Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան

«Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան», Քրիստինե Նյոստլինգերի ամենից հայտնի վիպակը, որն առաջին անգամ հրատարակվել է 1975 թ. Գերմանիայում, իսկ հաջորդ տարի՝ նաև Մեծ Բրիտանիայում։ Վիպակը 1984 թ. արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի։ Իր յուրօրինակ անվան, զավեշտալի ու ֆանտաստիկ սյուժեի շնորհիվ՝ այն դարձել է բեսթսելլեր։

Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան
ՀեղինակՔրիստինե Նյոստլինգեր
Ժանրմանկական գրականություն
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1975 թ.

Սյուժե խմբագրել

Վիպակի գործողությունների կիզակետում հիսունն անց մի կին է՝ տիկին Բարտոլոտին, ով հասարակությունից օտարված է իր տարօրինակ արտաքինի և սովորությունների պատճառով։ Տիկին Բարտոլոտին սիրում է գույներ, կարևորում է դրանց դերն իր կյանքում ու ջանք չի խնայում ամեն օր դրանք առատորեն օգտագործելու համար։ Բազմերանգ է նրա շպարը, հագուստը, ինչպես նաև տրամադրությունն ու կայացրած որոշումները։ Տիկին Բարտոլոտին ունի տարօրինակ սովորություններ, որոնցից մեկը անսովոր ու անպետք իրեր պատվիրելն է, որոնց մասին հաճախ մոռանում է, իսկ ստանալուց հետո երբևէ չի էլ օգտագործում։ Ահա այս արտասովոր հակումներն են, որ խթանում են պատմության զարգացմանը։

Ամեն ինչ փոխվում է այն օրը, երբ տիկին Բարտոլոտին մի մեծ ծանրոց է ստանում։ Նա համոզված է, որ կասկածելի մեծ ծանրոցում իր հերթական պատվերներից մեկն է, բայց որքան էլ փորփրում է հիշողությունը, չի մտաբերում, թե ինչ է պատվիրել։ Թուրքական սրճաղացի տեսքով լամպից և բուդդայական աղոթաքարից հետո թվում է՝ նրան ոչինչ չի զարմացնի։ Սակայն ծանրոցը բացելով` նա ներսում գտնում է արծաթափայլ պահածոյի տուփ, իսկ տուփի մեջ՝ մի փոքրիկ տղա։  Սա արտասովոր է նույնիսկ տիկին Բարտոլոտիի համար, ու մինչ նա կմտածեր՝ ինչպես արձագանքել, տղան՝ Կոնրադը, ներկայանում է որպես նրա որդի և իր նրբագեղ ու կիրթ խոսքով գրավում տիկին Բարտոլոտիի համակրանքը։ Տիկին Բարտոլոտին ընդունում է նրան և պարզում, որ մայր լինելը բավականին բարդ է. պետք է լինել պատասխանատու, կազմակերպված ու խոհեմ, այլ կերպ ասած՝ ունենալ այն հատկանիշները, որոնք տիկին Բարտոլոտիին խորթ են ու անտանելի։

Այս հարցում նրան օգնության է հասնում նրա հարևան պարոն Էգոնը, ում հետ տիկին Բարտոլոտին հանդիպում էր շաբաթական երկու անգամ որպես մտերիմ ընկերներ, իսկ շաբաթվա մյուս օրերին ձևացնում էին՝ իբր գրեթե անծանոթ են։ Պարոն Էգոնը, լինելով տիկին Բարտոլոտիի հակապատկերը, բավականին պատասխանատու էր և հիացած էր Կոնրադի կատարյալ վարքագծով։ Դա էր պատճառը, որ նա հայտնեց իր ցանկությունը Կոնրադի հայրը դառնալու։

Որքան արտասովոր բնավորություն ունի տիկին Բարտոլոտին, նույնքան արտասովոր նախապատմություն ունի Կոնրադը։ Նա նման չէ մյուս երեխաներին, քանի որ պատրաստվել է ձեռնարկությունում, անցել է տարբեր դասընթացներ, որոնց արդյունքում քաղաքավարի, խելացի, հնազանդ երեխայի որակավորում է ստացել, տեղավորվել պահածոյի տուփի մեջ ու առաքվել իր մորը։

Թեպետ իդեալական տղայի օրինակ լինելը պետք է շրջապատողների վրա միայն դրական ազդեցություն թողներ, բայց Կոնրադը բազում խնդիրների է բախվում հենց դրա պատճառով։ Նա հասկանում է, որ կյանքն ավելի բազմաշերտ ու հակասական է, և երբեմն հարկավոր է լինել ըմբոստ ու անհնազանդ։ Ինչպես Կոնրադն ինքն է ասում՝ հիշելով ձեռնարկության դասընթացներից մեկը. «Արտակարգ իրավիճակները պահանջում են արտակարգ լուծումներ»։ Իսկ արտակարգ իրավիճակները կյանքում սպասվածից էլ շատ են։

Եվ ահա, մի օր տիկին Բարտոլոտին ստանում է տագնապալի նամակ, որում ասվում է, թե Կոնրադին սխալ հասցեով են առաքել, և հարկավոր է անհապաղ նրան ուղարկել իր իրական ծնողներին։

Սա հենց այն արտակարգ իրավիճակն էր, որը Կոնրադի և իր հարազատների՝ տիկին Բարտոլոտիի, նրա հոր՝ պարոն Էգոնի, և ընկերոջ՝ Կիտիի կողմից խոհեմ ու լավ մտածված լուծում է պահանջում։ Կոնրադն իր հարազատների աջակցությամբ կարողանում է վերաորակավորվել ու դառնալ իր իսկ հակապատկերը՝ անքաղաքավարի, անպարկեշտ ու անսանձ՝ այդպիսով մնալով իր ծնողների ու ընկերոջ հետ։

