Կուսածառ չինական

բույսերի տեսակ

Կուսածառ չինական (լատին․՝ Vitex negundo), աղավնիճազգիներ ընտանիքի, կուսածառ ցեղի բույս։

Կուսածառ չինական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Լամիածաղկավորներ
Ընտանիք Աղավնիճազգիներ
Ցեղ Կուսածառ
Տեսակ Կուսածառ չինական
Լատիներեն անվանում
Vitex negundo
Lineus
Հատուկ պահպանություն

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ, փոքր ծառ է՝ մինչև 5 մ բարձրությամբ, որը երբեմն թփանման տեսք է ունենում։ Ընձյուղները քառակող են։ Տերևները կազմված են 3-5 էլիպսաձվաձև կամ նշտարաձև տերևիկներից, որոնք ունեն 3-10 սմ երկարություն, ամբողջաեզր են կամ սղոցաեզր, ներքևի կողմից՝ մոխրաթաղիքամազմզուկապատ, կոթունավոր, 1,5-5 սմ երկարությամբ ընդհանուր տերևակոթունով։ Ծաղիկները եղրևանեգույն են կամ կապտասպիտակ, հավաքված նոսր փնջերում, որոնք իրենց հերթին կազմում են կեղծ հասկիկներ և այնուհետև՝ ողկույզներ, 12-20 սմ երկարությամբ։ Պսակը 0,5-0,6 սմ երկարություն ունի, առէջները և սռնակը զգալիորեն կարճ են պսակի բլթակներից։ Պտուղը գնդաձև է, մոտ 2 մմ տրամագծով։ Բույսի բոլոր օրգանները բուրումնավետ են։ Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր, պտուղները հասունանում են օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները՝ 9, 18—19, 20ա, 25, 28, 32[1]:

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Չինաստանում և Հնդկաստանում։ Մեր հանրապետության պայմաններում պիտանի է միայն ներքին գոտում, ծովի մակարդակից մինչև 1300 մ բարձրությունների վրա, քանի որ ցրտադիմացկունությամբ աչքի չի ընկնում։ Լավ է աճում Իջևանում, Երևանում։ Երևանում մեղմ, կարճատև ձմեռից հետո չի ցրտահարվում, սակայն ցուրտ և երկարատև ձմեռից հետո ցրտահարվում են ոչ միայն միամյա ու երկամյա, այլ նաև բազմամյա շիվերի մի մասը, ընդ որում հաջորդ սեզոնում բույսը վերականգնվում և առատորեն ծաղկում ու պտղաբերում է։ Վանաձորում խիստ ցրտահարվում է, սակայն չի ոչնչանում։ Դեկորատիվ հատկանիշներով զիջում է նախորդ տեսակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 319։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսածառ չինական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսածառ չինական» հոդվածին։