Կատարինա Դալտոն
Կատարինա Դալտոն (անգլ.՝ Katharina Dalton, նոյեմբերի 11, 1916[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 17, 2004[1], Պուլ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բժիշկ և նախադաշտանային համախտանիշի ուսումնասիրման ռահվիրա։ Համարվում է, որ նա է ստեղծել համախտանիշի անունը։
Կատարինա Դալտոն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1916[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 17, 2004[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Պուլ, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Royal Free Hospital? |
Մասնագիտություն | բժիշկ |
ԿենսագրությունԽմբագրել
Կատարինա Դորոթեա Կուպերսը ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 11-ին Լոնդոնում։ Մանուկ հասակում ցանկացել է բժիշկ դառնալ և Լոնդոնի Foot Hospital հիվանդանոցում կրթաթոշակի արժանանալուց հետո վերապատրաստվել է որպես ոտքերի բժիշկ[2]։
Առաջին ամուսնու՝ Ուիլֆրեդ Թոմփսոնի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվելուց հետո Դալտոնը որոշել է բժշկական ոլորտում փոխել մասնագիտությունն ու ի վերջո Ռոյալ Ֆրի հիվանդանոցում բժշկի աստիճան ստանալ[3]։
1948 թվականին Բժիշկ Դալտոնը ներգրավվել է նախադաշտանային համախտանիշի ուսումնասիրման աշխատանքներում, երբ որպես բժշկական համալսարանի 32-ամյա հղի ուսանող հասկացել է, որ իր ամենամսյա միգրենային գլխացավն անհետացել է։ Խորհրդակցելով էնդոկրինոլոգ Ռայմոնդ Գրինի հետ[4]՝ նա եզրակացրել է, որ գլխացավերը պրոգեստերոն հորմոնի պակասի հետևանքն են․ հորմոնը նվազում է դաշտանից առաջ, բայց ավելանում հղիության ընթացքում։ Հետագա կլինիկական ուսումնասիրությունից հետո՝ 1953 թվականին, բժիշկ Դալտոնը Գրինի հետ միասին բրիտանական բժշկական ամսագրերում հրապարակել է իր տեսությունը՝ առաջին անգամ օգտագործելով նախադաշտանային համախտանիշ կամ ՆԴՀ տերմինը[5]։
Բժիշկ Դալտոնը, ով իր սեփական գործունեությունն սկսելուց հետո բուժել է բազմաթիվ կանանց, եզրակացրել է, որ ՆԴՀ-ն պարբերական հորմոնային խախտում է, որը տեղի է ունենում օվուլյացիայից 14 օր հետո և որի առավել ծանր ախտանիշներն ի հայտ են գալիս դաշտանից առաջ՝ օվուլյացիայի վերջին 4 օրերի ընթացքում։ Մի շարք տղամարդ գործընկերների տեսակետներին ուղղակիորեն հակասելով՝ նա պնդել է, որ ախտանշաններն ավելի շատ ֆիզիկական բնույթի են, քան թե հոգեբանական, և ներառում են միգրենային գլխացավեր, ասթմա, էպիլեպսիա, մաշկի ախտահարում, դյուրագրգռություն, գերհոգնածություն և դեպրեսիա[5]։
Բացի իր հիվանդներից, նա ուսումնասիրել է դեռահաս դպրոցական աղջիկների, բռնության ենթարկված երեխաների մայրերի և կանանց, ովքեր բանտարկվել են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանության համար։ Նրա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՆԴՀ-ի ծանր դեպքերում աշակերտուհիների առաջադիմությունը նվազում է, և հավանականությունը մեծանում է, որ կանայք բռնության կենթարկեն իրենց երեխաներին կամ հանցանք կգործեն։ Ելնելով պատմական վկայություններից՝ նա նույնիսկ եզրակացրել է, որ Վիկտորյա թագուհին տառապել է ՆԴՀ-ով, ինչն ի հայտ է եկել ամեն ամիս նրա գոռոցների ու ամուսնու՝ արքայազն Ալբերտի վրա իրեր նետելու մասին զեկույցների մեջ[5]։
Դալտոնին է վերագրվել խանգարման ախտորոշման համար դաշտանային դիագրամներ կազմելը և նաև պնդումները, որ կանանց մոտ ՆԴՀ-ի ժամանակահատվածը բնորոշվում է ինքնասպանության փորձերի ավելի բարձր ցուցանիշներով, ալկոհոլի չարաշահմամբ ու դաժան հանցագործություններ գործելով։
Բժիշկ Դալտոնը պնդել է, որ ՆԴՀ-ը հիմնականում առաջանում է պրոգեստերոնի անբավարարությունից և կարող է բուժվել հորմոնային թերապիայի միջոցով։ Նա նաև կարծել է, որ հորմոնը կարող է օգտագործվել հետծննդյան դեպրեսիան թեթևացնելու համար։ Բայց այսօր շատ փորձագետներ համամիտ չեն այս տեսակետին, փոխարենը ՆԴՀ-ի բուժման հարցում վստահում են սերոտոնինի ընտրողական ընդունման խանգարիչներին և այլ դեղամիջոցներին[6]։
