Հաագայի կոնֆերանս (1922), միջազգային ֆինանսա-տնտեսական կոնֆերանս, տեղի է ունեցել Հաագայում (Նիդերլանդներ), հունիսի 15-ից հուլիսի 19-ը, Ջենովայի կոնֆերանսի որոշմամբ։ Մասնակցում էին Ջենովայի կոնֆերանսի մասնակից պետությունները, բացի Գերմանիայից։ Խորհրդային պատվիրակությունը գլխավորում էր Մ. Լիտվինովը։ Հաագայի կոնֆերանսը պետք է քննարկեր խորհրդային պետությանը ներկայացված կապիտալիստական երկրների պահանջները՝ օտարերկրյա կապիտալիստների սեփականության ազգայնացման և Ռուսաստանի ցարական ու ժամանակավոր կառավարությունների պարտքերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, ինչպես նաև Խորհրդայի Ռուսաստանին վարկեր տրամադրելու հարցերը։ Կապիտալիստական երկրների ներկայացուցիչների ազգայնացված ունեցվածքը նախկին սեփականատերերին վերադարձնելու պահանջին խորհրդային կառավարությունը պատրաստակամություն հայտնեց օտարերկրյա կապիտալիստներին կոնցեսիաներ տրամադրել իրենց նախկին մի շարք ձեռնարկություններում, սակայն արևմտյան պատվիրակները մերժեցին։ Երկուստեք անհամաձայնության պայմաններում կոնֆերանսն ավարտվեց՝ չկայացնելով որևէ որոշում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 39