Համայնքային կազմակերպում

Համայնքային կազմակերպում կամ համայնքային ռեսուրսների վրա հիմված կազմակերպում, կազմակերպման տեսակ, որը միտված է համայնքային մակարդակում հասարակության սոցիալական բարեկեցության բարձրացմանը, մարդկանց համայնքային մասնակցության ապահովմանը, համայնքային նշանակության ծրագրերի իրականացմանն ու ընդհանուր առմամբ համայնքի գործունեության ցանկալի բարելավմանը։ Համայնքային կազմակերպումը կարող է առավել արդյունավետ լինել աշխարհագրական, հոգեսոցիալական, մշակութային, հոգևոր և տեխնոլոգիական առումներով մեկուսի համայնքներում։

Համայնքային կազմակերպումը ներառում է համայնքային աշխատանքը, համայնքային ծրագրերը, համայնքային զարգացումը, համայնքային հզորացումը, համայնքային կառուցումը և համայնքային մոբիլիզացիան։ Դա համայնքի կազմակերպման լայնորեն կիրառվող մոդել է համայնքային նախագծերի, թաղամասերի, կազմակերպությունների, կամավոր միավորումների, բնակավայրերի և սոցիալական կապերի շրջանակներում, որոնք կարող են օգտագործվել որպես աշխարհագրության, ընդհանուր տարածքի, ընդհանուր փորձի, հետաքրքրությունների, կարիքների, և/կամ մտահոգությունների շուրջ մոբիլիզացման ուղիներ։

Ակնարկ

խմբագրել

Համայնքային կազմակերպումը տարբերվում է կոնֆլիկտի լուծմանը միտված համայնքային կազմակերպումից, որը կենտրոնանում է կարճաժամկետ փոփոխությունների վրա՝ իշխանություններից պահանջելով լուծել խնդիրները (այսինքն՝ ճնշում գործադրելով համայնքային իշխանությունների վրա՝ ցանկալի փոփոխություններ կատարելու համար)։ Համայնքային կազմակերպումը կենտրոնանում է երկարաժամկետ և կարճաժամկետ փոփոխությունների վրա՝ կիրառելով ուղիղ գործողությունների և համայնքային կազմակերպման մեթոդներ (օրինակ՝ համայնքային իշխանությունների մարմիններից զատ ստեղծելով այլընտրանքային համակարգեր կամ մարմիններ)։ Սա հաճախ ընդգրկում է ներառական կապերը (հաղորդակցություն), միջանձնային հարաբերությունների կազմակերպումը, լսելու ունակությունը, ռեֆլեքսիվությունը, ոչ բռնի մեթոդների կիրառմամբ հաղորդակցությունը, համագործակցությունը, փոխադարձ օգնությունն ու սոցիալական խնամքը, նախատիպարը, հանրակրթությունը և ուղիղ ժողովրդավարությունը։

Համայնքային կազմակերպությունները, որպես այդպիսին, կարող են ունենալ տարբեր կարգավիճակներ, չափեր և կառուցվածք։ Որոշները լինում են պաշտոնապես գրանցված՝ իրենց կանոնադրություններով և խորհուրդներով, իսկ մյուսները շատ ավելի փոքր են, առավել ոչ ֆորմալ և գործում են կոնկրետ վայրերում։ Համայնքային կազմակերպությունները կարող են առավել արդյունավետ լինել կարիքների բավարարման, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրագործման հարցում, քան ավելի մեծ և բյուրոկրատական կազմակերպությունները։ Ժամանակակից համայնքային կազմակերպումը, որը մասնագիտական գրականության մեջ երբեմն անվանում են նաև «նոր համայնքի կազմակերպում»[1], ներառում է գլոկալիզացիոն հեռանկարներ և կազմակերպական մեթոդներ[2]։ Այս կամ այն համայնքում հաստատությունների, խմբերի և գործողությունների բազմազանությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ համայնքում կա կազմակերպված համայնքային կազմակեպում։ Այդուհանդերձ, այնպիսի գործոններ, ինչպիսիք են գոյություն ունեցող խմբերի, ակտիվների, գործունեության տեսակների փոխազդեցությունը, ինտեգրումը և համակարգումը, ինչպես նաև փոխհարաբերությունները, նոր կառույցների և համայնքների էվոլյուցիան, համայնքային կազմակերպման եզակի բնորոշիչներ են։

