Ամերիկայի հայտնագործում

Ամերիկայի հայտնագործում, իրադարձություն, որի արդյունքում «Հին աշխարհի» բնակիչներին ծանոթ է դառնում Երկիր մոլորակի արևմտյան կիսագունդը՝ Ամերիկա աշխարհամասը։ Այն բաղկացած է երկու մայրցամաքից՝ Հյուսիսային Ամերիկա և [[Հարավային Ամերիկա 1492 թվականին իտալացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը (1451-1506) առաջին անգամ արշավել էր արևմուտք՝ հայտնաբերելու Եվրոպան Հնդկաստանին միացնող ամենակարճ ծովային ճանապարհը, քանի որ նախկին՝ ցամաքային ուղին, որով անցնում էր Մետաքսի ճանապարհը, ամբողջությամբ նվաճվել էր Օսմանյան կայսրության կողմից։ Կոլումբոսը Իսպանական թագավորության նավատորմով կատարել է նման 4 արշավանք։

Նոր աշխարհի՝ «Ամերիկա» անվանումը, սակայն, բաժին հասավ մեկ այլ իտալացի ծովագնացի՝ Ամերիգո Վեսպուչիին (1454-1512)։ Նա Ամերիկայում առաջին անգամ հայտնվել էր 1499 թվականի մայիսին՝ Կոլումբոսի քարտեզների շնորհիվ։ Այստեղ նա հիմնադրում է նոր բնակավայր՝ Վենեսուելան (իտալ.՝ Venezuela` «փոքրիկ Վենեցիա»)։ 1500 թվականին նա վերադառնում է Պորտուգալիա։

Կան եզրակացություններ ու փաստեր, որ մինչ այդ Ամերիկայում ոտք էին դրել փյունիկեցիները (մ.թ.ա. 371), չինացիները, վիկինգները, ճապոնացիները և այլն։ Ամերիկայի հայտնագործման պաշտոնական օրը համարվում է 1492 թվականի հոկտեմբերի 12-ը, երբ Քրիստափոր Կոլումբոսը ափ է իջնում Սան Սալվադոր կղզում։

Պատմություն խմբագրել

Վիկինգներն Ամերիկայում խմբագրել

 
Լեյֆ Էրիքսոն

Մինչև Քրիստափոր Կոլումբոսը իսպանական նավատորմով հայտնաբերել էր Ամերիկա աշխարհամասը, իրենից կես հազարամյակ առաջ այնտեղ հայտնվել էին վիկինգները։ Սկանդինավական ժամանակագրությունում «վիկինգ» եզրը ներկայիս իմաստով չի օգտագործվել, ավելի շուտ բնութագրել է սոցիալական երևույթ, երբ անհող բոնդերը (ազնվականությանը չպատկանող ազատ մարդիկ) լավ կյանք փնտրելով լքում էին հայրենիքը։

Վիկինգները սկանդինավյան ծագում ունեցող հեթանոսներ էին, ապրում էին հիմնականում ժամանակակից Նորվեգիայի, մասամբ՝ Շվեդիայի ու Դանիայի տարածքում՝ զարգացած միջնադարում[1]։ Նրանք չեն եղել մեկ ազգի ներկայացուցիչներ այլ՝ տարասեռ ռազմիկներ, ճանապարհորդներ և առևտրականներ՝ ցեղապետերի առաջնորդության ներքո։ Վիկինգների արշավանքների ժամանակ Սկանդինավյան թերակղզին բաժանված էր բազմաթիվ շրջանների, որոնք ղեկավարվում էին նման խմբերի կողմից։

Վիկինգներն ապրում էին անբարենպաստ պայմաններ ունեցող տարածքներում, ուստի կարիք ունեին հաստատվել նոր հողերում, գոյությունն ապահովելու համար կատարել ծովահենություն և խոշոր ռազմական արշավանքներ։ Նրանց շրջանում համայնական-տոհմական կարգի քայքայումը ուղեկցվում էր վերնախավի հզորացմամբ, որի համար ավարը հարստանալու հիմնական միջոցն էր։ Համայնքի շատ ազատ անդամներ լքում էին խիտ բնակեցված ափամերձ շրջանները մշակելի հողերի պակասի պատճառով։ Այդպես ծովափնյա շրջաններում բնակվող վիկինգների մոտ սկսում է զարգանալ նավաշինությունը։

Նրանց հին բնակավայրերի պեղումների ժամանակ առավել հաճախ հանդիպող իրերն են սանրերը, ածելիները, ունելիները և այլ պարագաներ, օճառի մնացորդներ, որը վիկինգները պատրաստում էին ինքնուրույն։ Անգլիայում վիկինգներին ընդհանրապես մաքրասեր էին համարում, քանի որ վերջիններս լողանում էին ամեն շաբաթ օրը, իսկ սկանդինավյան լեզուներում առ այսօր շաբաթ բառը նշանակում է «լոգանքի օր»։

 
Հնդկացիներ ու վիկինգներ

8-11-րդ դարերում Եվրոպային հարող Հյուսիսային ու Բալթիկ ծովերում կատարած ռազմական արշավանքները զուգորդվում էին ավազակություններով։ Վիկինգները հայտնվեցին նաև Միջերկրական ծովում և խարիսխ գցեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Ծովում հիանալի կողմնորոշվելու վիկինգների ունակությունը նրանց թույլ տվեց հասնել Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափերը՝ Իսլանդիա ու Գրենլանդիա կղզիները և նույնիսկ՝ Ամերիկա, տարածքն անվանելով «Վինելանդ»՝ խաղողի երկիր։

Առաջին անգամ 7-րդ դարում Հեբրիդյան կղզիներ հասած վիկինգները 9-րդ դարում նվաճում են Ֆարերյան, Օրկնեյան և Շետլանդական կղզիները, ապա ժամանակակից Իռլանդիայի տարածքում ստեղծում իրենց թագավորությունը (820-1170)։

983 թվականին Էրիկ Ռաուդը (Շիկահերը) սպանության համար աքսորված էր Իսլանդիայից։ Նա գնաց փնտրելու նոր հողեր, և հասավ Գրենլանդիա՝ մի խումբ իսլանդացիների հետ հիմնելով Բատտալիդե բնակավայրը։ Բյարնի Հերյուլֆսոնը 986 թվականի դուրս եկավ Իսլանդիայից՝ հորը գտնելու հույսով, ով Գրենլանդիա էր մեկնել Շիկահերի հետ միասին։ Ճանապարհին նա երեք անգավ ընկավ անծանոթ մայրցամաք, մինչև հասավ Գրենլանդիա։

