Բացել գլխավոր ցանկը
Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան

Թեթև արդյունաբերություն

Հայաստանում 19-րդ դարում արդեն ձևավորված էին գորգագործությունը, կաշեգործությունը, բամբակամանվածքային արտադրությունը, մանածագործությունը, մետաքսագործությունը, կոշկակարությունը և այլն։ Ոլորտն արագ զարգացել է Խորհրդային Հայաստանում, ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), թողարկել սպառման առարկաների ընդհանուր ծավալի մոտ 60 %-ը։ Համախառն արտադրանքի ծավալով 2-րդն էր մեքենաշինությունից հետո (1990)։ Ներկայումս ՀՀ թեթև արդյունաբերության ճյուղը (Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և այլուր) արտադրում է բամբակե և բրդե մանվածք, բամբակե և բրդե գործվածք, գորգերի, տրիկոտաժի, գուլպայի, տեքստիլ և կարի արտադրանք, գեղարվեստական իրեր, կոշիկ, վերամշակում են բնական կաշի և մորթի։ Ճյուղի առաջատարներն են Վանաձորի «Բ. Դարբինյան» ՍՊ, Երևանի «Արագած», «Քանաքեռ» կարի, Գյումրիի «Արշալույս» և «Տոսպ» ԲԲ ընկերությունները, որոնք հիմնականում աշխատում են արտասահմյան պատվերներով։

Գորգերի արդյունաբերությունԽմբագրել

Գորգերի արտադրությունը Հայաստանում ավանդական ճյուղ է։ Հայկական գորգերը հռչակված են եղել դեռևս հին և հատկապես միջին դարերում։ Գորգեղենի արտադրությամբ հանրապետությունում զբաղվում է 7 ձեռնարկություն, որոնցից «Թուֆենկյան Օրանս Կավկազուս» և «Մեգերյան կարպետ» ընկերություններն արտադրում են ձեռագործ, «Արմեն կարպետը»՝ մեքենայացված և ձեռագործ, Իջևանի «Ջրաշողը»՝ մեքենայացված գորգեր։

«Մեգերյան Բրադերս» ընկերությունը (1917 թ.-ից, մասնաճյուղերը գործում են շուրջ 10 երկրում) 1999 թ.-ին սեփականաշնորհել է «Հայ գորգ» միավորումը, որը հանրապետությունում ուներ 22 մասնաճյուղ՝ 1500 աշխատողով։

«Մեգերյան կարպետը» տարեկան արտադրել է մոտ 15 հազար մ2 գորգ, սակայն 2007 թ.-ից այդ ծավալը կրճատվել է շուրջ 7 հազար մ2-ով։ Արտադրանքի 80%-ն արտահանվում է ԱՄՆ, 20%-ը՝ Եվրոպա։

Հարուստ ավանդույթներ ունի կաշվի-կոշիկի արտադրությունը։ 1988 թ.-ին արտադրվել է մոտ 20 միլիոն զույգ կոշիկ, ներկայումս՝ մի քանի տասնյակ հազար։

2009 թ.-ին թեթև արդյունաբերության ոլորտի ընդհանուր արտադրանքը կազմել է 8,2 միլիարդ դրամ։ Արտահանվել է 4,4 միլիարդ դրամի արտադրանք, այդ թվում՝ ԱՊՀ երկրներ՝ 380 մլն-ի, իսկ մնացածի մեծ մասը՝ Եվրոպա, ԱՄՆ, Կանադա։

Ներկայումս Հայաստանում գրանցված է թեթև արդյունաբերության շուրջ 130 ընկերություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։