Համայնքային կազմակերպումը հաճախ կարող է հանգեցնել համայնքի և դրա առանձնահատկությունների ավելի լավ ընկալմանը։ Այն բնութարգվում է համայնքային կառուցմամբ, համայնքային պլանավորմամբ, ուղիղ գործողություններով և մոբիլիզացմամբ, համայնքային փոփոխությունների խթանմամբ և, ի վերջո, սոցիալական ավելի մեծ համակարգերում և իշխանության մարմիններում փոփոխություններով, ինչպես նաև լոկալ բնույթի փոփոխություններով[3]։

Համայնքային կազմակերպություններն ընդհանուր առմամբ շահույթ չեն հետապնդում, իսկ ֆինանսավորումը հաճախ նախատեսվում է կազմակերպչական գործունեությանն աջակցելու համար։ Գլոբալիզացիայի, տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների տարածվածության, նեոլիբերալիզմի և տնտեսման քաղաքականության պայմաններում շատ կազմակերպություններ բախվում են բարդ մարտահրավերների, ինչպիսիք են առաջնային նպատակներից օտարումը, պետական և մասնավոր դոնորների կողմից հարկադրանքը կամ միջամտությունը[4]։ Քաղաքական և տնտեսական այս պայմանները որոշ կազմակերպությունների ստիպեցին փնտրել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ, ինչպիսիք են սպասարկման վճարները, քրաուդֆանդինգը և ֆինանսավորման այլ աղբյուրներ։

Սահմանումներ

խմբագրել

1955 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը համայնքային կազմակերպումը բնորոշեց որպես համայնքային զարգացում երևույթի լրացում։ ՄԱԿ-ը ենթադրում էր, որ համայնքային զարգացումն իրականացվում է մարգինալացված համայնքներում, իսկ համայնքային կազմակերպումը գործում է այն շրջաններում, որտեղ բնակչության կենսամակարդակը համեմատաբար բարձր է, իսկ սոցիալական ծառայությունները համեմատաբար լավ են զարգացած, սակայն ցանկալի է համարվում ինտեգրման և համայնքային նախաձեռնությունների բարձր աստիճանը։

1955 թվականին Մյուրեյ Ջորջ Ռոսը համայնքային կազմակերպումը սահմանեց որպես գործընթաց, որի միջոցով համայնքը որոշում է իր կարիքները կամ նպատակները, դասավորում կամ դասակարգում այդ կարիքները կամ նպատակները, զարգացնում վստահություն և այդ կարքիների կամ նպատակների ուղղությամբ աշխատելու կամք, գտնում ռեսուրսներ (ներքին և/կամ արտաքին)՝ դրանք բավարարելու համար, ձեռնարկում գործողություններ՝ դրանց համապատասխան ու այդպես ընդլայնում և զարգացնում է համայնքի ներսում համագործակցային հարաբերություններն ու մոտեցումները։

1921 թվականին Էդուարդ Քրիստիան Լինդեմանը համայնքային կազմակերպումը սահմանեց որպես սոցիալական կազմակերպման այն փուլը, երբ համայնքը գիտակցում է սեփական գործերը ժողովրդավարական ընթացակարգերով կառավարելու անհրաժեշտությունն ու իր մասնագետների, կազմակերպությունների, գործակալությունների ու հաստատությունների կողմից ապահովում համայնքի համար ամենաորակյալ ծառայությունների մատուցումը՝ ընդունված կապերի միջոցով[5]։

1925 թվականին Վալտեր Ուիլյամ Փեթիթը սահմանեց, որ համայնքային կազմակերպումը, թերևս, ճիշտ կլինի սահմանել որպես երևույթ, որը մի խումբ մարդկանց օգնում է ճանաչել իրենց ընդհանուր կարիքները և օգնում դրանք բավարարելու հարցում[6]։

1940 թվականին Ռասել Հովարդ Կուրցը համայնքային կազմակերպումը սահմանեց որպես գործընթաց, որը հիմնականում կապված է ծրագրային փոխհարաբերություններով, սոցիալական աշխատանքում տարբերվում է հիմնարար մյուս գործընթացներից, ինչպիսին է կոնկրետ դեպքերի և խմբերի հետ աշխատանքը։ Կազմակերպությունից կազմակերպություն, կազմակերպությունից համայնք, համայնքից կազմակերպություն այդ հարաբերությունները տարածվում են բոլոր ուղղություններով սոցիալական աշխատանքի համատեքստի ցանկացած առանցքային կետից։ Համայնքային կազմակերպումը կարող է դիտարկվել որպես գործընթաց, որի միջոցով այդ հարաբերությունները, փոփոխվող պայմանների բավարարման համար, նախաձեռնվում են, փոփոխվում կամ էլ ավարտվում ու դա սոցիալական աշխատանքի հիմնասյուներից մեկն է։