Վերադարձի ճանապարհին Բյարնին այդ մասին պատմեց Էրիկին։ Նրա որդին՝ Լեյֆ Էրիքսոնը, Բյարնիից գնեց նավ և նրա հետ ճանապարհ ընկավ նոր ցամաքը փնտրելու։ Նրա արշավանքների մասին հայտնի է սկանդինավյան սագաներից, մասնավորապես՝ իսլանդական ասքերից («Ասք Էրիկ Շիկահերի մասին» և «Ասք գրենլանդացիների մասին»)։ Դրանց հավաստի լինելը հաստատվել է 20-րդ դարի հնագիտական հայտնագործությունների միջոցով։

 
Ամերիկայի հայտնագործումը

999 թվականին, նախքան նոր ցամաքը փնտրելը, Լեյֆը առևտրական արշավանք է կազմակերպում Նորվեգիա, որտեղ Օլաֆ արքան մկրտում է նրան[2]։ Վերջինիս օրինակով նա Գրենլանդիա է տանում քրիստոնյա եպիսկոպոսի[3]։ Նրա մայրը և շատ այլ գրենլանդացիներ ընդունում են քրիստոնեություն, սակայն Էրիկ Շիկահերը շարունակում է մնալ հեթանոս։

1000 թվականին Լեյֆ Էրիքսոնը 35 հոգանոց խմբով մեկնում է արևմուտք։ Նրանք հայտնագործում են Հելլուլլանդը (Բաֆինի երկիր), Մարկլանդը (Լաբրադորի թերակղզի) և Վինլանդը (Նյուֆաունդլենդ)։ Այնտեղ հիմնադրվում են մի քանի ձմեռային բնակավայրեր, որտեղ վիկինգներն անցկացնում են ձմեռը։ Հետադարձ ճանապարհին Լեյֆը կարողանում է փրկվել ծովային աղետից, որի պատճառով ստանում է «Երջանիկ» անունը։

Լեյֆի եղբայրը՝ Տորվալդը, նրա պատմությունից հետո նույն նավով կրկնեց նրա անցած ճանապարհը և հասավ Վինլանդ, որտեղ ապրեց երկու տարի։ Տեղաբնիկ հնդկացիների ցեղերից մեկի հետ մենամարտի արդյունքում Տորվալդը մահացու վիրավորվեց, իսկ վիկինգները լքեցին բնակավայրը։ Այս ամենի հետ անցած ուղին փորձեց կրկնել Լեյֆի երկրորդ եղբայր՝ Տորստեյնը, որը սակայն չկարողացավ գտնել բնակավայրը։ Եվրոպայի ժողովուրդների մեծ մասը, ծանոթ չլինելով վիկինգների մշակույթին ու պատմությանը, չի գնացել իրենց հետքերով՝ նոր աշխարհում հայտնվելու համար։ Ուստի երկրորդ անգամ Ամերիկայում եվրոպացիները հայտնվեցին կես հազարամյակ անց։

2016 թվականին արբանյակային նկարահանման շնորհիվ հնագետները հայտնաբերել են վիկինգների երկրորդ բնակատեղին՝ հիմնված Հյուսիսային Ամերիկայի տարածքում։ Նրա մնացորդները գտնվում են Նյուֆաունդլենդի հարավարևմտյան ծայրակետում[4]։

Քաղաքական իրավիճակը Եվրոպայում խմբագրել

Նախքան Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումը, Եվրոպայում եղել են աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժեր։ Դեռևս 11-րդ դարի վերջին Երուսաղեմի ազատագրման կոչով հանդես եկած Հռոմի Պապ Ուրբանոս II-ը (1088-1099) կարողացել էր սկիզբ դնել խաչակրաց արշավանքներին։

 
Կոստանդնուպոլսի անկում

Դրանց արդյունքում Մերձավոր Արևելքում քրիստոնեադավան պետությունների՝ Բյուզանդական կայսրության ու Կիլիկիայի հայկական իշխանության կողքին հիմնադրվում են խաչակրաց 4 պետություններ։ Չունենալով ընդհանուր սահմաններ եվրոպական պետությունների հետ՝ դրանք որոշ ժամանակ անց նվաճվում են հարևան իսլամադավան պետությունների կողմից։ Առաջինը կործանվում է Եդեսիայի կոմսությունը (1144), ապա՝ Անտիոքի դքսությունը, Տրիպոլիի կոմսությունը և Երուսաղեմի թագավորությունը[5]։

Ավելի ուշ՝ 14-րդ դարում անկում է ապրում Կիլիկիայի հայկական թագավորությունը, 15-րդ դարում մասնատվում է Վրաց թագավորությունը։ Փոքր Ասիա թերակղզում հաստատված թյուրքական օղուզ ցեղերը 1453 թվականին նվաճում են Կոստանդնուպոլիսը և փակում քրիստոնյա Արևելքի վերջին էջը։ Թուրքերի ստեղծած պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, իր գերիշխանությունն է հաստատում ամբողջ Բալկանյան թերակղզում, ավելի ուշ՝ Արևելյան Միջերկրականում, Հայկական լեռնաշխարհում, Միջագետքի դաշտավայրում, Եգիպտոսում ու Հյուսիսային Աֆրիկայում։ Նրա արևելքում ստեղծվում է մեկ այլ իսլամադավան պետություն՝ Սեֆյան Իրանը։ Երկու տերությունները մի քանի դար շարունակ վարում են թշնամական քաղաքականություն, որը հանգեցնում է Մերձավոր Արևելքում խաղաղության իսպառ վերացմանը։

 
Գրանադայի ամիրայության գրավում

Միևնույն ժամանակ քաղաքական անցուդարձեր են տեղի ունենում Հարավային Եվրոպայում։ Մուսուլմանների իշխանությունը խիստ թուլացել էր Պիրենեյան թերակղզու տարածքում։ Կորդովայի խալիֆայության (929-1031) մնացորդները՝ տաիֆա-իշխանապետությունները, մեկը մյուսի հետևից նվաճվում էին քրիստոնյա արքաների կողմից։ Նրանցից առավել զորեղ էին Կաստիլիայի և Արագոնի թագավորությունները, որոնց միացյալ բանակը 1492 թվականի հունվարին գրավում է մուսուլմանների վերջին հենակետն Իսպանիայում՝ Գրանադայի ամիրայությունը[6]։ Բերբերներն ու արաբները զանգվածաբար հեռանում են Պիրենեյան թերակղզուց։

Մինչ այդ Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ը և Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ը ամուսնանում են և հռչակում նորաստեղծ պետության՝ Իսպանիայի թագավորության ծնունդը։ Նրա հարևանությամբ զորեղանում էր մեկ այլ ծովապետություն՝ Պորտուգալիան։ Նախկինում արաբական լծի տակ գտնվող այս երկու պետությունները դառնում են համաշխարհային առաջին կայսրությունները, որոնք ծովային արշավանքներով կարողանում են գրավել տասնյակ երկրներ ու կատարում են աշխարհագրական մեծ հայտնագործություններ։

Ապենինյան թերակղզին, որ դարեր շարունակ գտնվում էր Սրբազան Հռոմեական կայսրության գերիշխանության տակ, սկսում է աստիճանաբար անկախանալ. ինքնուրույն քաղաքականություն վարող Սիցիլիայի թագավորությունը, Տոսկանայի դքսությունը, ինչպես նաև՝ վաճառաշահ Պիզայի, Ջենովայի և Վենետիկի հանրապետությունները լիակատար ինքնիշխանություն ձեռք բերեցին։ Նրանց օրինակին հետևեցին իտալական այլ պետություններ, որոնք սկսեցին տնօրինել Միջերկրական ծովի առևտուրը։ Արևելքի ու Արևմուտքի միջև գոյություն ունեցող դարավոր կապն, այդպիսով, կտրվեց։ Երկու կրոնների բաժանված Եվրոպան և Ասիան կարիք ունեին տարածքային նոր ընդլայնումների, սակայն միմյանց միջև պատերազմել չէին ցանկանում։

Ավատատիրական հարաբերությունների քայքայման, Վերածննդի ու Ռեֆորմացիայի դարաշրջանում առավել աշխուժացավ քաղաքային կյանքը։ Այն ենթադրում էր արհեստների ու արվեստների զարգացում, առևտրի ու վաճառականության առաջընթաց[7]։ Եվրոպացիներին անհրաժեշտ էր գտնել նոր ճանապարհներ՝ Չինաստանի ու Հնդկաստանի հետ կապվելու համար։ Այդպիսով, իտալացիները անմասն չեն մնում քաղաքական անցուդարձերից, քանի որ Իսպանիան ու Պորտուգալիան կաթոլիկ երկրներ էին և ընդունում էին Հռոմի Պապի գերագահությունը։

Մինչկոլումբոսյան Ամերիկա խմբագրել

 
Էռնան Կորտեսը ացտեկների մայրաքաղաքում

15-րդ դարի վերջին եվրոպացիները վերջնականապես հաստատվեցին Ամերիկայում՝ Քրիստափոր Կոլումբոսի հայտնագործության շնորհիվ։ Այդ ժամանակ Ամերիկա աշխարհամասում ապրում էին 15-20 մլն մարդ։ Սկզբում եվրոպացիները կարծում էին, որ Ամերիկան Հնդկաստանն է, ուստի տեղաբնիկներին անվանեցին «հնդկացիներ»։ Ինչպես և այլ աշխարհամասերում, Ամերիկայում մարդիկ նույնպես գտնվում էին զարգացման տարբեր աստիճանների վրա։ Մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում` ժամանակակից Կանադայի ու ԱՄՆ-ի տարածքում, Կարիբյան ծովի կղզիներում, հնդկացիների մի մասը ապրում էր նախնադարյան համայնական հասարակարգի տարբեր փուլերում և զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ։

Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի բնակիչները` մայաները, ացտեկները, ինկերը, նստակյաց երկրագործներ էին և ստեղծել էին իրենց պետությունները։ Նրանք մշակում էին եգիպտացորեն, լոբի, ծխախոտ, դդում, կակաո, լոլիկ, կարտոֆիլ։ Տնային կենդանիներից պահում էին շներ և հնդկահավեր։ Սակայն նույնիսկ ամենազարգացած քաղաքակրթություններին անծանոթ էին երկաթը, անիվը, բրուտի դուրգը։

Մայաներ խմբագրել

Ժամանակակից Մեքսիկայի տարածքում գտնվող Յուկատան թերակղզին հանդիսանում է Մայաների քաղաքակրթության բնօրրանը։ Այն իր զարգացման բարձրակետին հասավ զարգացած միջնադարում։

 
Չիչեն Իցա

Մայա ժողովուրդը բաղկացած էր մի քանի ցեղախմբերից, որոնք ստեղծել էին ինքնուրույն քաղաք-պետություններ։ Դրանք կառավարում էր քուրմ-թագավորը։ Քաղաքի կենտրոնում գտնվում էր ընդարձակ հրապարակ, որում կառուցված էր լինում բարձր բուրգ, գագաթին՝ տաճար։ Ծիսակատարությունների ժամանակ բնակիչները հավաքվում էր հրապարակում։

Մայաների համայնքները բաղկացած էին գյուղացիական ընտանիքներից։ Համայնքը համարվում էր հողի կոլեկտիվ սեփականատեր, որն իրավունք ուներ գյուղացիական ընտանիքների միջև բաժանել հողակտորներ։ Հարկերը վճարելուց հետո բերքը տնօրինում էր ոչ թե համայնքը, այլ ընտանիքը։ Որոշակի զբաղմունքներ համայնքում արվում էին միասնականորեն՝ որսորդություն, ձկնորսություն և աղի արտադրություն։ Դրանց եկամուտներն արդեն տնօրինում էր համայնքը, որը հասանելիքը բաժանվում էր գյուղացիների միջև։ Մայաների միակ ընտանի կենդանին շունն էր, որի միսը օգտագործում էին որպես սննդամթերք՝ ծիսակարգերի ժամանակ։ Առօրյա մսամթերքը ձեռք էին բերում որսորդության և ձկնորսության ժամանակ։

