Կավալեր քինգ չարլզ սպանիել

Կավալեր քինգ չարլզ սպանիել (անգլ.՝ Cavalier King Charles Spaniel), շան ցեղատեսակ, փոքր սպանիել։ Ինչպես բոլոր սպանիելները, այնպես էլ այս մեկը համարվում է տնային կենդանի։

Կավալեր քինգ չարլզ սպանիել
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Միացյալ Թագավորություն
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղի պատմություն խմբագրել

Կավալերի ծագումը կապված է թոյ սպանիելի մեկ այլ տեսակի՝ քինգ չարլզ սպանիելի ծագման հետ, իսկ որպես ինքնուրույն ցեղատեսակ ճանաչվել է միայն 20-րդ դարում։

Հնարավոր է, որ Ասիայում տարածված սպանիել ցեղատեսակի փոքրիկ շները, ինչպես ճապոնական խիները և տիբեթյան սպանիելները, բերվել են մայրցամաքային Եվրոպա և հանգեցրել եվրոպական սպանիելների բազմատեսակությանը։ Փոքրիկ սպանիելները արդեն 15-16-րդ դարերում պատկերվել են եվրոպացի՝ իտալացի, գերմանացի, ֆրանսիացի, հոլանդացի, իսպանացի նկարիչների կտավներում։ Այս տեսակի սպանիելները մեծ պահանջարկ են ունեցել թագավորական պալատներում և Եվրոպայի հարուստ տներում։ Ենթադրվում էր, որ նրանք կարող են թեթևացնել ցավն ու լարվածությունը։ Անգլիական սպանիելները մեծ տարածում են ստացել հատկապես Ստյուարտների դինաստիայի օրոք։ Անգլիայի թագավոր Չարլզ II-ին միշտ ուղեկցել են մի քանի փոքրիկ սպանիելներ և հենց նրա անունով էլ կոչվել են այս տեսակի սպանիելները։ Սկսած Վիլհեմ III Օրանացուց, որը սիրում էր մոպս տեսակի շներ, քինգ չարլզ սպանիելները կորցրել են իրենց ժողովրդականությունը արքունիքում, իսկ սպանիելների տեսքը փոխելով՝ փորձում էին նմանեցնել մոպսերին։ Նոր տեսակի քինգ չարլզերը կարճ դունչ, գմբեթաձև գանգ և ցածրադիր ականջներ ունեին։ Որոշ ժամանակ պահպանվել է նաև հին տեսակը՝ երկար դնչով և հարթ գլխով, բայց 19-րդ դարի վերջին կարճ դնչով սպանիելները լիովին արդեն գերակշռել են[1]։

Ըստ պատմական աղբյուրների սպանիելների այս տեսակը անվանակոչվել է ի պատիվ թագավորի կավալերների։ Կավալեր քինգ չարլզ սպանիել տեսակի առաջին ստանդարտը եղել է 1928 թվականին Մեծ Բրիտանիայում։ Անգլիական Քեննել ակումբը ճանաչել է այս ցեղատեսակը 1945 թվականին, իսկ FCI-ը՝ 1955 թվականին[2]։

Արտաքին տեսք խմբագրել

Կավալեր քինգ չարլզ սպանիելը հաճելի արտաքինով նուրբ և ակտիվ շուն է։ Գլուխը ականջների միջև հարթ է, դունչը՝ կոնաձև, քիթը՝ սև։ Աչքերը կլոր են, մեծ, մուգ, լայնադիր։ Ականջները սուր են, բարձր, բրդոտ։ Մարմինը կարճ է, մեջքը՝ ուղիղ, կողոսկրերը՝ կլորացված։ Պոչը ցածր է պահում, կազմում է մեջքի 1/3-ը[2][3]:.

Բուրդը երկար է, մետաքսանման, կարող է լինել փոքր-ինչ ալիքավոր, զարդարող մազերը առաջացնում են առատ մազափնջեր։ Ցուցադրական շների մազերը չեն կտրում։ Այս ցեղատեսակի շները հիմնականում չորս գույնի են լինում` սև՝ վառ բծերով, վառ մուգ կարմիր (ռուբինի գույն), եռագույն (սև բծերով) և բլենհեյմ[3]։

Բլենհեյմ գունավորումը նկարագրվում է որպես վառ, մարգարտե սպիտակի ֆոնին հստակ ուրվագծված դարչնագույն բծերով։ Մուգ բծերը գլխին համաչափ են լինում՝ թողնելով բավականին շատ սպիտակ տարածք ճակատի և ականջների միջև։ Այս տեղում կարող է լինել շագանակագույն շեղանկյունաձև «Բլենհեյմի հետքը», որը հատկապես գնահատվում է և համարվում ցեղատեսակի նշան[3]։

Բնավորություն և օգտագործում խմբագրել

Կավալեր քինգ չարլզ սպանիելները ակտիվ, զգացմունքային, անվախ կենդանիներ են։ Շները խաղասեր են, հակված չեն նյարդայնանալու[3]։ Դրանք հարմար են կարճատև որսի համար և, ընդհանուր առմամբ, հիանալի դեկորատիվ շներ են[4]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.
  2. 2,0 2,1 Пикерел Т. Собаки: иллюстрированная энциклопедия = The spirit of the dog: An illustrated history / пер. Кутдюсовой А. Р. — М.: ЭКСМО, 2014. — С. 274-277. — 288 с. — ISBN 978-5-9--71970-9
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Cavalier King Charles Spaniel: FCI-standard № 136» (PDF) (անգլերեն). FCI. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  4. Пуньетти, Джино Кавалер кинг чарльз спаниель // Энциклопедия собаки / пер. С. Петрова. — Крон-Пресс, 1998. — ISBN 5-232-00595-2

Գրականություն խմբագրել

  • Мищиха О. Карликовые, или той-спаниели: кавалер-кинг-чарльз-спаниели, а также кинг-чарльз-спаниель // Друг : журнал. — 2009. — № 8. — С. 66—73. — ISSN 1609-0527.

Արտաքին հղումներ խմբագրել