1947 թվականին Ուեյն Մաքմիլենը համայնքային կազմակերպումը սահմանեց որպես «նպատակաուղղված նախաձեռնություն, որը միտված է աջակցություն ցուցաբերել խմբերին՝ միասնական նպատակներին ու գործողություններին հասնելու համար։ Այն կիրառվում է ամենուր, չնայած հաճախ առանց դրա բնույթի մասին տեղյակ լինելու, որտեղ նպատակն է հասնել կամ պահպանել երկու կամ ավելի խմբերի տաղանդների և ռեսուրսների միավորումը՝ ընդհանուր կամ հատուկ նպատակներին հասնելու համար[7]։

1954 թվականին Չարլզ Ֆրեդերիկ Մըքնեյլը նշեց, որ «սոցիալական բարեկեցության համար համայնքային կազմակերպումն այն գործընթացն է, որի միջոցով համայնքի ներկայացուցիչները որպես անհատ քաղաքացիներ կամ խմբերի ներկայացուցիչներ, միավորվում են՝ որոշելու սոցիալական բարեկեցության կարիքները, պլանավորում դրանց բավարարման ուղիները և մոբիլիզացնում անհրաժեշտ ռեսուրսները»[8]։

1967 թվականին Մյուրեյ Ջորջ Ռոսը համայնքային կազմակերպումը սահմանեց որպես գործընթաց, որի օգնությամբ համայնքը որոշում է իր կարիքները կամ նպատակները, ձեռնարկում գործողություններ և այդ գործընթացի միջոցով համայնքի ներսում զարգացնում համագործակցային հարաբերություններ և պրակտիկա։

1975 թվականին Ռալֆ Քրամերը և Հարի Սփեքթը նշել են, որ «համայնքային կազմակերպումը վերաբերում է միջամտության տարբեր մեթոդներին, որոնց միջոցով փոփոխությունների մասնագետն օգնում է անհատներից, խմբերից կամ կազմակերպություններից բաղկացած համայնքային գործողությունների համակարգին մասնակցել պլանավորված հավաքական գործողություններին՝ ժողովրդավարական արժեքային համակարգի շրջանակներում հատուկ խնդիրներ լուծելու համար»։

Համանման տերմինների համեմատություն

խմբագրել

Համայնքային կազմակերպումը և համայնքային զարգացումը փոխկապակցված են, և երկուսն էլ իրենց արմատներն ունեն տվյալ համայնքի սոցիալական պրակտիկայում[9]։ Համայնքային զարգացման նպատակներին հասնելու համար օգտագործվում է համայնքային կազմակերպման մեթոդը։ Ըստ ՄԱԿ-ի՝ համայնքային զարգացումը վերաբերում է զարգացող երկրների ընդհանուր զարգացմանը՝ ներառյալ տնտեսական, ֆիզիակական և սոցիալական ասպեկտները։ Ընդհանուր զարգացման հասնելու համար կիրառվում է համայնքային կազմակերպումը։ Համայնքային զարգացման մեջ կարևոր են համարվում այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ ժողովրդավարական ընթացակարգերը, կամավոր համագործակցությունը, ինքնօգնությունը, առաջնորդության զարգացումը, իրազեկությունը և զգոնությունը։ Նույն գործոնները կարևոր են համարվում նաև համայնքային կազմակերպման դեպքում[10]։

Պատմություն

խմբագրել

Մարդկանց ոչ ֆորմալ միավորումները, որոնք կենտրոնացած էին ընդհանուր բարիքի վրա, գոյություն են ունեցել հասարակությունների մեծ մասում։ Հասարակական բարեգործական կազմակերպությունների նախատիպերը գոյություն են ունեցել դեռևս Եղիսաբեթ I թագուհու ժամանակաշրջանի Անգլիայում՝ աղքատության սուր խնդիրը վերացնելու համար։ Այդ ժամանակաշրջանում Անգլիայում մեծ թիվ էին կազմում մուրացկանները։ 1601 թվականին ընդունվեց «Աղքատներին օգնելու մասին» օրինագիծը, որն ընդունվել էր կարիքավորներին օգնություն տրամադրելու համար։ Լոնդոնի բարեգործական օգնության և աղքատության դեմ պայքարի կազմակերպությունը և Համայնքային տների շարժումն Անգլիայում ի հայտ եկան 1800-ական թվականների վերջին։

