Կուսածառ սովորական

բույսերի տեսակ

Կուսածառ սովորական (լատին․՝ V. agnus-castus Լ.), աղավնիճազգիներ ընտանիքի, կուսածառ ցեղի բույս։

Կուսածառ սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Լամիածաղկավորներ
Ընտանիք Աղավնիճազգիներ
Ցեղ Կուսածառ
Տեսակ Կուսածառ սովորական
Լատիներեն անվանում
V. agnus-castus Լ.
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : ???

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ փոքր ծառ է՝ մինչև 10 մ բարձրությամբ, որը հաճախ թփանման է աճում։ Ընձյուղները քառանկյուն են, մոխրաթաղիքապատ, սուր բուրմունքով։ Տերևները բարդ են, կազմված 5—7 տերևիկներից, որոնք նշտարաձև են, նեղ նշտարաձև, 5—10 սմ երկարությամբ, ամբողջաեզր կամ նոսր ատամնաեզր, կարճ կոթունավոր, 1,5—5 սմ երկարությամբ ընդհանուր կոթունով։ Ծաղիկները եղրևանագույն են կամ բաց մանուշակագույն, բուրումնավետ, խիտ փնջերով և կեղծ հասկիկներով, 10—18 սմ երկարությամբ, մեծ մասամբ հավաքված հուրաններում։ Բաժակն ունի եռանկյունի, կարճ ատամիկներ։ Պսակի արտաքին կողմը և երախը աղվամազապատ են։ Առէջները և սռնակը դուրս են գալիս պսակի միջից։ Պտուղը գնդաձև է, 0,3—0,4 սմ տրամագծով, սուր հոտով։ Ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր, պտուղները հասունանում են հոկտեմբեր-դեկտեմբերին։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում սպիտակ, երկնագույն-կապույտ և խոշոր ծաղիկներով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արևմտյան Հարավային Կովկասում, Ղրիմի հարավային ափին, Միջին Ասիայի հարավում, Հարավային Եվրոպայում, Արևմտյան Ասիայում։ Աճում է գետերի ու գետակների ափերին, ձորակներում, խոնավ վայրերում, ծովափերին։ Համեմատաբար փարթամ է աճում ավազային և ավազակավային հողերում։ Լավ է դիմանում հողում եղած կրի առատությանը և աղիությանը։ Առանց վնասվելու դիմանում է մինչև 18 °C-ի սառնամանիքներին։ 20—22 °C-ի դեպքում բազմամյա ճյուղերի մի մասը ցրտահարվում է։ 25 °C-ի դեպքում վերերկրյա զանգվածը լրիվ ցրտահարվում է, սակայն հաջորդ տարի առատ շիվեր է տալիս և հենց նույն տարում էլ ծաղկում։ Գյումրիում լրիվ ցրտահարվում է և ոչնչանում։

Կիրառություն խմբագրել

Որպես դեկորատիվ թուփ, որը բարձր է գնահատվում հատկապես ուշ և երկարատև ծաղկման շնորհիվ, պիտանի է մեր հանրապետության ցածրադիր գոտու համար։ Բուրումնավետ բնափայտը օգտագործում են մանր իրեր պատրաստելու համար, իսկ ճյուղերից կողովներ են գործում։ Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները՝ 18—19, 20ա, 25, 28, 32[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 317։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսածառ սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսածառ սովորական» հոդվածին։