Կետե Կոլվիցի թանգարան (գերմաներեն՝ Käthe Kollwitz Museum), գերմանացի նշանավոր նկարչուհի Կետե Կոլվիցի (1867–1945) աշխատանքների ամենամեծ հավաքածուներից մեկն ունեցող մշակութային օջախ Բեռլինում, որի Պրենցլաուեր Բերգ շրջանում նկարչուհին ապրել ու աշխատել է ավելի քան հիսուն տարի[1][2]։

Կետե Կոլվիցի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԲեռլին
ՀասցեSpandauer Damm 10, 14059 Berlin
Հիմնադրվել է1986
Կայքkaethe-kollwitz.berlin
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը բացվել է 1986 թվականին։ Նրա ակունքներում կանգնած է արվեստի գործերի հավաքորդ Հանս Պելս-Լոյսդենը (վախճանվել է 1993 թվականին)[1][2], ով Կոլվիցի գործերից սկսել է ժողովել սկսած 1950 թվականից և դրանցով 1965-ին կազմակերպել է նրա աշխատանքների իր առաջին ցուցահանդեսը[3]։ Նա թանգարանին է նվիրել 95 տպագիր գրաֆիկական աշխատանք, 40 մատիտանկար և 10 բնօրինակ պլակատ։

Թանգարանի հավաքածուում ներկայումս կա 200-ից ավելի աշխատանք՝ ներառյալ գրավյուրներ, մատիտանկարներ, պլակատներ, քանդակներ, փայտափորագրություններ։ Հիշատակության արժանի գործերից են հատկապես վիմագրական Brot!-ը (1924), ինքնադիմանկարը, փայտափորագրական Krieg շարքը (1922/23), մահվան թեմայով աշխատանքները, ի հիշատակ Կարլ Լիբկնեխտի արած քսիլոգրաֆիան (1919/1920)[1][2]: Վերևի հարկում տեղադրված է Կոլվիցի 2,1-մետր բարձրությամբ արձանը (քանդակագործ՝ Գուստավ Զայտց)։

Թանգարանը, որտեղ տարեկան երկու անգամ հատուկ ցուցահանդեսներ են կազմակերպվում[2], գտնվում է Ֆազանեշտրասե փողոցի վրա, 1871 թվականին կառուցված և 1897-ին ուշ կլասիցիստական ոճով վերակառուցված մի վիլլայում։ Կառույցը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասամբ խարխլվել է և մինչև 1980 թվականը վերակառուցվել (թեև՝ ոչ ամբողջովին)[4]։ Ներկայումս այն, այսպես կոչված Wintergartenensemble-ի՝ Ձմեռային այգու համալիրի մաս է կազմում՝ մերձակայքում գտնվող բեռլինյան գրական տան (Literaturhaus Berlin), Wintergarten սրճարանի, Գրիզեբախ վիլլայի (Villa Grisebach) հետ մեկտեղ[5]

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • John Lochner-Griffith: Fasanenstraße 24 - das künftige Käthe-Kollwitz-Museum. In: Deutsche Bank AG (Hrsg.): Stadtvilla Grisebach und Käthe-Kollwitz-Museum, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետե Կոլվիցի թանգարան» հոդվածին։