Համայնքային կազմակերպման այս մոդելն սկսվեց կիրառվել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1880 թվականին ստեղծվեց բարեգործական մի կազմակերպություն՝ բարեգործության և օգնության ոլորտներում ռացիոնալ կարգուկանոն հաստատելու համար։ Առաջին համաքաղաքային Բարեգործական կազմակերպությունների միությունը հիմնադրվել է 1877 թվականին ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։ Անգլիացի քահանա Ս․ Հ․ Գուրթինը, որը 1873 թվականին տեղափոխվել էր Բուֆֆալո, միջոցներ է հատկացրել Ամերիկայի ավելի քան 25 քաղաքներում քարոզչական գործունեության համար։ Համայնքային կազմակերպությունների ամերիկյան ասոցիացիան ձևավորվել է 1918 թվականին՝ որպես հասարակական կազմակերպությունների և խորհուրդների հարցերով ազգային գործակալություն, իսկ ավելի ուշ հայտնի դարձել «Ամերիկայի համայնքային կազմակերպություններ և խորհուրդներ» անվամբ (CCC)։ Ցինցինատիի հանրային առողջության ֆեդերացիան, որը հիմադրվել է 1917 թվականին, առաջին անկախ առողջապահական խորհուրդն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

1946 թվականին Բուֆալլոյում տեղի ունեցած Սոցիալական աշխատանքի ազգային կոնֆերանսի ժամանակ կազմակերպվեց Համայնքային կազմակերպությունների ուսումնասիրության ասոցիացիան։ Վերջինիս հիմնական նպատակը սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագիտական պրակտիկայի կատարելագործումն էր։ 1955 թվականին ասոցիացիան միավորվեց վեց այլ մասնագիտական կազմակերպությունների հետ՝ ձևավորելով Սոցիալական աշխատողների ազգային ասոցիացիան։ Համայնքային տների շարժումը համայնքային կազմակերպությունների՝ պատմական առումով նշանակալից օրինակներից է, որը ներգրավված է ինչպես կազմակերպման, այնպես էլ համայնքի զարգացման հարցերում։ 20-րդ դարի սկզբին մարդիկ հիմնականում բնակվում ու սոցիալական աջակցության կենտրոններ էին կառուցում ԱՄՆ արևելյան հատվածում և Միջին Արևմուտքի արդյունաբերական քաղաքներում։ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում գտնվող Ջեյն Ադամսի տունը դրա ուշագրավ օրինակներից էր։ Դրանք հիմնականում ստեղծվել էին բանվոր դասակարգի բնակության վայրերում միջնակարգ կրթություն ստացած քաղաքացիների՝ համալսարանական կրթություն ստացած երեխաների կողմից, որոնք մտահոգված էին սոցիալական լուրջ խնդիրներով. դրանք հետևանք էին սոցիալական բնակավայրերի շարժման աճող արդյունաբերականացման և ուրբանիզացիայի[11]։ Պատմությունը ցույց է տալիս, որ համայնքային կազմակերպման նորարարական մեթոդներն ի հայտ են եկել ի պատասխան սոցիալական լուրջ խնդիրների լուծման։ Սոցիալական աջակցության այդ կենտրոնների ժամանակաշրջանում սոցիալական խնդիրները ներառում էին մանկական աշխատանքը, բանվոր դասակարգի աղքատությունը և բնակարանային խնդիրները։ Սոցիալական աջակցության կենտրոնների աշխատողները կարծում էին, որ աղքատներին կրթական (անգլերենի դասեր) և սոցիալական ծառայությունների (աշխատանքի տեղավորման աջակցություն, իրավաբանական օգնություն, ժամանացային ծրագրեր, երեխաների խնամքի ծառայություններ) տրամադրումը կվերացնի նրանց և միջին խավի միջև եկամուտների տարբերությունը։ Ծառայությունների ֆինանասավորման մեծ մասն իրականացվել է բարեգործական ռեսուրսների հաշվին։

