Կոլումբոսյան ձու (անգլ.՝ Columbus' egg), թևավոր արտահայտություն, որ նշանակում է դժվար իրադրությունից դուրս գալու անսպասելի հեշտ ելք։

«Կոլումբոս և ձու», Յոհան Հայեր, 1847

Ավանդության համաձայն` երբ Քրիստափոր Կոլումբոսը կարդինալ Գոնսալես դե Մենդոսի հրավիրած ճաշկերույթի ժամանակ պատմել է, թե ինչպես է հայտնաբերել Ամերիկան, ներկաներից մեկն ասել է. «Ի՞նչը կարող է ավելի հեշտ լինել, քան նոր երկիր բացահայտելը»։ Որպես պատասխան Կոլումբոսը առաջարկել է հասարակ մի խնդիր` ձուն կանգնեցնել ուղղահայաց։ Երբ ներկաներից ոչ մեկը չի կարողանում դա անել, Կոլումբոսը, ձուն վերցնելով, ջարդում է այն մի ծայրից և դնում սեղանի վրա` ցույց տալով, որ դա իրականում շատ հեշտ էր։ Դա տեսնելով` բոլորն ընդդիմանում են` ասելով, որ այդպես բոլորն էլ կարող էին։ Այդ ժամանակ Կոլումբոսը պատասխանում է. «Տարբերությունն այն է, որ դուք կարող էիք դա անել, իսկ ես դա արեցի»։

Արտահայտության ծագման այլ տարբերակներ խմբագրել

Հնարավոր է, սակայն, որ այս դրվագը, որ առաջին անգամ նկարագրվել է իտալացի ճանապարհորդ Ջիրոլամո Բենցոնիի «Նոր աշխարհի պատմություն» գրքում (1565), ընդամենը լեգենդ է, քանի որ համանման պատմություններ հայտնի են եղել Իտալիայում և Իսպանիայում Կոլումբոսից շատ առաջ[1]։ Իսպանիայում «կոլումբոսյան ձու» արտահայտության օրինակով գործածվում է «Խուանելոյի ձու» արտահայտությունը (անգլ.՝ huevo de Juanelo), որը կիրառվել է խրթին հարցը պարզ ձևով լուծելու իմաստով։ Նման դրվագներ կան նաև իսպանացի դրամատուրգ Կալդերոնի «Անտեսանելի կինը» և արվեստի իտալացի տեսաբան Ջորջո Վազարիի «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների կյանքի նկարագրություններ» գրքերում[2]։ Վազարին պատմում է, թե ինչպես աշխարհի տարբեր կողմերից 1421 թվականին Ֆլորենցիա են գալիս շատ ճարտարապետներ, որպեսզի լուծեն Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի գմբեթի կառուցման հարցը։ Ճարտարապետ Ֆելիպե Բրունելեսկին (1377-1446) իր առաջարկը չի ներկայացնում ընդհանուր ժողովին` փոխարենն առաջարկելով, որ գմբեթը կառուցի այն մարդը, ով կարող է ձուն կանգնեցնել սեղանին։ Միայն ճարտարապետը ինքն է կարողանում դա կատարել վերոնշյալ ձևով, ինչից հետո տաճարի գմբեթը նմանեցնում են մի կողմը հատած ձվի։

Դրսևորումներ հանրամատչելի մշակույթում խմբագրել

 
Կոլումբոսյան ձվին նվիրված քանդակ Սան Անտոնիո Աբադ քաղաքում, Իսպանիա
  • Իսպանիայի Սան Անտոնիո Աբադ քաղաքում կա կոտրված ձու ներկայացնող քանդակ, որը խորհրդանշում է Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը։
  • Columbus Files անիմեի Lupin III մասում ձուն հանդիսանում է հնագիտական թանկարժեք գտածո, որ պատկանել է հենց Կոլումբոսին։
  • Հոլանդական «Գործարք» ֆիլմում (2012) ներկայացվում է կոլումբոսյան ձվի պատմությունը։
  • Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» գրքում բնության տեսարանի նկարագրության ժամանակ օգտագործվում է «կոլումբոսյան ձու» արտահայտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Girolamo Benzoni (1565), Historia del Mondo Nuovo; Venice. English translation History of the New World by Girolamo Benzoni, Hakluyt Society, London, 1857
  2. Giorgio Vasari (1550), Lives of the Most Excellent Painters, Sculptors, and Architects. Florence

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլումբոսյան ձու» հոդվածին։