Կարլովցիի կոնգրես, 1698—1699 թվականներին, միջազգային համաժողով, որ գումարվել է 1698 թվականի հոկտեմբերին, Սլավոնիայի Կարլովցի բնակավայրում՝ «Սրբազան լիգայի» անդամ պետությունների (Ավստրիա, Վենետիկ, Լեհաստան, Ռուսաստան) և Օսմանյան կայսրության միջև հաշտության պայմանագիր կնքելու համար։ Մինչ այդ Թուրքիան մի շարք պարտություններ էր կրել կոալիցիայի անդամ երկրներից, ջախջախիչ հարված ստացել 1683 թվականին՝ Վիեննայի մոտ։ «Սրբազան լիգայի» երկրների միջև ծագած լուրջ հակասությունները, հատկապես նրանց ընդդիմությունը Ռուսաստանի դիրքերի ուժեղացմանը Սև ծովում, հանգեցրին նրան, որ ընդհանուր պայմանագրի փոխարեն դաշնակիցները անջատ պայմանագրեր կնքեցին Թուրքիայի հետ (1699 թվականի հունվարի 16-ին՝ Լեհաստանը, հունվարի 26-ին՝ Ավստրիան ու Վենետիկը)։ Հունվարի 24-ին Ռուսաստանը ստորագրեց լոկ երկու տարվա զինադադարի պայմանագիր, որը փոխարինվեց 1700 թվականի Կոստանդնուպոլիսի հաշտության պայմանագրով։ Լեհաստանն ստացավ Աջափնյա Ուկրաինայի հարավային մասը և Պոդոլիան, Ավստրիան՝ Հունգարիայի տերիտորիայի մեծ մասը, Տրանսիլվանիան, Խորվաթիան և համարյա ամբողջ Սլավոնիան, Վենետիկը՝ Մորեան, Արշիպելագի կղզիները և բերդեր Դալմաթիայում։ Զինադադարի պայմանագրով Ռուսաստանին մնաց Ազովը։

Կարլովցիի պայմանագրի կնքման վայրում կառուցված Խաղաղության աղոթատեղին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 326