Ամերիկայում համայնքային զարգացման պատմության մեջ մեկ այլ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ամերիկյան Կարմիր Խաչը և Միավորված ազգերի ծառայությունների կազմակերպությունները (USO) առաջնային նշանակություն ունեին, որոնք պատերազմի ընթացքում հսկայական թվով մարդկանց ներգրավեցին կամավորական գործունեության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համայնքային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը, հոգեկան առողջության պահպանումը, չքավորությունը, լքված ծերացող բնակչությունը, անչափահասների շրջանում հանցավորությունը և այլն։

Բալդոքը 1974 թվականին իր «Համայնքային և սոցիալական աշխատանք» աշխատությունում գրել է, որ Մեծ Բրիտանիայում համայնքային կազմակերպման պատմական զարգացումը բաժանվում է 4 փուլերի՝

  1. Առաջին փուլ (1880-1920 թվականներ)։ Այս ժամանակահատվածում համայնքային աշխատանքը հիմնականում դիտվում էր որպես սոցիալական աշխատանքի մեթոդ։ Այն դիտարկվում էր որպես գործընթաց, որն օգնում էր մարդկանց ավելի լավ հարմարվել հասարակության մեջ։ Այս ժամանակահատվածում համայնքային աշխատանքը հանդես է եկել որպես կամավոր կազմակերպությունների աշխատանքը համակարգելու հիմնական դերակատար։
  2. Երկրորդ փուլ (1920-1950 թվականներ)։ Այս ժամանակահատվածը նշանավորվել է սոցիալական հարցերի և խնդիրների լուծման նոր ուղիների ի հայտ գալով։ Համայնքային կազմակերպությունը սերտորեն կապված էր կենտրոնական և նահանգային իշխանությունների քաղաքային զարգացման ծրագրերի հետ։ Այս ժամանակահատվածում կարևոր իրադարձություն էր դրա միավորումը հասարակական միավորումների շարժման հետ։
  3. Երրորդ շրջան (1950 թվական և դրանից հետո)։ Այս ժամանակահատվածն ի հայտ եկավ որպես համայնքային գաղափարի արձագանք, որը գաղափարական հենք էր երկրորդ փուլի համար։ Այս ժամանակահատվածի ընթացքում տեղի ունեցավ Սոցիալական աշխատանքի մասնագիտական զարգացումը։ Հասկանալով գոյություն ունեցող համակարգի թերությունները՝ սա այն ժամանակաշրջանն էր, երբ սոցիալական աշխատողները ձգտում էին ձեռքբերել մասնագիտական ինքնություն։
  4. Չորորդ շրջան։ Ներկայումս շարունակվող ժամանակահատված, որը նշանավորվեց գործողություններին համայնքի զգալի մասնակցությամբ։ Սա կասակածի տակ դրեց համայնքային և սոցիալական աշխատանքների միջև առկա փոխհարաբերությունները։ Այսպիսով, սա դիտվում էր որպես արմատական, սոցիալական շարժման ժամանակաշրջան, և մենք կարող էինք տեսնել համայնքի խնդիրները իշխանության հետ։ Սոցիալական աշխատողների ասոցիացիան և համայնքն այս ժամանակահատվածում դարձան ոչ պրոֆեսիոնալ։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ կոնֆլիկտային ռազմավարությունները ներդրվեցին համայնքային աշխատանքի մեջ։

Կատեգորիաներ

խմբագրել

Ընդհանուր առմամբ, համայնքային կազմակերպումը բաժանվում է հետևյալ կատեգորիաների՝ համայնքային ծառայություն և գործունեություն, առողջապահություն, կրթություն, անձնային աճ և կատարելագործում, անապահովների համար սոցիալական բարեկեցություն և ինքնօգնություն[12]։

Կոնկրետ բնակավայրի սահմաններում գործող համայնքային կազմակերպություններն առողջապահության, կրթության, անձնային աճի և կատարելագործման, անապահովների համար սոցիալական բարեկեցության և ինքնօգնության ոլորտներում տվյալ բնակավայրի բնակիչներին մատուցում են համայնքային կոնկրետ ծառայություններ և գործողություններ։ Դրանց կայունությունը դառնում է ավելի առողջ և հնարավոր, քանի որ համայնքն ուղղակիորեն ներգրավված է գործողությունների մեջ, որտեղ դրամական և ոչ դրամական աջակցություն կամ ներդրում կա։ Սիրողական մարզական ակումբները, դպրոցական, եկեղեցական, երիտասարդական և համայնքային աջակցության խմբերը համայքային միավորումների տիպիկ օրինակներ են[13]։