Թեման խմբագրել

Նյոստլինգերը Կոնրադի մասին պատմող վիպակը գրել է դյուրին լեզվով, որպեսզի պատանի ընթերցողի համար այն հեշտ ըմբռնելի լինի, սակայն վիպակը չի դարձրել պարզունակ։ Հեղինակը արծարծում է կարևոր հասարակական խնդիրներ, բայց անում է դա նրբորեն՝ առանց քննադատության դաշտ մտնելու։ Արդյունքում՝ դրանք ակներև չեն, բայց ընթերցողին ստիպում են խորհել դրանց շուրջ։

Վիպակի առանցքային թեման երեխաների ու ծնողների հարաբերությունն է։ Տիկին Բարտոլոտին և պարոն Էգոնը ծնողների երկու բոլորովին տարբեր տիպեր են. մայրը խրախուսում է ազատ ապրելակերպը, իսկ հայրը ողջունում է Կոնրադի՝ կանոններին հետևելու հակումը։

Այնուամենայնիվ, տիկին Բարտոլոտիի կերպարը յուրօրինակ է։ Հավատարիմ մնալով իր բնավորությանը` նա անչափ սեր է տածում Կոնրադի նկատմամբ և անում է ամեն բան լավ մայր լինելու համար։ Տիկին Բարտոլոտիի կերպարն ընթերցողին փոխանցում է այն ուղերձը, որ շատ կարևոր է հավատարիմ մնալ ինքդ քեզ, ինչպես նաև ընդունել մյուսներին, ինչպիսին նրանք կան։

Մյուս կողմից՝ շատ հետաքրքիր է Կոնրադի և տիկին Բարտոլոտիի հարաբերությունը։ Լինելով բացարձակ տարբեր՝ նրանք ունեն մի շատ կարևոր նմանություն. երկուսն էլ մերժված են հասարակության կողմից իրենց արտասովոր բնույթի պատճառով։ Նյոստլինգերը չի քննադատում հասարակությանը քարացած ըմբռնումների համար. նա ներկայացնում է դրանց հետևանքները։

Զավեշտի, հաճախ հեգնանքի օգնությամբ վիպակում քննարկվում են հարցեր, ինչպիսիք են՝ ինչ է նշանակում ապրանք համարվել, ազատություն ունենալ կամ դրանից զրկված լինել։ Նյոստլինգերը խարխլում է հասարակության կարծրացած թյուր նորմերը՝ դարձնելով ձեռնարկությունը հիերարխիայի խորհրդանիշ, որից ի վերջո Կոնրադը կարողանում է ձերբազատվել իր իսկ ուժերով։

Վիպակն, իր սյուժեով ու կերպարներով ֆրանսիական ֆիլմ է հիշեցնում. Նյոստլինգերի կերպարների նկարագրությունը նույնքան բազմերանգ ու սյուրռեալ է, որքան ֆրանսիական ֆիլմերը։ Ֆանտաստիկ տարրերը այն յուրօրինակ գրական գործ են դարձնում։

Վերլուծություն խմբագրել

Արհեստածին մարդու գաղափարը մանկական գրականության մեջ նոր չէ։ Այն քննարկող գործերից հատկապես հայտնիներն են՝ Էռնստ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկ», Ալեքսեյ Տոլստոյի «Բուրատինոյի արկածները» և Կառլո Կոլլոդիի «Պինոկիոն»։ Կոնրադը կարծես այն դասական կերպարների ժամանակակից վերակերտումը լինի, որը նույնպես բախվում է բնական մարդ արհեստական մարդ առանցքային խնդրին։ Լինելով արհեստածին մարմին՝ նա հարցականի տակ է առնում բնական մարդ լինելու ընդունված պատկերացումները, հանգեցնում ընթերցողին անխուսափելի հարցին՝ ինչ է բնական մարդ լինելը, արդյոք այն կապված է բանական էակ լինելու, բարոյական նորմեր ունենալու կամ ազատ կամքի հետ։ Միաժամանակ հակասելով և համընկնելով այս պայմաններին՝  Կոնրադն ի ցույց է դնում, որ բնական մարդ արհեստական մարդու հասկացությունները չափազանց հակասական են։ Տարբեր են նաև նրա բնական մարդ դառնալու ձգտման հիմունքները. դրանց հիմնավորումներն ինքնանպատակ չեն, այլ բխում են իր անձից դուրս՝ հասարակական համակարգի հետ հարաբերության խնդիրներից։ Կոնրադի, Մարդուկ-Ջարդուկի ու Պինոկիոյի կերպարներն ապացուցում են, որ բնական մարդ ոչ թե լինում են, այլ դառնում՝ կայացրած որոշումների, հասարակության հետ հարաբերության և աշխարհում սեփական տեղը գիտակցելու շնորհիվ։

Արհեստական մարդուց բնական մարդու էվոլյուցիայի ենթարկվելու գաղափարն իր տեղն է գտել նաև կինոմատոգրաֆիայի մեջ։ Առանձնակի դեր ունի Սթիվեն Սփիլբերգի 2001 թ. «Արհեստական բանականություն» (Artificial Intelligence) ֆիլմը, որում իրական զգացմունքներով ռոբոտը փորձում էր դառնալ մարդ։

«Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան» հայերեն խմբագրել

Գիրքը հայերեն առաջին անգամ հրատարակել է Զանգակ հրատարակչությունը 2015 թ., թարգմանությունը՝ Ռուզան Մարգունիի, նկարազարդումը՝ Անետ Սվոբոդայի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել