Կոնսոնանս և Դիսոնանս

Կոնսոնանս և դիսոնանս, միաժամանակ լսվող երկու կամ ավելի հնչյունների մասնակի տոների այս կամ այն հարաբերության արդյունքը, որ լսողությամբ ընկալվում է որպես համահնչություն կամ տարահնչություն։ Կոնսոնանսը (լատ. consonantia, հուն. oujLicpoovia) հնչյունների միաձուլվածությունն է (նաև՝ միաձույլ համահնչյունը), որ գոյանում է նրանց կազմում գոնե մեկ, լավ լսելի ընդհանուր մասնակի տոնի առկայության պայմանում։ Կոնսոնանս առաջ բերող հնչյունների տատանման հաճախականությունների թվային հարաբերությունները պարզ են, 1։ 1՝ գոյացնում է մաքուր պրիմա երկհնչյունը, 2։ 1՝ օկտավա, 3։ 2՝ կվինտա, 4։ 3՝ կվարտա, 5։ 3՝ մեծ սեքստա, 5։ 4՝ մեծ տերցիա, 6։ 5՝ փոքր տերցիա և 8։ 5՝ փոքր սեքստա։ Դիսոնանսը (լատ. dissonantia, հուն. Siaqpoma) հնչյունների չմիաձուլվելն է, «անբարեհնչությունը»։ Այս դեպքում լավ լսելի մասնակի տոները միմյանց հակասող են, չեն ձուլվում, այլ գոյացնում են բաբախում, իսկ հաճախականությունների հարաբերությունները համեմատաբար բարդ են՝ 7։ 5՝ ստեղծում է եռատոն, 9։ 5՝ կամ 16։ 9՝ փոքր սեպտիմա, 9։ 8 կամ 10։ 9՝ մեծ սեկունդա, 15։ 8՝ մեծ սեպտիմա և 16։ 15՝ փոքր սեկունդա։ Ձայնաբանության առումով կոնսոնանսի և դիսոնանսի տարբերությունը քանակային է, և մեկից մյուսին անցման սահմանը՝ պայմանական (թույլ դիսոնանսն արդեն ինչ-որ չափով կոնսոնանս է, և՝ հակառակը)։ Դիսոնանս-կոնսոնանս հարաբերությունը երկար դարերի ընթացքում ընկած է եղել երաժշտական մտածողության հիմքում, նրանց տրամաբանված հաջորդումը ծառայել է երաժշտական մտքի դինամիկական զարգացման կարևոր միջոց։ Երաժշտական արտահայտչության առումով կոնսոնանսը հնչում է փափուկ, արտահայտում համեմատաբար հանգիստ, կայուն վիճակ, իսկ դիսոնանսը սուր է և արտահայտում է անկայուն, լարված վիճակ։ Այդպիսի ընկալումը, սակայն, նույնպես պայմանական է՝ կախված երաժշտության իմաստային համոզչությունից և ընկալող միջավայրի լսողական ընկալման զարգացածության աստիճանից։ Ընդհանրապես, դիսոնանսի և կոնսոնանսի նկատմամբ գեղագիտական վերաբերմունքն ինքը պատմականորեն փոփոխվող է։ Այն դեպքում, երբ դասական երաժշտության մեջ դիսոնանսները գործածվել են կոնսոնանսներին ենթարկված վիճակում (օրինակ, «խիստ ոճի» պոլիֆոնիայում պահանջվել է դիսոնանսը խնամքով նախապատրաստել և լուծել համապատասխան կոնսոնանսի մեջ), նոր ժամանակների երաժշտության մեջ դիսոնանսները ձեռք են բերել լիակատար ինքնուրույնություն։ Չնայած դրան, դիսոնանսի և կոնսոնանսի արտահայտչական տարբերությունը միշտ պահպանվում է։ Տաղաչափության մեջ հանգավորող համահնչության տեսակ, որտեղ շեշտված ձայնավորները տարբեր են՝ Կարին-Կարեն, լոթիներին-լատիներեն։ Դիսոնանսում հնչյունակրկնությունը կառուցվում է բաղաձայն հնչյուններով, դրա համար էլ այն երբեմն անվանում են կոնսոնանս։ Դիսոնանսը բանաստեղծական պրակտիկայի մեջ է մտել XX դարում, որպես հազվադեպ, բայց արտահայտիչ ձև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 575 CC-BY-SA-icon-80x15.png