«Շաբաթվա հոդված» նախագիծ

Ջուղայի գերեզմանատուն (հայտնի է նաև Ջուղայի խաչքարեր, Ջուղայի հայկական գերեզմանատուն անուններով), հայկական ավերված գերեզմանատուն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի հարևանությամբ։

Գերեզմանատանն եղել են տարբեր դարերով թվագրվող հազարավոր խաչքարեր և խոյակերպ տապանաքարեր, որոնք ունեցել են պատկերազարդ քանդակներ ու վիմագրական արձանագրություններ։ Այն եղել է աշխարհում խաչքարերով կազմված ամենամեծ գերեզմանոցը։

1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։ 1903-1904 թվականներին Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարությունից հետո, երբ քաղաքի մի շարք հուշարձանների ավերման հետ անվերադարձորեն ոչնչացվել են նաև գերեզմանատան խաչքարերի մեծ մասը, այստեղ արձանագրվել է շուրջ 5 հազար կանգուն և վայր ընկած խաչքար։ 1915 թվականի և ապա 1928-1929 թվականների տվյալներով գերեզմանատանը գրանցվել են մինչև 3000 խաչքար և մի քանի հազար հարթ, երկթեք և խոյաձև տապանաքար։ 1971 և 1973 թվականների հաշվումներով Ջուղայի գերեզմանատանը մնացել էր ընդամենը 2707, իսկ եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանատներում և այլուր՝ ևս 250 խաչքար, ինչպես և շուրջ 1000 տապանաքար։

Ջուղայի գերեզմանատունը տարածված էր համանուն քաղաքի արևմտյան կողմում՝ միմյանցից փոքրիկ ձորակներով բաժանված երեք բլրակների վրա ու նրանց շուրջը։ Հյուսիսից հարավ ձգվող և Արաքս գետի ու մոտակա լեռնալանջերի բարձր պատնեշներն ու պարիսպները ձգվող երկարավուն գերեզմանատանը կային հազարավոր խաչքարեր ու տապանաքարեր...Ավելին