Մայաների հասարակության ամենավերին աստիճանին կանգնած էր գերագույն իշխանությամբ օժտված քուրմ-թագավորը։ Հաջորդ աստիճաններում զորահրամանատարներն էին, քրմերը և նվաճված տարածքների կառավարիչները։ Հերթական աստիճանները զբաղեցնում էին զինվորները, առևտրականները, արհեստավորները, ազատ գյուղացիները։ Ստորին աստիճանը զբաղեցնում էին կախյալները և ստրուկները, ովքեր ազատություն չունեին։

Մայաները միակն էին Ամերիկայում, որ ունեին գրային համակարգ։ Նրանց գիտունները ստեղծել էին 365 օրից բաղկացած օրացույց, որն ուներ 18 ամիսներ, յուրաքանչյուրը՝ 20 օր։ Լրացուցիչ 5 օրերը համարվում էին վատ օրեր, ուստի մարդիկ աշխատում էին այդ օրերին ոչինչ չանել, նույնիսկ հաց չէին ուտում։ Մեկ այլ օրացույց կազմվել էր գուշակությունների և ծիսակատարությունների համար, որը կարող էին կարդալ և մեկնաբանել միայն քրմերը։

Ացտեկներ խմբագրել

Ամերիկյան մեկ այլ զարգացած քաղաքակրթություն՝ ացտեկների պետությունը, նույնպես ձևավորվել է ժամանակակից Մեքսիկայի և Գվատեմալայի տարածքում։ 12-րդ դարում նրանք հաստատվում են Մեխիկոյի հովտում և հիմնում իրենց պետությունը։ 1325 թվականին նրանք կառուցեցին իրենց մայրաքաղաքը՝ Տենոչտիտլանը, որի բնակչության թիվը 15-րդ դարում 75 հազար էր։ Այն բաժանված էր չորս համայնքների, որոնք խորհրդանշում էին հորիզոնի չորս կողմերը, և 20 թաղամասերի, որոնք խորհրդանշում էին ացտեկների տոհմացեղային կառուցվածքը՝ 20 ցեղ, 20 տոհմ։

 
Տենոչտիտլան

15-րդ դարի սկզբին ացտեկների պետությունը վերածվեց կայսրության, որի ամենահզոր ներկայացուցիչը Մոնթեսումա II-ն էր (1502-1520)։ Ացտեկների հիմնական զբաղմունքը նույնպես նստակյաց հողագործությունն էր, որը իրականացվում էր մշակելի հողերը ոռոգելով ու ճահիճները չորացնելով։ Մայաների նման՝ նրանք միայն շուն էին պահում։ Ընտանի թռչուններից պահում էին հնդկահավեր, սագեր, բադեր։ Ացտեկ արհեստագործներից հայտնի էին ջուլհակները և ոսկերիչները։

Ինչպես և մայաների մոտ, ացտեկները նույնպես ունեին հասարակական աստիճանակարգ. պետության գլուխ կանգնած էր գերագույն իշխանությամբ օժտված թագավորը, ապա ազնվականները, ովքեր միակն էին, որ իրավունք ունեին ապրելու քաղաքներում։ Ացտեկներն ունեին լավ կազմակերպված բանակ։ Զինվորները հավատում էին, որ պատերազմի ժամանակ զոհվածները գնում էին աստվածների հետ երկնքում ապրելու։ Բանակում առավել հայտնի էին արծվի և հովազի զորամասերը։ Հաջորդ աստիճանին առևտրականները, արհեստավորներն ու գյուղացիներն էին, ովքեր բնակվում էին քաղաքների արվարձաններում և գյուղերում։ Կային նաև ստրուկներ, որոնց մեծ մասը ռազմագերիներ էին և պարտքերը չվճարած բնակիչներ։

Ինկեր խմբագրել

Հնդկացիների երրորդ զարգացած քաղաքակրթությունը հաստատվել էր ժամանակակից Պերուի և Բոլիվիայի լեռնային շրջաններում։ Դա ինկերի (ինկաների) քաղաքակրթությունն էր, որի անունը Կուսկոյի հովտում ապրող ցեղերից մեկի անվանումն էր։ 15-րդ դարում ինկերի նվաճումների արդյունքում պետության տարածքը քառապատկվեց, իսկ բնակչության թիվը հասավ շուրջ 6 000 000-ի։ Պետությունն իր հզորության գագաթնակետին հասավ Սապա Ինկա (Բարձրագույն Ինկա) Պաչակուտիի օրոք (1438-1471)։

 
Մաչու Պիկչու

Ինկերի կայսրության մայրաքաղաքը Կուսկոն էր, որն ուներ շուրջ 200 հազար բնակիչ։ Այստեղ էր գտնվում ինկերի գերագույն աստծու՝ Արևի տաճարը։ Նրանց կրոնական կյանքում նույնպես մեծ տեղ էին զբաղեցնում աստվածների համար կենդանիների և հատուկ մթերքների զոհաբերությունները։ Քրմապետի գործառույթները սովորաբար իրականացնում էր Սապա Ինկան։

Ինկերի հասարակությունը նույնպես բաղկացած էր կաստաներից։ Բոլոր ինկերը մտնում էին բարձրագույն կաստայի մեջ, չէին աշխատում և հարկեր չէին վճարում։ Պետությունը նրանց տրամադրում էր հողատարածքներ և ստրուկներ։ Ինկերի մի մասը զբաղվում էր ռազմական ծառայությամբ, իսկ մյուսները իրականացնում էին կառավարման և կրոնական-մշակութային գործառույթներ։ Ինկերի բանակ զորակոչելու համար տղաների խմբին տանում էին ձյունապատ լեռան գագաթ և թողնում այնտեղ ինը օր առանց ուտելիքի, զենքի և այլ միջոցների։ Ժամկետը լրանալուց հետո նրանց հետ էին բերում. կենդանի մնացածները բանակում ծառայում էին զորահրամանատարներ։ Նվաճված ցեղերի ավագանու հողերը մշակում էին գյուղացի համայնականները։ Նվաճված ցեղերի արհեստավորները և գյուղացիները կազմում էին երրորդ կաստան։ Կառավարությունն էր որոշում, թե նրանք երբ և ում հետ պետք է ամուսնանային, քանի որ ամուսնական զույգերին առանձին հողաբաժին էր հասնում։

Ինկաների պետությունում մշակում էին շուրջ 40 տեսակի բույսեր, մասնավորապես կարտոֆիլ, դդում։ Բերքահավաքը հսկում էին հատուկ պաշտոնյաները, որովհետև բերքը հավասարապես բաժանվում էր բնակչությանը, իսկ մի մասը թողնվում էր պետության կարիքների համար։ Նույնը կատարվում էր արհեստագործական արտադրանքի հետ։

