Կաթնախտաչափ, կաթնաչափ, անարատ և յուղազրկած կաթի, թանի և շիճուկի խտությունը չափող սարք։

Նկարագրություն

խմբագրել

Արտադրվում է ջերմաչափով և առանց դրա։ Սովորաբար կաթնախտաչափից զոդված, սնամեջ, գլանաձև ապակե խողովակ է՝ 0,001 գ/սմ³ և 0,0005 գ/սմ³ արժեքավոր բաժանմունքներով։ Խողովակի ներքևի լայն մասում տեղադրված է բեռ (կոտորակ, սնդիկ), որը ծառայում է գործիքի քաշը մեծացնելու և ծանրության կենտրոնը կայունացնելու համար։ Խտությունը չափում են կթից 2 ժամ անց՝ կաթի 20° C ջերմաստիճանում։ Կաթը խնամքով խառնում են, այնուհետև ապա կեպատի վրայով դանդաղորեն (փրփուր չառաջացնելով) լցնում են ձեռքում թեթևակի թեք դիրքում պահած չափագլանի մեջ՝ մինչև նրա ծավալի 3/4-ը։ Չափագլանի բարձրությունը պետք է մեծ լինի կաթնախտաչափի երկարությունից, իսկ ներքին տրամագիծը՝ 5 սանտիմետրից ոչ պակաս։ Չափումների համար չոր և մաքուր կաթնախտաչափը դանդաղորեն սուզում են կաթի մեջ մինչև 1,030 թիվը և թողնում են, որ ազատ լողա և չդիպչի գլանի պատերին։ Կաթնախտաչափի կայուն դիրք ընդունելուց հետո գրանցում են նրա ցուցմունքը։ Կաթի ջերմաստիճանի 20±5°C շեղման դեպքում ներմուծում են չափման ուղղում՝ ըստ կաթնախտաչափի խտության սանդղակի։ Եթե կաթի ջերմաստիճանը ցածր է 20°C-ից, ուղղումը հանվում է ցուցմունքից, եթե բարձր՝ գումարվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։