Կանոնական օրենսդրություն

«Կանոնական օրենսդրություն», Դավիթ Ալավկաորդու (Գանձակեցի) խրատական կանոնները՝ գրված 12-րդ դարի սկզբին (մոտավորապես 1130 թվականին)։

Արտացոլել է Արևելյան Հայաստանի, մասնավորապես հայ Աղվանքի ավատատիրական հասարակարգի ներքին կյանքը։ Բաղկացած է եղել նախադրությունից և 97 հոդվածներից։

Կիրակոս Գանձակեցին «Կանոնական օրենսդրությունը» համարել է «գեղեցկահարմար և պիտանցու»։ Հիմնական աղբյուրներն են՝ ավատատիրական սովորութային ու եկեղեցական իրավունքները։ Հետապնդել է մշակութա-կրթական նպատակներ, դեմ արտահայտվել այսպես կոչված «անբարոյական բարքերին», առաջարկել առողջապահական միջոցառումներ, դատապարտել սնահավատությունը, հոգևորականների ընչաքաղցությունը, ախտերը, արտամուսնական կապերը, սահմանել կանոնավոր սեռական հարաբերության, ծննդաբերության, անվճար ուսուցման և հասարակական այլ հարաբերությունների կարգավորման նորմեր։

Աշխատությունից մասամբ օգտվել է Մխիթար Գոշը։ Առաջին անգամ լրիվ տեքստը լույս է տեսել 1953 թվականին («էջմիածին», Ա. Գ. Աբրահամյան)։ Հիշյալ հրատարակության և այլ ձեռագրերի հիման վրա 1961 թվականին Բելգիայում, անգլերեն թարգմանությամբ, առաջաբանով և գիտական ցանկով հրատարակել է Չարլզ Դաուսեթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 240