Կլոր դարի կիկլոպյան ամրոց

Կլոր դարի ամրոցը, Ակունք գյուղը գտնվում է Վասակաշեն (Բասարգեչարից) երկու կիլոմետր դեպի հարավ, այդ գյուղից դեպի արևմուտք ընկած է մի առանձին բլուր, որին տեղացիները Կլոր դար են անվանում։

Կլոր դար

Ընդհանուր պեղումներ

խմբագրել

1959 թվականին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ս.Գ. Բարխուդարյանի ղեկավարությամբ այստեղ կատարվել են հետախուզական պեղումներ։ Պեղվել է նշված բլրի ալևելյան լանջի՝ հում աղյուսից կառուցված պարսպի շրջակայքը։ Բարձունքը, որի վրա ժամանակին կանգուն է եղել միջնաբերդը, ունի 200 մետր հյուսիս-հարավ երկարություն և 90 մետր լայնություն։ Բարձունքն իր գագաթում մեկ ու կես հեկտարից ավելի հարթ տարածություն ունի։ Այդ հարթության վրա այժմ շենքերի ոչ մի հետք չի մնացել, բացառությամբ քարերի մի քանի կույտերից, որոնք հետագայում հավաքվել են, այդ տարածությունը վարելահողի վերածելիս։

Սենյակների պեղումներ

խմբագրել

Չնայած շենքերի բացակայությանը, բարձունքի գագաթը, ինչպես նաև լանջերն ունեն հզոր մշակութային շերտ։ Պեղումների շնորհիվ Կլոր դարի արևելյան լանջին բացվեցին մի քանի սենյակներ, որոնք դասավորված են միջնաբերդի պարսպի երկարությամբ և անմիջապես նրա ետևում։ Ինչպես պարիսպը, նույնպես և սենյակների պատերը կառուցվել են անմշակ, միջին մեծության բազալտ քարի շարվածքով. հիմքի վրա, իսկ նրա վրա դրվել է անթիրծ աղյուսից պատ, աղյուսների միացման համար օգտագործվել է սպիտակ հողից պատրաստված շաղախ, որի հանքը գտնվում է բլուրից ոչ հեռու։ Աղյուսներն ունեն համահավասար չափեր՝ 40-50*20-25*10-15 սմ3։ Սենյակների միջնապատերի հաստությունը հասնում է մինչև 1 մետրի, իսկ արտաքին պարսպինը՝ մեկ ու կես մետրի։ Կլոր դարի շրջապատում քարհանքեր չկան, և ամրոցի հիմքի քարերը բերվել են գյուղի մոտի բարձունքի արևմտյան լանջերից։

Ծովակ գյուղի ամրոցը

խմբագրել

Մինչ այժմ հայտնաբերված ամրոցներից Սևանի ավազանի ամենահարավային ամրոցը Ծովակ գյուղի մոտի ամրոցն է։ Ակունքի Կլոր դարի ամրոցը կամ միջնաբերդը հավանորեն հանդիսացել է մի առաջապահ ամրոց Ծովակ գյուղի ամրոցի և առհասարակ Սևանի ավազանի հարավարևելյան ափում, ինչպես Ալբերդը Ղարանլուղում, Եղեգնաձոր տանող ճանապարհի ձորաբերանում։

Միջնաբերդի պեղումներ

խմբագրել

Միջնաբերդը պեղելիս հայտնաբերվեցին խեցեղենի բազմաթիվ կտորներ, անասունների ոսկորներ, օբսիդյան քարի փշրանքներ։ Սենյակներից մեկում գտնվեցին մեծաքանակ փայտի և աթարի մոխիր, փայտածուխ, կիսայրված փայտի կտորներ, մոխրի միջից գտնվեց երկաթի խարամ և մի հալաման աման կամ հալոցք(тигель)։ Ամրոցի ժամանակաշրջանը դժվար է որոշել, վերագրել այն կիկլոպյան տիպի շինարարությանը չի կարելի, ընդհակառակը, կարծիք կա, որ Կլոր դարի ամրոցը կամ միջնաբերդը կարելի է թվագրել վաղ հայկական ժամանակաշրջանով, սակայն, ինչպես վերը նշվեց, Կլոր դարի շուրջը փռված է եղել հսկայական բնակավայր, որն իր նյութերով հասնում է մինչև վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանին։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Կլոր դարի ամրոցը, եթե կապվում է իր շրջապատի հետ ժամանակագրությամբ, ապա անընդհատ վերակառուցվել է ու հարատևել մինչև վաղ հայկական շրջանը։

Պեղումներ ամրոցից դուրս

խմբագրել

Ամրոցից դեպի հյուսիս, հարթավայրում գտնվել են բազմաթիվ կավամանների բեկորներ։1961 թվականին ամրոցից 1000 մետր դեպի հյուսիս հետախուզական պեղում կատարվեց մետր ու կես բարձր բլրակի վրա, կտրելով այն խրամատով(6*6 մետր) և մեկ մետր լայնությամբ։ Պեղման ժամանակ գտնվեցին սև գույնի փայլեցրած, օձի կամ նմամ մի երևակայական սողունի վերադիրով, կավամանի կտոր, որը զուգահեռվում է Էլառի, Քասախի, Էջմիածնի, Դիրաքլարի, Նախիջևանի, Քյոլ-Թափայի, Օզնիի և Բեշտաշենի վայրերից դուրս եկած վաղ բրոնզեդարյան խեցեղենի հետ։ Խրամատի հատակը(1,8 մետր) խորությամբ ծածկված էր սպիտակ հողով, որը տոփանված էր ու խիստ կարծրացած։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայաստանի հնագիտական հուշարձանները, Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները։ Հեղինակ՝ Գ. Հ. Միքայելյան