Կոնստանտին Ցիոլկովսկու տուն-թանգարան

Կոնստանտին Էդուարդովիչ Ցիոլկովսկու հուշահամալիր տուն-թանգարան (ռուս.՝ Мемориальный дом-музе́й Константи́на Эдуа́рдовича Циолко́вского), դաշնային նշանակության պատմական հուշարձան Կալուգա քաղաքում, հանդիսանում է ականավոր ռուս գիտնական, տեսական տիեզերագնացության հիմնադիր Կոնստանտին Ցիոլկովսկու տուն-թանգարանը։

Կոնստանտին Ցիոլկովսկու տուն-թանգարան
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալուգա
Հիմնադրվել էսեպտեմբերի 19, 1936
Կայքgmik.ru/otdely/dom-muzey-k-e-tsiolkovskogo/(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կոնստանտին Ցիոլկովսկու կյանքի 29 տարիները կապված են այս տան հետ։ Այստեղ նա գրել է տասնյակ կարևոր աշխատություններ օդագնացության, ավիացիայի, ռեակտիվ շարժիչների, տիեզերագնացության և տեսական գիտության այլ ոլորտների վերաբերյալ։ Ցիոլկովսկին այս տունը գնել է 1904 թվականի գարնանը։ Այդ ժամանակ տունը եղել է մեկ հարկանի, ունեցել է մեկ հյուրասենյակ։ 1908 թվականի գարնանը սաստիկ ջրհեղեղի պատճառով տունը լրջորեն վնասվել է։ Անհրաժեշտություն է առաջացել այն վերանորոգել, բայց միաժամանակ ավելացվել է երկրորդ հարկ, որտեղ գտնվել է գիտնականի աշխատասենյակը և պատշգամբը, որտեղ կահավորվել է նրա արհեստանոցը։ Կյանքի վերջին երկու տարիներին Կոնստանտին Էդուարդովիչն ապրել է Ցիոլկովսկու փողոցի թիվ 1 տանը, որը գիտնականին է նվիրել Կալուգայի քաղաքային խորհուրդը նրա ծննդյան 75-ամյակի կապակցությամբ։

1935 թվականի սեպտեմբերի 19-ին Ցիոլկովսկին մահացել է։ Մեկ տարի անց՝ 1936 թվականի սեպտեմբերի 19-ին, տանը բացվել է թանգարան։ Առաջին ցուցահանդեսը կրել է գիտական և հուշահամալիրային բնույթ և ներկայացրել է գիտնականի աշխատանքի կարևորագույն ուղղությունները։ Թանգարանի աշխատանքն ընդհատվել է 1941 թվականի աշնանը, երբ Կալուգան գրավել են նացիստները։ Գերմանացի զինվորները տեղավորվել են տանը։ Չնայած այն հանգամանքին, որ թանգարանի աշխատակիցներին և գիտնականի հարազատներին հաջողվել է փրկել ամենաթանկարժեք ցուցանմուշներից մի քանիսը, բազմաթիվ հիշատակի իրերի, գրքերի և լուսանկարների ոչնչացումը հսկայական կորուստ է եղել։ Կալուգայի ազատագրումից անմիջապես հետո թանգարանում սկսվել են վերանորոգման և վերականգնման աշխատանքները, և թանգարանը կրկին սկսել է գործել։

1957 թվականը կարևոր փուլ է դարձել Ցիոլկովսկու տուն-թանգարանի աշխատանքում։ Երկիրը նշել է գիտնականի ծննդյան 100-ամյակը։ Այդ ժամանակ թանգարանի գիտատեխնիկական բաժինը ստացել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նոր ցուցադրությունը, որը պատրաստվել է Սերգեյ Կորոլյովի նախաձեռնությամբ։ Այդտեղ եղել են Ցիոլկովսկու գաղափարների իրականացման մասին պատմող եզակի ցուցանմուշներ։

1967 թվականին Կալուգայում բացվել է Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարանը։ Տուն-թանգարանը դարձել է նրա հուշահամալիրային բաժինը։ Տան, տնտեսական շինությունների, բակի և պարտեզի ինտերիերը վերականգնվել են այնպես, ինչպես եղել է Ցիոլկովսկիների ընտանիքի անդամների կենդանության օրոք։ Աշխատանքներն իրականացվել են ճարտարապետ Գրիգորի Մորոզովի նախագծով[1]։

1968 թվականի գարնանը թանգարանը փակվել է ռեստավրացիայի և վերանորոգման աշխատանքների համար, իսկ նույն թվականի հոկտեմբերին բացվել է նոր էքսպոզիցիայով՝ որպես կենսագրական և հուշահամալիրային թանգարան։ Թեմատիկ և էքսպոզիցիոն պլանի հեղինակներն են եղել Ա. Վ. Կոստինը և Վ. Վ. Կազակևիչը, նկարիչ-ճարտարապետ Գ. Ն. Բիլիբինան, ռեստավրացիայի նախագծի հեղինակը՝ Տ. Դ. Դմիտրիկովան։ Թանգարանի բոլոր սենյակները վերականգնվել են իրենց սկզբնական տեսքով։ Հուշահամալիրի ցուցանմուշների մեծ մասը վավերական են, պատկանում են հենց գիտնականին կամ նրա ընտանիքի անդամներին։ Յուրի Ալեքսեևիչ Գագարինը, ով Տիեզերական թռիչքից վերադառնալուց անմիջապես հետո այցելել է Կալուգա, թանգարանի տան պատվավոր այցելուների հուշամատյանում գրել է հետևյալը․

  Մեծ…. գոհունակությամբ և հուզմունքով այցելեցի այն տունը, որտեղ ապրել և աշխատել էր Կոնստանտին Էդուարդովիչը, .... Ուրախ եմ, որ առաջինն էի, որ իրագործեցի Ցիոլկովսկու երազանքը, ավարտին հասցրեցի բազմահազար մարդկանց գործը, ովքեր պատրաստում էին առաջին մարդու թռիչքը դեպի տիեզերք։  

Տուն-թանգարանի տարածքում կանգնեցված է Կոնստանտին Ցիոլկովսկու հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ПУТЕВОДИТЕЛЬ ПО ФОНДАМ ЦЕНТРАЛЬНОГО ГОСУДАРСТВЕННОГО АРХИВА НАУЧНО-ТЕХНИЧЕСКОЙ ДОКУМЕНТАЦИИ САНКТ-ПЕТЕРБУРГА (2010). «Морозов Григорий Павлович». spbarchives.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել