Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Կրեկինգ (անգլ.՝ cracking, < crack - ճեղքել, քայքայել), նավթի և նավթանյութերի մշակում գլխավորապես շարժիչների վառելանյութ և քիմիական հումք ստանալու համար, որն ընթանում է ծանր ածխաջրածինների ճեղքմամբ (տրոհմամբ)։ Բացի այդ, կրեկինգի ժամանակ տեղի է ունենում իզոմերացում և նոր մոլեկուլների առաջացում՝ ցիկլացման, պոլիմերացման կամ կոնդեսացման հետևանքով։ Կրեկինգ կարող է իրականացվել որպես զուտ ջերմային պրոցես՝ ջերմային (թերմիկ) և կատալիզատորների առկայությամբ՝ կատալիտիկ կրեկինգ։ Ջերմային կրեկինգի դեպքում ճեղքման ռեակցիաները սովորաբար շղթայական են և ընթանում են ազատ ռադիկալային մեխանիզմով։ Բարձր ճնշման ջերմային կրեկինգ իրականացնում են 470-540°C-ում, 40-60 մթն ճնշման տակ։ Այդ եղանակով ստացված բենզինը (օկտանային թիվը՝ 60-70) չհագեցած շատ ածխաջրածիններ պարունակելու պատճառով անկայուն է, դրա համար այն լրացուցիչ մշակում են ռիֆորմինգի միջոցով։ Ցածր ճնշման ջերմային կրեկինգ, որն իրականացվում է 500-600 °C-ում մի քանի մթն ճնշման տակ, կոչվում է նաև կոքսացում և օգտագործվում է ծանր նավթանյութերից (օրինակ, հանքաձյութից) ավելի թեթև ածխաջրածիններ (ելքը՝ 60-70%) և կոքս (20%) ստանալու համար։ Ցածր ճնշման բարձրջերմաստիճանային (650-750°C) կրեկինգ, որը կոչվում է նաև պիրոլիզ, իրականացնում են մոտավորապես մթնոլորտային ճնշման տակ։ Այդ եղանակով մնացորդային ծանր նավթահումքը մշակելիս ստանում են գազերի խառնուրդ (պարունակում է մինչև 50% չհագեցած ածխաջրածիններ՝ էթիլեն, պրոպիլեն և այլն) և արոմատիկ ածխաջրածիններ, որոնք հումք են քիմիական արդյունաբերության համար։ Ջերմային կրեկինգ իրականացնում են խողովակավոր վառարաններում կամ շրջանառող պինդ ջերմակիր ունեցող ռեակտորներում։ Կատալիտիկ կրեկինգ կիրառվում է մինչև 85 օկտանային թիվ ունեցող բարձրորակ բենզին ստանալու համար։ Ստացվում է նաև կերոսինագազոյլային ֆրակցիա, որը ծառայում է որպես դիզելային կամ հրթիռային վառելանյութ։ Պրոցեսն իրականացնում են 450-520 °C-ում, 2-3 մթն ճնշման տակ, անշարժ կամ անընդհատ շրջանառող կատալիզատորով աշտարակներում։ Որպես կատալիզատոր օգտագործում են սինթետիկ կամ բնական ալյումասիլիկատներ (ակտիվացրած կավեր)։ Կատալիտիկ կրեկինգի դեպքում ճեղքումն անհամեմատ արագ է ընթանում, քան ջերմայինի դեպքում։ Բացի այդ, իզոմերացման հետևանքով առաջանում են հագեցած ածխաջրածիններ։ Արդյունքում թեթև նյութերը շատ են, քան ջերմային կրեկինգի դեպքում, իսկ ստացված բենզինը պարունակում է քիչ թվով չհագեցած ածխաջրածիններ և շատ՝ իզոպարաֆիններ, որոնցով պայմանավորված է դրա բարձր որակը։ Կատալիտիկ կրեկինգի հումքը գազոյլն է, որից ստանում են 30-40% բենզին (մինչև 50% իզոպարաֆինների պարունակությամբ), 45-55% կատալիտիկ գազոյլ, 10-20% գազ (այդ թվում՝ 6-9% բուտան-բուտիլենային ֆրակցիան), 3-6% կոքս։ Մեծ քանակությամբ խեժանման նյութեր և ծծումբ պարունակող նավթաթորման միջին և ծանր ֆրակցիաները ջրածնի առկայությամբ ենթարկվում են կատալիտիկ կրեկինգի՝ հիդրոկրեկինգի։ Պրոցեսն իրականացնում են 350-450°C-ում, 30-140 մթն ճնշման տակ՝ 1մ³ հումքի վրա ծախսելով 170-350 մ³ ջրածին։ Որպես կատալիզատոր կիրառում են ալումասիլիկատների վրա նստեցված մոլիբդենի և նիկելիօքսիդներ կամ սուլֆիդներ, կոբալտի մոլիբդատ և այլն։ Որպես քիմիական հումք օգտագործվող չհագեցած ածխաջրածիններն ստանում են ջրային գոլորշիներով կրեկինգի միջոցով։ Ելանյութ են ծառայում նավթահումքի տարբեր տեսակները՝ նավթամշակման գազերից մինչև նավթաթորման մնացորդները։ Պրոցեսը տարվում է 650-800°C-ում կատալիզատորների (նիկելի օքսիդ) առկայությամբ։ Եղանակի առավելությունը ցածր կոքսագոյացումն է և օլեֆինների բարձր ելքը։ Կան նաև կրեկինգ թթվածնի առկայությամբ (օքսիդացման կրեկինգ), էլեկտրակրեկինգ, պլազմային կրեկինգ՝ ացետիլեն և օլեֆիններ ստանալու համար։
Կրեկինգի սարքավորում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 683)։