Հայաստանի նախագահի նստավայր
Հայաստանի նախագահի նստավայր (2018 թվականի ապրիլի 9-ից մինչև նոյեմբերի 22-ը՝ Հայաստանի վարչապետի նստավայր, հայտնի է նաև որպես Բաղրամյան 26), Հայաստանի նախագահի աշխատանքային վայրը, որը տեղակայված է Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 26 հասցեում։ 2018 թվականի սեպտեմբերի 21-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Բաղրամյան 26-ի դարպասները բացվել են այցելուների համար[1][2]։
Տեսակ | պաշտոնական նստավայր և շենք |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Փողոց | Մարշալ Բաղրամյան պողոտա (26) |
Բնակիչ | Հայաստանի Նախագահ |
Օգտագործվում է | պաշտոնական նստավայր |
Հիմնադրված է | 1951 |
Ճարտարապետ | Մարկ Գրիգորյան |
Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրելՆստավայրի շենքը նախագծվել է 1951 թվականին որպես Հայաստանի ԽՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, հետագայում ծառայել է որպես Հայաստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք։ Նախագծի հեղինակը Մարկ Գրիգորյանն է։ Շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ։ Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10 մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով[3]։
1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա։ Շենքի երկու կողմերում ավելացվել է 10 մ լայնությամբ և 6 մ երկարությամբ երկու եռահարկ շենք։ Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ։
1992 թվականից ծառայում է որպես Հայաստանի նախագահի նստավայր մինչ 2018 թվական, որից հետո սկսեց ծառայել որպես Հայաստանի վարչապետի նստավայր։ Այնուհետև 2019-ից ծառայում է որպես Հայաստանի նախագահի նստավայր։
2009-2010 թվականներին Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր մակերեսով։ Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և տրավերտինով։
Կառուցվածք
խմբագրելԱռաջին հարկը և երրորդ հարկի մի հատվածը նախատեսված են ընդունելությունների համար՝ առանձին սրահներով։ Շենքի մնացած հատվածը ծառայում է որպես վարչական մաս։ Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով։
Գեղանկարների հավաքածու
խմբագրելՀայաստանի նախագահի նստավայրի տարբեր սրահներում են պահվում Հովհաննես Այվազովսկու, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Հակոբյանի և մի շարք այլ նշանավոր նկարիչների գեղանկարները, որոնք ի պահ են տրվել նախագահի աշխատակազմին Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից[4]։
Հետաքրքրական
խմբագրել- 1960 թվականին Մարկ Գրիգորյանը, որպես շենքի նախագծի հեղինակ, պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով։
- Բաղրամյան 26 վարչական շենքը Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականին ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։
- 2018 թվականի սեպտեմբերի 21-ից Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բաղրամյան 26-ի այգու դռները բացվեցին քաղաքացիների համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Government of Armenia (2018 թ․ սեպտեմբերի 21), Բաղրամյան 26-ի դռները բաց կլինեն քաղաքացիների համար, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին
- ↑ «Պատմություն - Վարչապետ - Հայաստանի վարչապետ». primeminister.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Ցուցասրահ - Նախագահ - Հայաստանի Նախագահ». president.am.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայաստանի նախագահի նստավայր կատեգորիայում։ |