Զարգացող երկրներում (ինչպես օրինակ՝ Հայաստանում) համայնքային կազմակերպությունները հաճախ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են համայնքի ամրապնդման վրա՝ ներառյալ համայնքի զարգացման, մարդու իրավունքների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածության բարձրացման, բնապահպանական, առողջապահական, սոցիալական, երեխաներին աջակցության, ջրի և հիգիենայի ապահովման, ինչպես նաև տնտեսական խնդիրների վրա[14]։ Որոշ դեպքերում էլ համայնքային կազմակերպությունները կարող են զբաղվել նաև քաղաքական թեմաներով։ Այս պրակտիկան հատկապես բնորոշ է այն երկրներին, որտեղ կան էթնիկ բնույթի խնդիրներ[15]։

Մոդելներ

խմբագրել
 
«Ջանադեշ 2007»՝ Հնդկաստանում հողային իրավունքների համար սոցիալական գործողությունների շարժում։

1970 թվականին Ջեք Ռոթմանը ձևակերպեց համայնքային կազմակերպման երեք հիմնական մոդելները[16]։

  • Համայնքի զարգացում, համայնքային կազմակերպությունների հետ աշխատանքի մեթոդ։ Ի սկզբանե օգտագործվել է Մեծ Բրիտանիայում «Համայնքային տների շարժման» ժամանակ։ Դա հիմնականում ուղղված էր համայնքի կառուցման և հզորացման վրա։ Առաջնորդության հմտությունների զարգացումը, փոխօգնությունը և հանրակրթությունը համարվում էին մասնակցության այս գործընթացի կարևոր բաղադրիչները։ Համայնքի զարգացումն ուղղված է որոշակի տարածքում բնակչության թիրախային խմբերի կարիքների բավարարմանը (օրինակ՝ միկրոշրջանի, բնակելի թաղամասի, բազմաբնակարան շենքի, դպրոցի և այլն)։
  • Սոցիալական պլանավորում, թվաքանակով մեծ բնակչության հետ աշխատանքի մեթոդ[17]։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է սոցիալական ապահովության կարիքների գնահատման և կոնկրետ ոլորտում առկա ծառայությունների վրա, ինչպես նաև սոցիալական խնդիրների առավել արդյունավետ լուծման համար հնարավոր տարբերակների պլանավորման վրա։ Սա արձագանքման մոդել է, որը հաշվի է առնում համայնքի կարիքներն ու վերաբերմունքը, այդ թվում՝ բնակարանային հարցերը, բժշկական ապահովագրությունը, հասանելի կրթությունը և այլն։
  • Սոցիալական գործողություն, ռազմավարություն, որն օգտագործվում է խմբերի, ենթահամայնքների կամ նույնիսկ ազգային կազմակերպությունների կողմից, որոնք կարծում են, որ չունեն բավարար ուժ և ռեսուրսներ՝ իրենց կարիքների բավարարման համար։ Դրանք հակադրվում են իշխանության գերիշխող կառուցվածքին՝ կոնֆլիկտն օգտագործելով որպես անհավասարության և զրկանքների հետ կապված խնդիրների լուծման մեթոդ։ Օրինակ՝ սոցիալական քաղաքականության կառուցվածքային համակարգերի փոփոխությունները, որոնք սոցիալ-տնտեսական տարբեր պայմաններ ունեցող մարդկանց միջև հանգեցնում են սոցիալական իրավունքների անհավասարությունների, ինչպիսիք են կրթական քաղաքականությունը, զբաղվածության քաղաքականությունը և այլն։

1990-ական թվականների վերջերին Ռոթմանը վերանայեց համայնքային կազմակերպման երեք տիպերը՝ համայնքի զարգացում, սոցիալական պլանավորում և սոցիալական գործողություն ու եկավ այն եզրահանգման, որ դրանք բացարձակ ճկուն չեն, քանի որ «համայնքային գործընթացները դարձել են ավելի բարդ և բազմազան, իսկ խնդիրներին պետք է մոտենալ այլ կերպ, առավել նուրբ ու մեծ խորաթափանցությամբ»[17]։ Դա նպաստեց մոդելների առավել լայն ընկալմանը՝ այն դիտարկելով որպես ավելի ընդարձակ, մանրակրկիտ, իրավիճակային և փոխկապակցված։ Ռոթմանի կարծիքով՝ տիպերի վերասահմանումը՝ որպես փոխկապակցված և փոխլրացնող, ցանկացած պրոֆիլի մասնագետներին տալիս է միջամտության բաղադրիչների ընտրության, համադրման և հաջորդականության տարբերակների ավելի լայն շրջանակ[17]։

