Կոբրեզիա պարսկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բոշխազգիներ
Տեսակ Կոբրեզիա պարսկական
Լատիներեն անվանում
Kobresia persica


Կոբրեզիա պարսկական (լատին․՝ Kobresia persica), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

3-10 սմ բարձրությամբ խիտ ճիմ առաջացնող բույս է։ Տերևները գծային են, 0,5 սմ երկարությամբ և դեղնավուն տերևապատյաններով։ Թիթեղների լայնությունը 1-2 մմ է։ Ծաղկաբույլը կազմված է սակավածաղիկ հասկիկներից։ Ծածկող թեփերը շագանակագույն են, առանց սպիտակ-թաղանթային եզրերի։ Պտուղը էլիպսաձև է և 2-2,5 մմ երկարությամբ[1]։

Տարածում խմբագրել

Հանդիպում է Ապարանի ֆլորիստիկական շրջանում։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Նախասկովկասը, Դաղստանը, Հարավային Անդրկովկասը, Ղարաբաղը, Թալիշը, Միջին Ասիան և Իրանը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3000 և ավելի մետր բարձրությունների վրա։ Ծաղկում է հուլիսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հիմնական սպառնալիքը կլիմայի գլոբալ փոփուխությունն է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.