Քրիստափոր Կոլումբոս խմբագրել

 
Քրիստափոր Կոլումբոս
(1451-1506)

Քրիստափոր Կոլումբոսը ծնվել է Ջենովայում` Դոմենիկո Կոլոմբոյի (իտալ.՝ Domenico Colombo) և Սուզաննա Ֆոնտանառոսայի (իտալ.՝ Susanna Fontanarossa) ընտանիքում։ 14 տարեկանում դառնում է նավաստի[8]։ Նա կարդում և գրում էր լատիներեն, ծանոթ էր երկրաչափությանը, աստղագիտությանը, աշխարհագրությանը, տիրապետում էր քարտեզագրության ու գեղագրության արվեստին։ Առևտրական նավերով ճամփորդել է Միջերկրական ծովով` եղել Քիոսում, Թունիսում և այլուր։ Որոշ տեղեկությունների համաձայն, Կոլումբոսը ոչ թե իտալացի, այլ իսպանացի էր[9]։ Իսպաներեն անվան առավել հստակ արտասանությունն էր՝ Կրիստո′բալ Կո′լոն։

Կոլումբոսը կրթություն է ստացել Պավիայի համալսարանում։ 1472 թվականից նա տեղափոխվում է Սավոնա, որտեղ շարունակում է մասնակցությունը առևտրականների արշավանքներին։ Այդ տարիներից նա սկսում է մտածել դեպի Հնդկաստան տանող առավել կարճ ուղիներ փնտրելու մասին։ Գտնելով, որ երկիրը գնդաձև է (դա հակասում էր ժամանակի եկեղեցական ուսմունքներին ու գաղափարախոսությանը), Կոլումբոսը կարծում էր, որ պետք է հասնել Աֆրիկայից արևմուտք գտնվող Կանարյան կղզիներին և այնտեղից նավարկել այնքան, մինչև հասնեն Ճապոնիային։ Իր հաշվարկներով՝ ճանապարհը պետք է ձգվեր մոտ 5000 կմ։

1476 թվականին Կոլումբոսը ժամանում է Պորտուգալիա, որտեղ ապրում է ինը տարի։ 1477 թվականին նա լինում է Անգլիայում, Իռլանդիայում ու Իսլանդիայում, որտեղ ստանում է աշխարհագրական նոր գիտելիքներ։ Դիոգու դե Ազամբուժայի արշավախմբի կազմում 1481 թվականին Կոլումբոսը ուղևորվում է կենտրոնական Աֆրիկա՝ Գվինեա, որտեղ մասնակցում է Էլմինա ամրոցի շինարարությանը։

 
Կոլումբոսի հանդիպումը Ֆերդինանդ և Իզաբելլա միապետերի հետ

Հնդկաստանի հայտնագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ու նավատորմի համար նա դիմում է Ջենովայի կառավարությանը։ Բացասական պատասխան ստանալով՝ 1483 թվականին իր ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի արքա Ժուան II-ին, ով նույնպես մերժում է իտալացի ծովագնացին։

1485 թվականին Քրիստափոր Կոլումբոսը որդու՝ Դիեգոյի հետ մեկնում է Իսպանիա։ Այդ ժամանակ Իսպանիայի թագավորը գտնվում էր Կորդովայում ու պատրաստվում էր Գրանադայի ամիրայության դեմ պատերազմին։ Այդ ընթացքում Կոլումբոսը հանդիպումներ է ունենում իսպանական հոգևոր ու աշխարհիկ վերնախավի ներկայացուցիչների հետ ու ներկայացնում իր ծրագրերը։ Երեք տարի անց՝ 1488 թվականի ապրիլի 20-ին, Կոլումբոսը նամակ է ստանում Պորտուգալիայի թագավորից, ով առաջարկում էր նրան վերադառնալ։

1490-92 թվականներին հերթական անգամ մերժումներ ստանալուց հետո, մի քանի տարի տևած բանակցությունների արդյունքում, Կոլումբոսին հովանավորում է Կաստիլիայի թագուհի Իզաբելլան։

1492 թվականի օգոստոսի 3-ին իսպանական երեք նավեր՝ «Սանտա Մարիա», «Նինյա» և «Պինտա», դոնի կոչում ստացած Կոլումբոսի գլխավորությամբ դուրս են գալիս Իսպանիայից։

Ճամփորդության դուրս գալուց առաջ Կոլումբոսի և իսպանական կառավարության միջև կնքվում է մի պայմանագիր, համաձայն որի՝ նա նշանակվում էր օվկիանոսում հայտնագործված բոլոր կղզիների ու ծովերի ծովակալ, փոխարքա և գեներալ նահանգապետ՝ ժառանգական իրավունքներով[10]։

Առաջին արշավանք խմբագրել

 
Առաջին արշավանք
(2 օգոստոսի 1492 - 15 մարտի 1493)

Քրիստափոր Կոլումբոսն իր արշավանքը իրականացնում է երեք նավերով՝ «Սանտա Մարիա» (սեփականատեր՝ Խուան դե լա Կոսա), «Պինտա» (սեփականատեր՝ Մարտին Ալոնսո Պինսոն) և «Նինյա» (սեփականատեր՝ Խուան Նինյա)։ Նավատորմում անձնակազմը հասնում էր 100 հոգու։ Եվրոպացիներն առաջինը ոտք են դնում Գուանախանի (Բահամյան կղզիներ), Էսպանյոլա (Հայիթի) և Խուանա (Կուբա) կղզիներում։ Առաջին կղզին՝ Գուանախանին, ծովագնացն անվանում է «Սան Սալվադոր»։

Կոլումբոսը կարծում էր, որ նոր հայտնաբերած երկրները Արևելյան Ասիայի մաս են կազմում. նրանք մտնում են Չինաստանի, Ճապոնիայի կամ Հնդկաստանի կազմի մեջ։ Հետագայում այս տարածքները եվրոպացիներն անվանում են «Վեստ Ինդիա»` արևմտյան Հնդկաստան` ի հակասություն Հնդկաստանի և Ինդոնեզիայի, որոնք կոչվում էին «Օստ Ինդիա»։ Հայտնի է, որ Ֆերդինանդ և Իզաբելա միապետերին Կոլումբոսը գրել էր, որ պատրաստվում է մեկնել Չիպանգու (Ճապոնիա), այդտեղից՝ Չինաստան, ապա՝ երկու Հնդկաստաններ (Հնդկաստան և Եթովպիա)։ Այսինքն՝ Կոլումբոսի առաջնահերթ խնդիրը ոչ թե Հնդկաստանն էր, այլ Ճապոնիան[11]։

 
Կոլումբոսը նոր երկիրն անվանում է Իսպանիայի թագավորի սեփականություն
  • հոկտեմբերի 13 - Սան Սալվադոր կղզի. տեղաբնիկները ծխախոտ են նվիրում, որոշ կղզիների բնակիչներ հագել էին բամբակե հագուստներ և տներում ունեին գամակներ։ Կոլումբոսը ենթադրում է, որ սա Հնդկաստանն էր
  • հոկտեմբերի 28 - Բահամյան հերթական կղզիներում իսպանացիները հայտնաբերում են եղեգից պատրաստված տնակներ, իսկ բնիկները մշակում էին բամբակենի, կարտոֆիլ, ծխախոտ և եգիպտացորեն։ Ենթադրելով, որ սա Չինաստանն էր՝ Կոլումբոսը ուղղվում է արևելք՝ Ճապոնիա
  • նոյեմբերի 20 - անհետանում է «Պինտա» նավը, հայտնաբերվում է Կուբա կղզին
  • դեկտեմբերի 6 - հայտնաբերվում է Հայիթի և Տորտուգա կղզիները
  • դեկտեմբերի 25 - «Սանտա Մարիան» ժայռերի վրա ջարդվում է. Կոլումբոսը կառուցել է տալիս նավահանգիստ, այնտեղ տեղավորում 39 նավաստու, իրենց մոտ թողնում մեկ տարվա ռազմավար, և մի քանի կղզեբնակների հետ հունվարի 4-ին հեռանում, երկու օր անց գտնվում է «Պինտա» նավը
  • հունվարի 16 - երկու նավերը դուրս են գալիս բաց ծով
  • փետրվարի 12 - փոթորիկ ծովում. նավերը դարձյալ կորցնում են իրար
  • փետրվարի 15 - «Նինյա» նավը հասնում է Ազորյան կղզիներին
  • մարտի 9 - «Նինյա» նավը խարիսխ է գցում Լիսաբոնում, որտեղ ջերմ ընդունելության է արժանանում Ժուան թագավորի կողմից
  • մարտի 15 - «Նինյա» նավը վերադառնում է Իսպանիա. նույն օրը վերադառնում է նաև «Պինտա» նավը։ Կոլումբոսը բերում է նոր հողերի տեղաբնիկներին, ում եվրոպացիներն անվանում էին «հնդկացիներ», ոսկի, բույսերի տեսակներ ու թռչունների փետուրներ

Երկրորդ արշավանք խմբագրել

 
Երկրորդ արշավանք
(25 սեպտեմբերի 1493 - 11 հունիսի 1496)

Կոլումբոսի երկրորդ արշավանքին (1493-96) մասնակցում էին 17 նավեր։ Նավատորմի առաջատարն էր «Մարիա Գալանտեն», որի տարողունակությունը կազմում էր 200 տոննա։ Տարբեր տվյալներով՝ արշավանքի մասնակից նավաստիների ու նրանց օգնականների թիվը տատանվում էր 1500-2500 թվաքանակի մեջ։ Նրանց մեջ էին նոտարիուս Ռոդրիգո դե Բաստիդասը, Կուբայի նահանգապետ Դիեգո Վելակսես դե Կուելյարը, հոգևորականներ, պալատականներ, այլ պաշտոնյաներ։

Իսպանացիներն իրենց հետ տանում էին ձիեր և էշեր, խոշոր եղջերավոր անասուններ ու խոզեր, խաղողի որթեր, բանջարանոցային ու հացահատիկային մշակույթների սերմեր և այլն։ Գաղութարարները պատրաստվում էին այնտեղ բնակություն հաստատել։

Հայիթի կղզին ամբողջությամբ նվաճելուց հետո հիմնադրվում է Սանտո Դոմինգո քաղաքը։ Հայտնաբերվում են Փոքր Անտիլյան կղզիները, Վիրջինյան կղզիները, Պուերտո Ռիկոն և Ճամայկան։ Գրեթե ամբողջությամբ ուսումնասիրված էր Կուբա կղզու հարավային եզերքը։ Այդքանով հանդերձ, Կոլումբոսը շարունակում էր պնդել, որ գտնվում է Արևմտյան Հնդկաստանում։

 
Կոլումբոսը լքում է Իսպանիան
 
Կոլումբոսը պարզում է Իսպանիայի դրոշը
  • մարտ, 1494 - սկսում է համաճարակ, որից հետո Կոլումբոսը իր մոտ է թողնում 500 հոգու և 5 նավ՝ մնացածներին ուղարկելով Իսպանիա։ Նրանք պետք է թագավորին հայտնեին, որ հայտնաբերվել են ոսկու մեծ պաշարներ, և իրենց անհրաժեշտ են անասուններ, երկրագործական իրեր և այլ ունեցված՝ դրանց դիմաց առաջարկելով ստրուկներ՝ տեղացի բնակչությունից
  • ապրիլի 24 - ուղևորում Կուբա
  • մայիսի 1 - Գուանտանամոյի ծոց
  • մայիսի 5 - Ճամայկա (Սանտ Յագո)
  • հունիսի 12 - նավատորմը շրջանցում է կղզին
  • սեպտեմբերի 29 - վերադարձ Լա Իզաբելլա. երկպառակություն իսպանացիների շարքերում
  • ապրիլի 10, 1495 - Իսպանիայի իշխանությունները կտրում են կապը Կոլումբոսի հետ ու ֆինանսավորում Ամերիգո Վեսպուչիին[12]
  • հունիսի 11, 1496 - վերադարձ Իսպանիա

