Կոյլավ (Coilav), Կոյլավյան, ռումինահայ ազնվական գերդաստան XVII—XX դարերում։

Պատմություն խմբագրել

Տոհմում պահպանված ավանդության համաձայն, Կոյլավների նախնիները գաղթել են Հայաստանի Անի քաղաքից։ Նախ անցել են Ղրիմ, ապա՝ Գալիցիա, Հունգարիա և ի վերջո հանգրվանել Մոլդովայի Սուչավա (այժմ՝ Ռումինիայում) մայրաքաղաքում։ Սակայն մայրաքաղաքը Յաշ (այժմ՝ Ռումինիայում) փոխադրելու ժամանակ (XVI դ.) տեղափոխվել և վերջնականապես հաստատվել են Բոտոշան քաղաքում։ Կոյլավների նախապապ Աստվածատուրը (Բոտոշան, 1667-?) զբաղվել է գյուղատնտեսությամբ, անասնաբուծությամբ և առևտրով։ Նրա սերունդներից Կոյլավ Դավիթը (Բոտոշան, 1748—1821) երկրին մատուցած ծառայությունների համար Մոլդովայի իշխան Ալեքսանդրու Մորուզիից ստացել է (1804) ազնվականության տիտղոս և նշանակվել իշխանական պալատի կլուչեր (մատակարար)։ 1845-ին ազնվականական աստիճաններ ու նշանակումներ են ստացել Դավթի որդի Խաչերեսը (Քրիստեա, 1802—1883)՝ սերդար (զորքի հրամանատար), Կոյլավ Գասպարը՝ սպըտար (իշխանի թիկնապահ և բանակի հրամանատար) և ուրիշներ։ 1865-ին Կոյլավները ձեռք են բերել Ռնգիլեշտի կալվածքը (Պրուտի ափին), զբաղվել անասնաբուծությամբ, խաղողագործությամբ, հացահատիկի մշակությամբ (ցորեն են արտածել նույնիսկ Անգլիա), կառուցել ջրաղացներ, սպիրտի գործարան և զարկ տվել Բոտոշան գավառի ու քաղաքի տնտեսական կյանքի բարգավաճմանը։ Հատկապես մեծ դեր են կատարել տեղի հայ գաղութի մշակութային կյանքում։ Սերնդեսերունդ ստանձնել են Բոտոշանի հայոց եկեղեցիների հոգաբարձությունն ու հայկական դպրոցների վերատեսչությունը (Գասպար, Ստեփան, Հարություն, Գրիգոր և այլն), նորոգել Ս. Աստվածածին (1826), Ս. Երրորդություն (1829—1838) եկեղեցիները, կառուցել արական (1839—1840) և իգական (1866—1867) դպրոցների շենքերը, հայոց գերեզմանատան Ավետում Ս. Աստվածածին մատուռը (1884), հիմնադրել (1866) «Բարեգործական ընկերություն»։ Կոյլավների գործունեությունն առավել ծավալվել է Մոլդովայի հայերի՝ քաղաքացիական իրավունքներ ստանալուց (1856) հետո, երբ նրանք մուտք են գործել երկրի հասարակական-քաղաքական կյանք, տարածվելով Մոլդովայի և Ռումինիայի 44 տարբեր բնակավայրերում։ XIX դ. երկրորդ կեսին միայն Բոտոշանում հաշվվել է 70 Կոյլավ, իսկ ամբողջ երկրում՝ հարյուրավոր Կոյլավներ։

Կոյլավների շառավիղները հիմա էլ ապրում են Բոտոշանում, Սուչավայում, Բուխարեստում, Պիատրայում, Գալացում և այլուր։ Նրանց մեջ կան իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ և այլն։

Հայտնի Կոյլավներ խմբագրել

  • Կոյլավ Ժան (Հովհաննես, 1851—1926), իրավաբան, քաղաքական գործիչ։ Հայեցի կրթություն է ստացել Թեոդոսիայի խալիբյան վարժարանում, ապա՝ ուսանել Ստրասբուրգում և Ժնևի ու Բրյուսելի համալսարաններում. վերջինում էլ ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան։ Եղել է Դորոհոյի (Ռումինիայում) դատական ատյանի նախագահ, Ռումինիայի պահպանողական կուսակցության, պառլամենտի անդամ և սենատոր։
  • Կոյլավ Դիոնիսիե (Բոտոշան, 1861-1926), բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ։ Սովորել է Վիեննայի համալսարանում, որտեղ և ստացել է դոկտորի աստիճան։ Եղել է Բոտոշանի քաղաքապետ և Ռումինիայի պառլամենտի անդամ։
  • Կոյլավ Պայ Մարի (Մարիե, 1887—1929), երաժիշտ, թարգմանիչ։ Սովորել է Մյունխենում և Իռլանդիայում։ Կազմել է Կոյլավների տոհմածառը (1930
  • Կոյլավ Բոգդան (1890—1974), թարգմանիչ, լրագրող, հասարակական գործիչ։ Հրատարակել է (1916) «Երկրի լոզունգը՝ ոչ մի դեպքում Ռուսաստանի դեմ» գրքույկը։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 562