Ռոթմանի առաջարկած համայնքային կազմակերպման երեք հիմնական մոդելներն ավելի ուշ քննադատության են ենթարկվել և ընդլայնվել։ Ֆեմինիստական ուղղվածության համայնքային կազմակերպությունների հարցերով հետազոտող Շերիլ Հայդը քննադատել է Ռոթմանի այս մոտեցումը։ Նա պնդում էր, որ դա չի կարող դուրս գալ կոշտ կազմակերպչական կատեգորիաներից, քանի որ այն չի ներառում այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են գաղափարախոսությունը, երկարաժամկետ զարգացումը, համայնքային միջամտությանը հանձնառությունը և սոցիալական շարժումների վերաբերյալ գրականությունից գաղափարները։

Սկզբունքներ

խմբագրել

Սկզբունքներն արժեքային դատողությունների արտահայտումն են։ Դրանք ողջամիտ պրակտիկայի համար ընդհանուր ուղեցույցներ են։ 1958 թվականին Արթուր Դանհեմը ձևակերպեց համայնքային կազմակերպման 28 սկզբունքներն ու դրանք դասակարգեց 7 խմբերի։ Դրանք են՝

  1. Ժողովրդավարություն և սոցիալական բարեկեցություն,
  2. Համայնքային ծրագրերի իրագործման համար համայնքի աջակցություն,
  3. Քաղաքացիների ըմբռնում, աջակցություն և մասնակցություն, ինչպես նաև մասնագիտական ծառայություններ,
  4. Համագործակցություն,
  5. Սոցիալական աջակցության ծրագրեր,
  6. Սոցիալական աջակցության ծառայությունների համապատասխանություն, բաշխում և կազմակերպում,
  7. Կանխարգելում։

1997 թվականին Հնդկաստանում Սիդդիկին մշակեց սկզբունքների մի խումբ, որը հիմնված էր բնիկ ժողովուրդների համայնքային կազմակերպման պրակտիկայի վրա՝

  1. Օբյեկտիվ շարժում,
  2. Հատուկ պլանավորում,
  3. Մարդկանց ակտիվ մասնակցություն,
  4. Միջխմբային մոտեցում,
  5. Ժողովրդավարական գործունեություն/գործարկում,
  6. Ճկուն կազմակերպում,
  7. Հասանելի ռեսուրսների կիրառում,
  8. Մշակութային կողմնորոշում։

Գլոբալիզացիայի ազդեցություն

խմբագրել

Գլոբալիզացիան հիմնովին փոխում է աշխատանքի, կազմակերպությունների և համայնքի գործունեության դաշտերը։ Գլոբալիզացիայի հետևանքով առաջացած մարտահրավերներից շատերը կապված են տեղական համայնքներից և շրջաններից ներդրումների դուրսբեման և աշխատանքային տարածքի փոփոխության հետ։ Հետարդյունաբերականացմանն անցման հետ մեկտեղ համայնքային կազմակերպությունների համար աճում են ինչպես մարտահրավերները, այնպես էլ՝ հնարավորությունները։ Մի շարք գիտնականներ, ինչպես օրինակ Գրեյս լի Բոգսը և Գար Ալպերովիցը, հայտնի են փոփոխվող համատեքստում համայնքային կազմակերպման իրենց տեսլականով։ Այս հասկացության հիմքում ընկած է այն գիտակցումը, որ «համայնքները» գոյություն ունեն տեղական, ազգային և գլոբալ ազդեցությունների համատեքստում։ Այս և մյուս գիտնականներն ընդգծում են համայնքային կազմակերպման միջոցով սոցիալական, տնտեսական և քաղաքական նոր համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես փոփոխվող տիրույթում համայնքային բարեկեցությունը վերականգնելու միջոց։ Համանման հասկացություններ են տեսլականի ձևակերպումը, համայնքային բարեկեցության նախագծերը, աշխատակիցներին պատկանող ընկերությունները, օժանդակ հաստատությունները և դաշտային ուսուցումը[18][19]։

