբան Վահան Քարտաշյանի նախաձեռնությամբ, 1918 թվականի վերջին 1919 թվականի սկզբին։ Առաջին հավաքը կայացել է 1919 թվականի փետրվարին։ Կոմիտեի մեջ են մտել 20 նահանգների նահանգապետներ. կոնգրեսի նշանավոր անդամներ, մշակութային գործիչներ, արդյունաբերողներ, եկեղեցականներ, բարեգործներ, ընդամենը՝ 400 մարդ։ Կոմիտեի հեղինակությունը բարձրացնելու և այն հօգուտ Հայաստանի ամերիկյան ազդեցիկ լոբբի դարձնելու նպատակով հայեր չեն ընդգրկել նրա մեջ։ Գործադիր կոմիտեն ղեկավարել է Գերմանիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ու. Ջերարդը։
1918 թվականի նոյեմբերին սենատոր Հենրի Ք. Լոջը կոնգրեսին ներկայացրել է մի բանաձև, որը կոչ էր անում օգնել հայերին ազատագրվելու թուրքական տիրապետությունից. ստեղծել միասնական հայկական պետություն՝ Միջերկրական ծովից մինչև Սև ծով՝ ներառյալ արևելյան Հայաստանն ու Պարսկահայաստանը։
Գործունեությունը
խմբագրել1920 թվականի սկզբին Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն ապահովեց 40 նահանգապետների, 250 քոլեջների պրեզիդենտների, 85 եպիսկոպոսների և 20 հազար եկեղեցականների ստորագրությունները մի խնդրագրի տակ, որը ԱՄՆ-ին հորդորում էր օգնել հայերին՝ ստեղծելու 50 հազարանոց բանակ, որը ի վիճակի կլիներ գրավել Հայկական լեռնաշխարհը և կսատարեր հայերի պահանջներին 1919-1920 թթ.-ի Փարիզի հաշտության կոնֆերանսում։
Կոմիտեի անդամների մեծ մասը սկզբնական շրջանում հավանություն է տվել Հայաստանի մանդատը ընդունելու կառավարության մտադրությանը, սակայն Թուրքիայում քեմալական շարժման և ամերիկյան իզոլյացիոնիստների դիրքերի ուժեղացման համեմատ նա սկսեց գերազանցապես հանդես գալ արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության ճանաչման և նրան ուղղակի ֆինանս, ու ռազմական օգնություն ցուցաբերելու օգտին։ Դա հակասում էր մի շարք միսիոներ, ու բարեգործ, հաստատությունների ծառայողների առաջարկությանը, որոնք պաշտպանում էին ԱՄՆ-ի մանդատը ամբողջ Մերձ. Արլ-ի վրա տարածելու կամ Հայաստանի, Անատոլիայի և Կ. Պոլսի նկատմամբ համատեղ մանդատ հաստատելու գաղափարը։ Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն և հայերը գտնում էին, որ Թուրքիայի հետ ամեն մի համագործակցություն անիմաստ է։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի սենատը մերժեց Հայաստանի մանդատի մասին պրեզիդենտ Վ. Վիլսոնի առաջարկը. Կոմիտեն շարունակում էր կոչ անել՝ ուղղակի օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանն ու ապահովել 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրի կատարումը։ Միևնույն ժամանակ միսիոներ, ու բարեգործական հաստատությունների հետ կապված շատ նշանավոր ամերիկյան գործիչներ սկսեցին նահանջել քաղաքական հակումներից և առաջնությունը տալ մարդասիրական նպատակներին։ Նրանք ստեղծեցին «Հայաստան-Ամերիկա» ընկերությունը, որը գլխավորեցին Ուոլտեր Ջ. Սմիթն ու Ջորջ Մոնտգոմերին։
Թուրքական ներխուժումը Հայաստանի Հանրապետություն, խորհրդային իշխանության հաստատումը հանրապետության մնացած տարածքում թուլացրին Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեի ազդեցությունը։ Նա շարունակում էր պաշտպանել Հայաստանի օրինական իրավունքները ըստ Սևրի պայմանագրի, հանդես էր գալիս հօգուտ ԱՄՆ-ի կողմից խորհրդային Հայաստանի ճանաչման, հնարավոր էր գտնում Ռուսաստանի կողմից միացյալ և անկախ Հայաստանի սկզբունքի ընդունումը, սակայն այդ դիրքորոշումը այլևս չէր համապատասխանում ստեղծված նոր իրադրությանը։
Երբ 1921 թվականին արևմտյան տերությունները բանակցություններ սկսեցին Մ. Քեմալի կառավարության հետ Սևրի պայմանագրի վերացման շուրջ, Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն մերժեց «Հայաստան-Ամերիկա» ընկերության դիրքորոշումը, որը պաշտպանում էր անկախ հայկական պետության փոխարեն Կիլիկիայում կամ Թուրքիայի հյյուսիսարևելքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու գաղափարը։ Վերջին հաշվով Թուրքիան մերժեց նույնիսկ այդ «օջախի» գաղափարը, իսկ դաշնակից տերությունները 1922-1923 թվականների Լոզանի կոնֆերանսում հրաժարվեցին հայկական հարցից։ 1923 թվականին ԱՄՆ-ը Լոգանում Թուրքիայի հետ կնքեց առևտրի և բարեկամության մասին պայմանագիր, ինչպես նաև կարգավորեց իր հարաբերությունները նրա հետ՝ այնտեղ ունեցած իր միսիոներ, դպրոցներն ու հիվանդանոցները անվտանգ պահելու համար։
1924-1926 թվականներին Վ. Կարդաշյանը Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն վերափոխեց Լոզանի պայմանագրի դեմ պայքարող ամերիկյան կոմիտեի և ջանքեր թափեց այդ պայմանագրի վավերացումը սենատում խափանելու համար։ Թեպետ այդ ժամանակ Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն այլևս նախկին ազդեցությունը չուներ, այդուհանդերձ, նրա կողմնակիցները 1927 թվականի սկզբին բավարար քանակությամբ ձայն ստացան, որպեսզի կանխեն պայմանագրի վավերացումը սենատում։ Դա կոմիտեի վերջին հաջողությունն էր, քանի որ պրեզիդենտ Կ. Քուլիջի վարչակազմը շուտով վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այսպիսով Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն Հայաստանի անկախության ու տարածքային ամբողջության համար տարիների իր եռանդուն պայքարից հետո հեռացավ քաղաքական ասպարեզից։
Գրականություն
խմբագրել- American Committee for the Independence of Armenia. A report of Activities, 1918-1922.N. Y.. 1922;
- American Committee Opposed to the Lausanne Treaty, The Lausanne Treaty, Turkey and Armenia, N. Y., 1926;
- Ma Ike sian M„ "The Disintegration of the Armenian Case in the United States, 1918-1927",
- International Journal of Middle East Studies, 16 (1984), p 349-369.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |