Կոբրաներ
Կոբրաներ (Naja), ասպիդների ընտանիքի թունավոր օձերի սեռ։ Հայտնի է 10 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Ասիայում։ Վտանգի ժամանակ, գրգռված վիճակում, կոբրաները բարձրացնում են մարմնի առջևի մասը, լայնացնում պարանոցը սկավառակի տեսքով և իրարից հեռացնում առջևի ութ զույգ կողերը։ Վերին ծնոտի առջևի մասում են գտնվում թունավոր մեծ ատամները, ետևի մասում՝ 1-3 փոքր ատամները։ Հնդկական կոբրան կամ ակնոցավոր օձը (N. naja) կոբրաներից ամենահայտնին է, հանդիպում է Հարավային Ասիայում։ Մարմնի երկարությունը 160-180 սմ է, մեջքի կողմում, մարմնի լայնացող մասում ունի ակնոց հիշեցնող կլորավուն բաց գույնի նախշեր (այստեղից էլ՝ «ակնոցավոր օձ» անվանումը)։
Ապրում են քարերի, թփերի միջև, կրծողների բներում, լքված շինություններում։ Լավ լողում են, կարող են ծառ բարձրանալ։ Դնում են 8-45 ձու։ Սնվում են երկկենցաղներով, կրծողներով, երբեմն թռչուններով։ Ամենախոշորը և ամենաթունավորը թագավորական կոբրաներն են, որոնց մարմնի երկարությունը 4-5․5 մ է, ապրում են Հնդկաստանի, Բիրմայի, Հնդկաչինի ջունգլիներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 501)։ |