Կաղնի արևելյան
Կաղնի արևելյան | |
Կաղնի արևելյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Հաճարազգիներ (Fagaceae) |
Ցեղ | Կաղնի (Quercus) |
Տեսակ | Կաղնի արևելյան (Q. macranthera) |
Միջազգային անվանում | |
Quercus macranthera | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Կաղնի արևելյան (լատին․՝ Quercus macranthera), հաճարազգիների ընտանիքի, կաղնի ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՏերևաթափ ծառ է՝ մինչև 20 մ բարձրությամբ, հաստ, կարճ բնով և ամուր, խոշոր ճյուղերով, որոնք առաջացնում են վրանաձև, կոմպակտ սաղարթ։ Կեղևը հաստ է, ճաքճքված, մուգ գույնի։ Ընձյուղները համատարած կերպով ծածկված են երկար, դեղնամոխրավուն կոշտ աղվամազով, որոնք ճյուղերի տարիքի ավելանալու հետ միաժամանակ վերանում են։ Բողբոջները ունեն 5-6 մմ երկարություն, օվալաձև են, մազմզուկապատ թեփուկներով ծածկված։ Տերևակիցը խիտ աղվամազով է ծածկված և ունի 1,5 սմ երկարություն։ Տերևակոթունի երկարությունը հասնում է 1,5 սմ-ի։ Տերևները ամուր են, գրեթե կաշվեկերպ, 10-18 սմ երկարությամբ և 3 -12 սմ լայնությամբ, վերևի կողմից մուգ կանաչավուն, սկզբնական շրջանում աղվամազապատ, այնուհետև գրեթե մերկ և մազմզուկապատ միայն ջղերի երկարությամբ, Ներքևի կողմից դեղնամոխրավուն, հակառակ-օվալաձև, սեպաձև հիմքով, գագաթին կարճ բութ բլթակով, յուրաքանչյուր կողմից 8 - 12 կարճ, բութ, ամբողջաեզր կամ խոշոր-ատամնավոր բլթակներով, որոնք ավելի խոշոր են տերևի միջին մասում։ Տերևները սկզբնական շրջանում Ներքևի կողմից ծածկված են դեղնամոխրավուն աղվամազով, որը հետագայում թափվում է։ Առէջային ծաղիկները խոշոր են, ունեն 10 - 15 սմ երկարություն, խիտ աղվամազով ծածկված առանցքով։ Փոշանոթները խոշոր են, մինչև 1,5 սմ երկարությամբ։ Կաղինները հասնում են 2-2,5 սմ երկարության, նստադիր են կամ գտնվում են 2 սմ երկարությամբ պտղակոթունի վրա։ Պտղագավաթը կիսագնդաձև է, մինչև 1,5 -2 սմ տրամագծով, որը ընդգրկում է կաղինը նրա մեկ երկրորդ կամ մեկ երրորդ չափով։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Կովկասում և Հյուսիսային Իրանում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Ջանգեզուրում, Մեղրիում։ Աճում է բոլոր տիպի անտառներում, մինչև 1300-2600 մ բարձրության վրա, հիմնականում հարավային (հյուսիսարևելյան շրջաններ), երբեմն՝ հյուսիսային թեքությունների վրա (Ջանգեզուր)։
Կիրառություն
խմբագրելԱմենացրտադիմացկուն և երաշտադիմացկուն կաղնին է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, լուսասեր է։ Լավ է հարմարվել քաղաքի յուրահատուկ պայմաններին, հատկապես ծխին, զանազան գազերին, փոշուն։ Օգտագործվում է բնակավայրերի կանաչապատման նպատակով։ Միանգամայն պիտանի է կանաչապատման բոլոր կատեգորիաներում և տիպերում օգտագործելու համար։ Առանձնապես լայն կիրառում ունի արհեստական անտառտնկման բնագավառում։ Պիտանի է Հայաստանի բոլոր բնակլիմայական պայմանների, հատկապես բարձրլեռնային շրջանների համար[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 183։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի արևելյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի արևելյան» հոդվածին։ |