Փակ շուկա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Փակ շուկա կամ Կենտրոնական ծածկած շուկա, 1952 թվականին կառուցված շուկայի շենք Երևանում, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում (Մաշտոցի պողոտա 3)։ Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան, ճարտարագետ՝ Հ․ Առաքելյան։
Փակ շուկայի շենքի ֆասադը 2019 թվականին | |
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Մեսրոպ Մաշտոցի պող. 3ա[1] |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական առանձնահատկություններ
խմբագրելՇուկայի շենքը Մաշտոցի պողոտայի (կառուցման ժամանակ Ստալինի պողոտա) կարմիր գծից մի փոքր ետ է ընկած, որը մի փոքր հրապարակ է ստեղծել գլխավոր մուտքի առաջ։ Հեղինակները շենքի ֆունկցիոնալ նշանակության հետ մեկտեղ, հասել են բարձր գեղարվեստական արտահայտչականության[2]։
Հատակագծում ուղղանկյուն շինությունը բաղկացած է կենտրոնական 2300 մ² տարածքով առևտրի դահլիճից և նույն հարթության վրա դահլիճին երկու կողմից հարակից առևտրի կետերի և խանութների շարքերից և նրանց վերևում սրահներից։ Վաճառասրահի կամարակապ առաստաղը ունի 70 մետր երկարություն և 32 մետր լայնություն։ Միջնադարյան քարավանատների օրինակով ծածկված է մեկ թաղով, որը 4 մետրը մեկ 19 կամար ունի[3]։ Ծածկած շուկայի մուտքի հակառակ ճակատային մասում կառուցված է մսի պասսաժը, որը կամարաձև խոշոր բացվածքով միանում է գլխավոր վաճառասրահ հետ։
Հզոր կամարային բացվածքով ճակատային պատը երկու կողմից ամփոփված է ավելի ցածր ծավալներով։ Դրանք երկրորդ հարկի սրահներ են, ուր կարելի է բարձրանալ գլխավոր մուտքի երկու կողմերում տեղադրված բաց աստիճաններով։ Կամարի վերևի հարթությունում բացվածքներ կա, որոնք ընդգծում են կամարի ծավալը։ Գլխավոր կամարի բացվածքում ագուցված է չուգունե վիտրաժ, որը գեղեցիկ քանդակներից կերտված մի ընդհանուր բրոնզապատ հյուղվածք է[4]։ Վիտրաժի մոտիվները վերցված են Մակարավանքի բեմի զարդաքանդակներից և մեկնաբանված են մետաղական կոնստրուկցիայով և հարստացված նոր ձևերով[5]։ Վիտրաժի մեջ է գտնվում գլխավոր դուռը։
Շուկայի պատմությունից
խմբագրել- Նախկինում Փակ շուկայի տարածքում առևտրային հրապարակ է եղել՝ 50-60 կրպակներով և սրճարաններով։
- Հանձնվել է շահագործման 1952 թվականի ապրիլի 28-ին։
- Շինարարության ժամանակ օգտագործել են Կիևյան կամուրջի կամարների կաղապարները[6]։
- Շուկայի ներսում փոքրիկ շատրվանով ջրավազան կար, և այնտեղ մանրադրամ գցելու ավանդույթ էր առաջացել[6]։
- 1968 թվականին Կենտրոնական ծածկած շուկայի շինությունը ստացել է ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։
- Այժմ մասնավոր սեփականություն է, գործում է որպես առևտրի կենտրոն։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ В. М. Арутюнян, К. Л. Оганесян, Архитектура советской Армении, Ереван, 1955 (ռուս.)
- ↑ Տվյալները 1981 թվականին ճարտարապետ Կարեն Բալյանի կազմած Փակ շուկայի անձնագրից են, Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն
- ↑ Երևանի Ծածկած Շուկան, Սովետական Հայաստան, Ապրիլի 27, 1952 թ.
- ↑ Դավիթ Ստեփանյան, «Հայերեն խոսող հուշարձաններ», 2015
- ↑ 6,0 6,1 Մեդիամաքս, Լոլա Դոլուխանյանը Փակ շուկայի ստեղծման մասին
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փակ շուկա կատեգորիայում։ |