ՀՀ օդի խոնավություն և մթնոլորտային տեղումներ

Օդի խոնավությունը և մթնոլորտային տեղումները։ Օդի խոնավությունը բնութագրվում է բացարձակ և հարաբերական խոնավություններով, ջրի գոլորշիների առաձգականությամբ, խոնավության պակասուրդով, հագեցման առաձգականությամբ, տեսակարար խոնավությամբ, ցողի կետով։ Բացարձակ խոնավության բարձր արժեքները դիտվում են ամռանը, Հայաստանի հյուսիս-արևելքում՝ հուլիսին՝ հասնելով 16-17 մբ-ի, իսկ նվազագույնը՝ հունվարին, բարձրլեռնային գոտում՝ մոտ 2 մբ-ի։ Հարաբերերական խոնավությունը տարվա տաք կեսին նվազում է՝ օգոստոս-սեպտեմբերին հասնելով նվազագույնի (32-45 %)։ Առավելագույնը դիտվում է ձմռանը բարձրլեռնային գոտում (80-90 %)։ Խոնավության պակասուրդի նվազագույնը լինում է ձմռանը՝ 1,5 մբ, առավելագույնը՝ ամռանը՝ 22,6 մբ։ Ջրի գոլորշիների առաձգականության նվազագույն արժեքները Հայաստանում դիտվում են հունվար-փետրվար ամիսներին, առավելագույնը՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Հյուսիս-արևելքում և Լոռի-Փամբակում ջրի գոլորշիների առաձգականությունը հունվարին 3,5-4,5 մբ է, հուլիսին՝ 16-17 մբ, Շիրակում, Սևանա լճի ավազանում, Զանգեզուրում՝ համապատասխանաբար՝ 2,5-3 և 11,5-13 մբ, Արարատյան դաշտում՝ 3,5-4 և 13,5-15,5 մբ, Արագած բլրակում՝ 1,9 և 7,4 մբ։

Լեռնային ռելիեֆ խմբագրել

Լեռնային ռելիեֆով և դրա ձևերի դիրքադրությամբ է պայմանավորված տեղի օդային ջերմափոխանակությունը (կոնվեկցիա), որի հետևանքով հողմահայաց լեռնալանջերին մթնոլորտային տեղումները շատ են, փակ գոգավորություններում ու սարահարթերում՝ ավելի քիչ։ Տարեկան մթնոլորտային տեղումների միջին նվազագույն քանակը (200-250 մմ) լինում է Արարատյան գոգավորության և Մեղրիի շրջանի՝ մինչև 1000 մ բարձրություններում, մյուս շրջաններում՝ նույն բարձրություններում՝ 500-600 մմ, Արարատյան գոգավորության նախալեռներում և Շիրակում՝ մինչև 1500 մ բարձրություններում՝ 400-450 մմ, մյուս շրջաններում՝ 600-650 մմ, Սևանա լճի ափերին և Շիրակում՝ 1500-2000 մ բարձրություներում՝ 400-500 մմ, մյուս շրջաններում՝ 500-700 մմ, առավելագույնը բարձրլեռնային գոտում՝ 990-1065 մմ։

Մթնոլորտային տեղումներ խմբագրել

Մթնոլորտային տեղումների 1-ին ամենացածր արժեքը նկատվում է օգոստոսի կամ սեպտեմբերի սկզբին, իսկ 2-րդը, որն արտահայտված է ոչ այնքան ցայտուն՝ ձմռան ամիսներին։ Մթնոլորտային տեղումների առավելագույն քանակը Հայաստանում պայմանավորված է մթնոլորտային ճակատների անցման հաճախության մեծացումով և կոնվեկտիվ հոսանքների ուժեղացումով, նվազագույնը՝ հարավից եկող տաք օդային զանգվածների մեծացմամբ։ Ըստ բարձրության՝ ավելանում է մթնոլորտային տեղումներով օրերի թիվը. Արարատյան դաշտում՝ 80, Թալինում՝ 113, Գառնահովտում՝ 130, Ապարանում և Սևանում՝ 136, Արագած բլրակում՝ 179 օր։ Ձնածածկույթի հաստությունը ցածրադիր վայրերում 10-20 սմ է, բարձրադիրում՝ ավելի քան 2 մ, ձնածածկույթով օրերի թիվը՝ համապատասխանաբար՝ 70 և 270 օր։ Ամռանը տեղ-տեղ պահպանվում են ձյան մշտական բծեր, Արագածի վրա՝ նաև փոքր սառցադաշտեր։ Հայաստանի տարածքում բավականաչափ զգալի են մառախուղը, ձնաբուքը, ամպրոպը և կարկուտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։