Համայնք (ավանդական)

ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք

Նահապետական համայնք, հասարակական կազմակերպության ձև։ Նախնական տեսակն արյունակցական կապի վրա հիմնված տոհմական համայնքն էր, որը հատուկ էր նախնադարյան համայնական հասարակարգին։ Մասնավոր սեփականության սաղմնավորման և նախնադարյան հասարակարգի քայքայման պայմաններում ձևավորվել է նահապետական, ընտանեկան մեծ համայնքը (մեկ հորից սերող մերձավոր ազգականների երեք-չորս սերունդ՝ իրենց ընտանիքներով)։ Մինչկապիտալիստական դասակարգային հաստատություններում տիրապետող էր տնտեսական կապերի վրա հիմնված տարածքային գյուղական (հարևանային) համայնքը, որը վերացվել է կապիտալիզմի ժամանակաշրջանում։

Հայկական լեռնաշխարհում խմբագրել

Հայկական լեռնաշխարհում ուշ քարի դարի շեմին առաջացել է մայրական տոհմական համայնք, որին բրոնզի դարի սկզբին փոխարինել է նահապետական հայրիշխանական մեծ համայնքը։ Ուշ բրոնզի դարաշրջանում առաջացած գույքային անհավասարության, դասակարգերի ձևավորման պայմաններում հայրիշխանական համայնքին փոխարինել է գյուղական, հարևանային համայնքը։ Բնատնտեսության պայմաններում համայնքն ինքնաբավ տնտեսական միավոր էր, որի գոյությունը հայկական պետությանը ապահովում էր բնակչության հարկումը համերաշխիքի սկզբունքով։ Համայնքը կարգավորում էր հողային հարաբերությունները, հողատերերի, պետության հետ շինականների ունեցած կապերը։ Համայնքի հողերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր անդամների միջև՝ ըստ շնչաքանակի («հող երդոյ»), իսկ մի մասը մնում էր ընդհանուր օգտագործման համար (արոտավայրեր, անտառակներ, լճեր, խոտհարքներ ևն)։ Համայնքը ղեկավարել է ընդհանուր ժողովը և նրա ընտրած գեղջավագը (տանուտերը)։ Գյուղական համայնքների մեծ մասի բնակչությունն ավատատիրական կախման մեջ էր, բայց անձնապես՝ ազատ, պետությանը և եկեղեցուն վճարել է հարկ, իսկ հողատերերին՝ հողային ռենտա։ Ազատ համայնքների բնակչությունը վճարել է հարկ միայն պետությանը և եկեղեցուն, կատարել պետական պարհակներ։ Հայաստանում օտար տիրապետությունների ժամանակաշրջանում համայնքը եղել է հայ ժողովրդի գոյապահպանման հզոր միջոց։ Օտարները համայնքը հանդուրժել են իբրև ժողովրդին համապարտ սկզբունքով հարկելու միջոց։ Ուշ միջնադարում և նոր ժամանակներում, չնայած Հայաստանի տարանջատվածությանը, հայկական համայնքների կյանքն ընթացել է նույն օրինաչափություններով։ Խորացել է ունեցվածքային շերտավորումը։ 1870-ի գյուղացիական ռեֆորմով Արևելյան Հայաստանում վերացվել է համայնքային հողատիրությունը, և հաստատվել հողօգտագործման նոր ձև՝ ծխական-ժառանգականը։ Համայնքային օգտագործման համար մնացել են միայն արոտներն ու խոտհարքները։ Խորհրդային Հայաստանում առաջին տասնամյակներին պահպանվում էին հայկական համայնքների ավանդույթները, սակայն գյուղատնտեսության կոլեկտիվացման հետևանքով համայնքները վերացել են։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 100