Կատոսավանք, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Շեյլանլիից ընդամենը 1,5 կմ հարավ-արևելք, Հոչանց գետից 1 կմ հարավ (աջ կողմում) և ծովի մակերևույթից 1640-1760 մ բարձրության վրա (գետափից շուրջ 280 մ միջին բարձրությամբ) գտնվում է պատմական անվանումը պահպանած Կատոս գյուղը։ Վերջին երկու հարյուրամյակում հարևան գյուղերի նման Կատոսը նույնպես բնակեցված է եղել քրդերով, ընդհուպ մինչև 1985 թ.[1]:

Կատոսավանք
Հիմնական տվյալներ
Տեսակկրոնական կառույց
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՔաշաթաղի շրջան
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Կառուցման սկիզբIX

1567 թ. Հակարու երկրի Գետուզ գյուղում գրված մի ձեռագիր «Ավետարան»-ի[2] գոյությունը կարծել է տալիս, թե Գետուզն ու Կատոսը միևնույն գյուղի քիչ այլակերպված արտասանություններն են։ Կատոս գյուղից 1 կմ հյուսիս, Հոչանց գետի աջ ափից 20 մ բարձրությամբ մի բլրալանջի պահպանված է բազիլիկ եկեղեցու ավերակները։ Կոփածո քարով ու կրաշաղախով (անկյունաքարերը սրբատաշ են, քարատեսակը՝ բազալտ) կառուցված միանավ շինությունն արևելք-արևմուտք ուղղությամբ ունի բավականին նեղ ու ձգված հորինվածք[3]։

Շինության բուն հորինվածքում ավանդատներ նախատեսված չեն եղել, բայց այդպիսիք կառուցվել են եկեղեցուն կից՝ հյուսիսային և հարավային կողմերից։ Այդ ավանդատների մուտքերն առանձին են եղել և եկեղեցու ներսից հաղորդակցում չեն ունեցել։ Դրա ու նաև նկատելի ընդարձակ չափերի (հարավայինը՝ 7,60x3,50 սմ, հյուսիսայինը՝ 6,90x2,25 սմ) շնորհիվ ավանդատներն ավելի շուտ մատուռների կամ փոքր եկեղեցիների տպավորություն են թողնում։ Եկեղեցու պահպանված որմերին արձանագրություններ չկան։ Ունի խիստ և զուսպ արտաքին հարդարանք։ Այդ տեսակետից բացառություն է կազմում հարավային ճակատից բացված լուսամուտի պսակը։ Պատերի հաստությունը տատանվում է 1,0-1,1 մետրի մեջ։ Արտաքին չափերն են 16,7x6,9 մ։ Հատագծային, հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունները թերևս հնարավորություն են տալիս եկեղեցու կառուցումը թվագրել IX-XI դարերին։

Եկեղեցու հարավ-արևելյան կողմում տարածված է միջնադարյան գերեզմանոցը։ Այս հնավայրը միտումնավոր կերպով և հիմնահատակ ավերման է ենթարկվել 1989-1992թթ.: Ներկայումս բոլոր շիրմաքարերը տեղահան արված ու կոտրտված վիճակում են, իսկ միակ արձանագիր խաչքարը անհետացել էր։ Խաչքարի եզրագոտով ձգվող արձանագրության սկզբնամասն արդեն հողմնահար վիճակում էր։ Վիմագրի վերծանությունը հետևյալն է.

...(ԿԱՆ)ԳՆԵՑԻ ԶՍ(ՈՒՐ)Բ ՆՇԱՆՍ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹ(ԵԱՄ)Բ ՀԱՅՐ ԳՐ(Ի)ԳՈՐՈՅ, ՅԻՇԵՍՋԻՔ Ի Ք(ՐԻՍՏՈ)Ս։

[4]

Հուշարձանախմբից արևելք և արևմուտք տարածված են հին գյուղատեղիների ավերակներ։ Դրանցից առավել ընդարձակն է արևմտակողմինը։ Հնավայրում բազմաթիվ են անմշակ քարով շարված երբեմնի բնակարանների հիմնապատերը։

Կատոս գյուղի մերձակայքի կարևոր հուշարձաններից է նաև վանքից շուրջ 800 մ արևմուտք, Հոչանց գետի վրա գցված միջնադարյան մի մեծաթռիչք կամրջի մնացորդները։ Կամրջի առավել լավ պահպանված ձախափնյա խելն ունի 7,50 սմ լայնություն, իսկ թռիչքի երկարությունը եղել է ավելի քան 12 մ։ Կամուրջն ամբողջապես կառուցված է սրբատաշ կապտամանուշակագույն բազալտից կրաշաղախով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կարապետյան, Սամվել (1999). Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն». էջեր 156-158:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «Ցուցակ Ձեռագրաց», հատոր Ա, ձեռ. N4932. Երևան. 1965.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Սյունիքն ու Արցախը կապող կամրջի հենասյունը. Հոչանց գետով են երիզվել նրանց սահմանները». My Application. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.