Կենսաբանական թաղանթների թափանցելիություն, կենսաբանական թաղանթների կարևորագույն հատկություն. բնորոշվում է բջջից դուրս և դեպի բջիջ տարբեր նյութեր (ամինաթթուներ, շաքարներ, իոններ և այլն) անցկացնելու ունակությամբ։ Կարևոր է բջջի բաղադրության կայունության և օսմոկարգավորման, ֆիզիկա-քիմիական հոմեոստազի պահպանման համար։

Հեմոդիալիզիսի ժամանակ կիսաթափանցիկ թաղանթի սխեմա։ Արյունը կարմիր է, դիալիզվող հեղուկը կապույտ է, թաղանթը՝ դեղին

Նշանակություն խմբագրել

Մեծ դեր է խաղում նյարդային ազդակի (իմպուլս) առաջացման և հաղորդման, բջջի էներգիայի ապահովման և կենսագործունեության այլ գործընթացներում։ Կախված է բջջի և միջավայրի միջև օսմոտիկական պատնեշ հանդիսացող թաղանթների կազմության առանձնահատկություններից։ Կենսաբանական թաղանթներն անցկացնում են ոչ մեծ քանակությամբ ցածրամոլեկուլային ճարպալույծ նյութեր (գլիցերին, սպիրտներ, միզանյութ և այլն)։ Դա հասարակ դիֆուզիա է և քիչ դեր է խաղում թաղանթներով նյութերի անցման ժամանակ։ Նյութերի բարդ և կարևոր տեղափոխումը՝ տրանսլոկացիան, կատարվում է հատուկ համակարգերի մասնակցությամբ։ Այդ համակարգերը պարունակում են փոխադրիչներ (սպիտակուցներ կամ լիպոպրոտեիդներ) և հնարավոր այլ բաղադրամասեր (օրինակ՝ ռեցեպտորներ), որոնք իրականացնում են տեղափոխման հետ կապված գործառույթներ։

Կարգավորում խմբագրել

Կենսաբանական թաղանթների թափանցելիությունը կարգավորվում է հորմոններով և կենսաբանական այլ ակտիվ նյութերով։ Օրինակ՝ որոշ հորմոններ (ինսուլին և այլն) մեծացնում են էրիթրոցիտների, մկանային և ճարպային բջիջների թաղանթների թափանցելիությունը։ Գրգռվող բջիջների (օրինակ՝ նյարդային) կենսաբանական թաղանթների թափանցելիությունը պայմանավորված է հատուկ նյութերով՝ միջնորդանյութերով (ացետիլխոլին և այլն)։ Իոնների համար կենսաբանական թաղանթների թափանցելիության վրա խիստ ազդում են հակաբիոտիկները (վալինոմիցին, գրամիցիդին, նոնակտին), ինչպես նաև որոշ արհեստական բազմաէսթերներ։

Հետազոտություններ խմբագրել

Կենսաբանական թաղանթների թափանցելիության հետազոտումը մոլեկուլային կենսաբանության կարևորագույն հիմնախնդիրներից է, որտեղ մեծ նշանակություն ունեն նաև մոդելային արհեստական թաղանթները։ Կենսաբանական թաղանթների թափանցելիության ուսումնասիրման համար լայնորեն կիրառվում են էլեկտրաքիմիական, ֆիզիկական և քիմիական մեթոդներ։ Սինդի Լոյբը և Սրինիվասա Սուրիրաջան ստեղծել են առաջին սինթետիկ կիսաթափանցիկ թաղանթը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «High flow porous membranes for separating water from saline solutions US 3133132 A». 1964 թ․ մայիսի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 367