Երրորդ արշավանք խմբագրել

Երրորդ արշավանքը մեծ դժվարությամբ է վստահվում Կոլումբոսին։ Իսպանիա հասած նավաստիներն ու ազնվականները, դժգոհ լինելով իտալացի ծովագնացից՝ նաև ազգային հողի վրա, իսպանական արքունիքում ցածրացրել էին նրա վարկանիշը։ Բացի այդ, ոսկու առանձնապես մեծ պաշարներ չէին գտնվել նոր հողերում։ Մյուս կողմից, երբ Կոլումբոսի խնդրանքով Ամերիկա ժամանեց թագավորի օգնությունը, օգտվելով նրա բացակայությունից՝ իսպանացիների մի մասը շահարկել էին այն և սկսել զբաղվել ծովահենությամբ։ Այդուհանդերձ, երկու տարի անց Քրիստափոր Կոլումբոսը երրորդ անգամ մեկնեց ծովային արշավանքի։

 
Երրորդ արշավանք
(30 մայիսի 1498 - 25 նոյեմբերի 1500)

1498 թվականի մայիսի 30-ին սկսած հերթական ծովագնացությունը առանձնապես հաջող չեղավ. նրան մասնակցում էին վեց նավեր՝ ընդհանուր 300 հոգի անձնակազմով, որոնց թվում էին մի շարք իսպանացի բանտարկյալներ։ Նավատորմը դուրս եկավ Գվադալկիվիր գետից։

Երրորդ արշավանքը Կոլումբոսը նախաձեռնել էր իրականացնել ավելի հարավային ուղիով՝ ենթադրելով, որ կարող է ոսկի գտնել հասարակածին հարող շրջանում։ Երբ նրանք հասնում են Կանարյան կղզիներ, նավերից երեքը ուղարկվում են Հայիթի, իսկ մյուս երեքը ուղղվում են Կանաչ Հրվանդանի կղզիներ՝ ձգտելով մոտենալ հասարակածին։ Հասնելով հյուսիսային լայնության՝ 9°30′-ին՝ նրանք ուղղվեցին արևմուտք։

Հուլիսի 31-ին հայտնաբերվում է Տրինիդադ կղզին։ Նավարկելով հարավ՝ Կոլումբոսը հասնում է Օրինոկո գետին և Պարիայի ծոցին։ Երկու շաբաթ անց ծանր հիվանդությունը ստիպում է նրան լքել այդ վայրերը և ուղղվել դեպի հյուսիս՝ Սանտո Դոմինգո։ Օգոստոսի 20-ին Կոլումբոսը հասնում է Էսպանյոլա, որտեղ գաղութարարները զինված ապստամբություն էին բարձրացրել իր եղբոր՝ Բարտոլոմեի դեմ։ Այն ավարտվում է նրանով, որ Կոլումբոսը համաձայնվում է հողակտոր հատկացնել գաղութարարներին, ինչպես նաև՝ տեղաբնիկների հանդեպ զենք կիրառելու իրավունք։

Իսպանական թագավորական գանձարանը նոր գաղութից եկամուտներ գրեթե չէր ստանում, երբ 1498 թվականին հարևան Պորտուգալիայից դուրս եկացած նավատորմը Վասկո դա Գամայի գլխավորությամբ գտնում է Հնդկաստան տանող նոր ճանապարհը՝ շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը։ Նրանք Լիսաբոն են վերադառնում համեմունքների մեծ պաշարով և ցույց տալիս, որ Կոլումբոսը ամենևին էլ Հնդկաստանի ճանապարհը չի գտել, և որ նա խաբեբա է։

1499 թվականին Կոլումբոսի՝ նոր հողերի հանդեպ մոնոպոլիստական իրավունքը չեղյալ է հայտարարվում։ 1500 թվականին Հայիթի է ուղարկվում Ֆրանսիսկո դե Բոբադիլիային։ Վերջինս իր ձեռքում է կենտրոնացնում իշխանությունը, բանտարկում Կոլումբոսին ու իր եղբայրներին և ուղարկում Իսպանիա։ Նրանց վերադարձի ժամանակ, սակայն, իսպանացի ձեռներեցները կարողանում են համոզել արքունիքին՝ մեղմացնել վերաբերմունքը Կոլումբոսի հանդեպ և վերականգնել իրավունքները։

Չորրորդ արշավանք խմբագրել

Քրիստափոր Կոլումբոսը մեծ ձգտում ուներ՝ գտնելու Հարավային Ասիա տանող ծովային ճանապարհը, որտեղ իսպանացիները կարող էին ազատ առևտուր անել։ Նա համոզված էր, որ այդ ճանապարհը գոյություն ունի, քանի որ մեկ անգամ Կուբա կղզու ափերին մեծ փոթորիկ էր նկատել, որը գալիս էր Կարիբյան ծովի արևմուտքից։ Երկար տատանումներից հետո Իսպանիայի թագավորը համաձայնվում է Կոլումբոսին ևս մեկ հնարավորություն տալ։

Չորրորդ արշավանքի ժամանակ Կոլումբոսն իր հետ վերցնում է եղբորը՝ Բարտոլոմեոյին, և իր տասներեքամյա որդի Էռնանդոյին։ Կուբայից արևմուտք նավարկելով՝ նա հայտնաբերում է մայրցամաք. դա Կենտրոնական Ամերիկայի ծովափն էր։ Այդպիսով Կոլումբոսն ապացուցում է հնդկացիների՝ իրեն պատմած փաստը, որի համաձայն Ատլանտյան օվկիանոսը «Հարավային մեծ ծովից» բաժանված է ցամաքով։

 
Չորրորդ արշավանք
(9 մայիսի 1502 - նոյեմբեր 1504)

Նոր հայտնագործություններ խմբագրել

1499 թվականին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Կոլումբոսը զրկվել էր նոր հողերի հանդեպ ունեցած իր իրավունքներից, Արևմտյան Հնդկաստան են ուղևորվում նոր արշավախմբեր՝ Պեդրո Ալոնսո Նինյո (մայիս, 1499-1500), Ալոնսո Օխենդա (20 մայիսի 1499 - փետրվար 1500, 1502), Վիսենտե Յանյես Պինսոն (դեկտեմբեր 1499-1500), Ռոդրիգո դե Բաստիդաս (հոկտեմբեր 1500-1502)։ Վերջինում ներկա էին նաև Վասկո Նունյես դե Բալբոան և Խուան դե լա Կոսան։ Պեդրո Ալոնսոն, օրինակ, 1499-1500 թվականներին հասնելով Կարիբյան ծովի «մարգարտյա ափը»՝ հայրենիք է տանում 38 կգ մարգարիտ։ Բալբոան առաջինն է լինում, ով Պանամայի պարանոցից միաժամանակ տեսնում է Խաղաղ ու Ատլանտյան օվկիանոսները[13]։