Իր հետագա աշխատանքներում բժիշկ Դալտոնի օգնությամբ ապացուցվել է, որ ՆԴՀ-ն կարող է սրել դեպրեսիան ու այլ խանգարումները, ինչը հատկապես դրսևորվում է դաշտանային ցիկլի վերջին կամ դաշտանի սկզբի մի քանի օրերին[6]։ Նա դարձել է բրիտանական թագավորական բժշկական ընկերության ընդհանուր պրակտիկայի բաժնի առաջին կին նախագահը[5]։
Դոկտոր Դալտոնի մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ ՆԴՀ-ի որոշ ախտանիշներ, ինչպիսիք են զարկերակային գերճնշումը, այտուցները և մեզի մեջ ալբումինի առկայությունը, ապացուցում են հղիության ընթացքում պրեէկլամպսիայի առկայությունը։ Ախտանիշներ հայտնաբերելու վաղ շրջանում հիվանդներին տրվել է պրոգեստերոնի նախնական չափաբաժին, իսկ դրանից հետո՝ եթե ախտանիշները դեռևս առկա էին, նրանք շարունակական բուժում են ստացել։ Ծննդատներում պրոգեստերոն օգտագործելու արդյունքում պրեէկլամպսիայի դեպքերի քանակը մակարդակը 9%-ից նվազել է մինչև 1%[7]։
Դալտոնը հրաժարվել է բուժման ընթացքում պրոգեստոգենի (սինթետիկ պրոգեստոգենների) օգտագործումից, որովհետև կարծում էր, որ այն տարբեր կողմնակի ազդեցություններ ունի[8]։ Բուժումների համար ընտրել է բնական պրոգեստերոնը, ինչը հայտնաբերվել է քաղցր կարտոֆիլում[5]։ Բացի դրանից, Դալտոնը կողմնակից էր միայն բնական պրոգեստերոնին, որովհետև նա պնդում էր, թե միայն բնականն է համապատասխանում պրոգեստերոնի ընկալիչներին[7]։ Իր բուժումների մեծամասնության դեպքում օգտագործել է պրոգեստերոնի մեծ չափաբաժիններ, քանի որ կարծել է, թե վտանգավոր չափաբաժին չկա և 400 միլիգրամը նվազագույն չափաբաժինն է։ Պրոգեստերոնի մյուս դրական կողմերից է կանանց մոտ մազերի ինտենսիվ աճն ու գլխուղեղի վնասվածքների բուժումը։
Գրել է բեսթսելլեր դարձած «Ամիսը մեկ անգամ․ նախադաշտանային համախտանիշի բնագիր ձեռնարկ» (1978թ․) և «Դեպրեսիա ծննդաբերությունից հետո․ ինչպես տարբերել, բուժել և կանխել հետծննդյան դեպրեսիան» աշխատությունները։
Անձնական կյանքԽմբագրել
Իր առաջին ամուսնու մահից հետո ամուսնացել է Թոմ Դալտոնի հետ, որը մահացել է 1992 թվականին։ Ունեցել է 4 երեխա՝ Մայքլ, Թոմաս, Ուենդի և Մաուրին, ու նաև 5 թոռ, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտի բրիտանացի անդամ Դանիել Դալտոնը[5]։
Վախճանվել է Բրիտանիայում 2004 թվականի սեպտեմբերի 17-ին՝ 87 տարեկան հասակում․ ընտանիքը չի հստակեցրել նրա մահվան պատճառը[9]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ https://www.telegraph.co.uk/news/obituaries/1472855/Katharina-Dalton.html
- ↑ O'Connor Anahad։ «Katharina Dalton, Expert on PMS, Dies at 87»։ New York Times։ The New York Times Company։ Վերցված է 2014-12-11
- ↑ Raymond Greene
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Oliver Myrna (սեպտեմբերի 28, 2004)։ «Katharina Dalton, 87; First Doctor to Define, Treat PMS» – via LA Times
- ↑ 6,0 6,1 O'Connor Anahad (սեպտեմբերի 28, 2004)։ «Katharina Dalton, Expert on PMS, Dies at 87» – via NYTimes.com
- ↑ 7,0 7,1 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-01-ին։ Վերցված է 2017-03-17
- ↑ «Katharina Dalton and progesterone dangers»։ The BMJ։ հունվարի 31, 2018
- ↑ «PMS Researcher Dies at 87»։ սեպտեմբերի 26, 2004 – via nbcnews.com
Արտաքին հղումներԽմբագրել
- «Թայմսի» մահախոսականը՝ բժիշկ Կատարինա Դալտոն
- [1] «Նյու Յորք Թայմսի» մահախոսականը Կատարինա Դալտոնի մասին
- [2] «Լոս Անջելես Թայմսի» մահախոսականը Կատարինա Դալտոնի մասին
- [3] Archived 2013-10-31 at the Wayback Machine. «Ի հիշատակ բժիշկ Կատարինա դալտոնի»
- [4] «ՆԴՀ-ի հետոզոտողը մահանում է 87 տարեկանում»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կատարինա Դալտոն կատեգորիայում։ |