Գլոբալիզացիայի դարաշրջանում համայնքային փոքր կազմակերպությունները սովորաբար ապավինում են տվյալ համայնքի անդամների նվիրատվություններին (դրամական և նյութական այլ միջոցներով), դրամաշնորհներին ու տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի կողմից հատկացումներին։ Օրինակ՝ Կանադայում համայնքային կազմակերպությունների 40%-ից մի փոքր ավելին ունեցել է 30,000 կանադական դոլարից պակաս եկամուտ։ Այս կազմակերպությունները ձգտում են իրենց հարցերը լուծել կապերի միջոցով և իրենց գործունեության թիրախում մարդն է։ Կանադայում, անկախ չափերից, համայնքային կազմակերպություններն ապավինում են կառավարության ֆինանսավորմանը (49%), ստացած եկամուտներին (35%), ինչպես նաև նվերներին, նվիրատվություններին և այլն (13%)[13]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Shepard, Benjamin (2005). «Play, Creativity, and the New Community Organizing». Journal of Progressive Human Services. 16 (2): 47–69. doi:10.1300/J059v16n02_04. S2CID 154092742.
  2. «Our Model for Community Change and Improvement». Community Tool Box. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  3. «NGOs and the New Democracy». Harvard International Review. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
  4. The revolution will not be funded : beyond the non-profit industrial complex. INCITE!. Durham. 2017 թ․ փետրվարի 3. ISBN 9780822363804. OCLC 952647449.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  5. The community, New York, Association Press 1921, pp. 139, 173
  6. National conference of social work, Denver, 1925, Chicago : University of Chicago Press 1925, p. 682.
  7. Community organization in Social work, S.W.Y.B. 1947, N.Y.R.S. Foundation, 1947, p. 110
  8. Community organisation for social welfare, S.W.Y.B. 1954, Y.N. A.A.S.W. 1954, p. 21
  9. Addams, Jane (1910). Twenty Years at Hull-House. Macmillan.
  10. Fink E. Arthur, 1978
  11. «A Way of Thinking about the History of Community Organizing». Trinity College. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  12. «Community-Based Organization Descriptions». Texas A&M University. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  13. 13,0 13,1 «Cornerstones of Community: Summary of findings from the National Survey of Nonprofit and Voluntary Organizations». Statistics Canada. 2005 թ․ հունիսի 30. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  14. «UN AIDS and nongovernmental organizations» (PDF). Joint United Nations Programme on HIV and AIDS. 1999 թ․ հունիս.
  15. «Achievements of an Adivasi self-help organisation in India».
  16. Jerry D. Stockdale. «Community Organization Practice: An Elaboration of Rothman's Typology». The Journal of Sociology & Social Welfare. 3 (5 May).
  17. 17,0 17,1 17,2 Rothman, Jack (1996 թ․ դեկտեմբերի 16). «The Interweaving of Community Intervention Approaches». Journal of Community Practice. 3 (3–4): 69–99. doi:10.1300/j125v03n03_03. ISSN 1070-5422.
  18. «What Then Must We Do». Chelsea Green Publishing. 2015 թ․ փետրվար.
  19. «The Next American Revolution». University of California Press. 2015 թ․ փետրվար.

Գրականություն

խմբագրել
  • Cox, F.M. et al. (Ed). (1987): Strategies of Community Organization: A book of Readings, 4th ed. Itasca, 12, FE Peacock.
  • J. Phillip Thompson (2005). Seeking Effective Power: Why Mayors Need Community Organizations. Perspectives on Politics, 3, pp 301–308.
  • Jack Rothman (2008). Strategies of Community Intervention. Eddie Bowers Publishing Co.
  • Siddiqui, H.Y. (1997). "Working with Communities". Hira Publications, New Delhi.
  • Hardcastle, D. & Powers, P. (2011). Community practice: Theories and skills for social workers. Oxford University Press. New York.
  • Ledwith, M. (2005), Community Development
  • Murray G. Ross (1955). Community Organization. Harper and Row Publishers. New York.
  • Herbert J. Ruhim and Irene S. Ruhim 2001, Community organising and development, Allyn and Bacon, Massachusetts.
  • Roger Hadlye, Mike Cooper, 1987, A Community social worker's handbook, Tavistock publication, London.
  • Michael Jacoby Brown (2007). Building Powerful Community Organizations. Long Haul Press.
  • Harper E.B. and Dunham, Arthur (1959), Community Organisation in Action, Association Press, New York.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համայնքային կազմակերպում» հոդվածին։