 
Ամերիգո Վեսպուչիի արձանը Ֆլորենցիայում

Ալոնսո Օխենդայի հետ 1499 թվականին նոր հողեր է ուղևորվում Ամերիգո Վեսպուչին։ Նա 1200 կմ երկայնքով նավարկում է Գայանայի ափով, հասնում Վենեսուելա և մարգարտի ափ։ Ավելի ուշ նա հայտնաբերում է Ամազոն և Պարա գետերը։ Հոսանքն ի վեր բարձրանալով 100 կմ՝ նա չի կարողանում ափ իջնել, քանի որ անտառները չափազանց խիտ էին։ Նա հայտնաբերում է նաև Գվիանական հոսանքը։ Այդպիսով՝ նա բացահայտում է Հարավային Ամերիկա մայրցամաքը և վերադառնում Օխենդայի նավատորմ[14]։

1499 թվականի դեկտեմբերին օվկիանոս է մեկնում Կոլումբոսի առաջին արշավանքի մասնակից Վիսենտ Յանյես Պինսոնը։ Նա առաջին իսպանացիներից էր, ով անցավ հասարակածը, իսկ 1500 թվականի հունվարի 26-ին հասավ Հարավային Ամերիկայի ամենաարևելյան ծայրակետին՝ Սան Ռոկի հրվանդան։ Բաստիդաս ծովագնացը 1500 թվականի հոկտեմբերին դուրս է գալիս Իսպանիայից և հասնում Ամերիկա՝ ուսումնասիրելով 1000 կմ ափ և ձեռք բերելով մեծաքանակ ոսկեղեն։ Նա առաջինն էր, ով հասավ Պանամայի պարանոցին։ Անօրինական առևտրի մեջ մեղադրվելով՝ նա ձերբակալվում է Էսպանյոլայի նահանգապետի կողմից և ուղարկվում Իսպանիա։

Այս և այլ հետազոտությունները ապացուցեցին, որ Կոլումբոսի հայտնաբերածը նոր մայրցամաք էր, ոչ թե Հնդկաստանը։ 1502 թվականին ծանր հիվանդ վիճակում Կոլումբոսին բերեցին Սևիլյա, որտեղ էլ 1506 թվականի մայիսի 20-ին նա կնքեց մահկանացուն։ Միայն կես դար անց իսպանացիները ըստ արժանվույն գնահատեցին նրա հայտնագործությունը, երբ նվաճեցին Մեքսիկան, Պերուն և այլ պետություններ՝ Եվրոպա վերադառնալով մեծաքանակ ոսկու ու արծաթի պաշարներով։

16-րդ դարում սկսվեց գաղութատիրական պայքարը երկու ծովային կայսրությունների՝ Իսպանիայի ու Պորտուգալիայի միջև։ Դեռ 15-րդ դարի վերջում Հռոմի պապի կոնդակով արևմուտքը և արևելքը բաժանվեցին «լավագույն հոգեզավակներին»։ Դրանց բաժանման գիծն անցնում էր Ատլանտյան օվկիանոսով՝ Աֆրիկան ու Հնդկաստանը թողնելով Պորտուգալիայի, իսկ Ամերիկան՝ Իսպանիայի ազդեցության գոտում։ Ավելի ուշ սահմանը տեղափոխվեց արևմուտք, և Պորտուգալիայի ազդեցության տակ հայտնվեց Բրազիլիան։ Ֆեռնան Մագելանի ձեռնարկած շուրջերկրյա առաջին ճանապարհորդությունը խառնեց խաղաքարտերը. նա ցույց տվեց, որ երկիրը գնդաձև է, և որ անընդհատ նավարկելով արևմուտք՝ կարելի է հասնել արևելքին։ Այդ ճանապարհին նա նվաճեց Ֆիլիպինները, որտեղ և կնքեց իր մահկանացուն։

Գաղութատիրական այս երկու կայսրությունների համար 17-րդ դարում հայտնվեցին լուրջ մրցակիցներ, որոնցից առավել վտանգավոր էին Անգլիան և Ֆրանսիան։ Նրանք արագորեն գրավեցին Աֆրիկայի ու Ամերիկայի չնվաճված հատվածները և թուլացրին իսպանա-պորտուգալական համաշխարհային տիրապետությունը։

Քրիստափոր Կոլումբոսի առաջին արշավանքի երեք նավերը (կրկնօրինակներ)՝ «Սանտա Մարիա», «Նինյա» և «Պինտա»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիկինգների մասին Բրիտանիկա հանրագիտարանում
  2. Лейф Эрикссон, Энциклопедия Кругосвет
  3. Leif Eriksson in "Eirik the Red’s Saga" Chapter 5
  4. Ամերիկայում վիկինգների երկրորդ բնակատեղին են հայտնաբերել
  5. Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները և հայերը,հ. Ա, Ուսումնասիրություն և թարգմանություններ, Երևան, 2005, 552 էջ։
  6. Prescott, William H.; Edited and annotated by Albert D. McJoynt (1995). The Art of War in Spain: The Conquest of Granada, 1481–1492. London: Greenhill Books. ISBN 1-8536-7193-2. {{cite book}}: |author2= has generic name (օգնություն)
  7. Возрождение, эпоха // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  8. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, Колумб, Христофор
  9. Колумб был испанцем, а не итальянцем, утверждают американские ученые
  10. Քրիստափոր Կոլումբոս, Հայկական հանրագիտարան
  11. The Atlantic Connection: A History of the Atlantic World, 1450-1900
  12. «The letters of Amerigo Vespucci. London, 1894, стр. V». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  13. «Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  14. Encyclopædia Britannica Online, Amerigo Vespucci; and Room, Adrian. 2004. Placenames of the world: origins and meanings of the names for over 5000 natural features, countries, capitals, territories, cities and historic sights: America believed to have derived their name from the feminized Latin version of his first name.

Գրականություն խմբագրել

  • Магидович И. П. История открытия и исследования Северной Америки. — М.: Географгиз, 1962.
  • Магидович И. П. История открытия и исследования Центральной и Южной Америки. — М.: Мысль, 1963.
  • Джон Ллойд и Джон Митчинсон. Книга всеобщих заблуждений. — Фантом Пресс, 2009.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։