Ծարիրային հանքանյութեր, բնական հանքատեսակներ, որոնցից ծարիրի արդյունաբերական կորզումը տնտեսապես շահավետ է։ Ծարիրն արդյունահանվում է գլխավորապես հիդրոթերմալ հանքավայրերի սուլֆիդային հանքանյութերից, որոնք սովորաբար առաջացնում են շերտաձև կուտակներ կրաքարերում կամ հատող երակներ տարբեր ապարներում։

Կարևոր միներալը անտիմոնիտն է։ Նվազ նշանակություն ունեն ծարիրի և այլ մետաղների համալիր սուլֆիդները՝ ջեմսոնիտը, բուլանժերիտը, պիրարգիրիտը, տետրաէդրիտը, բուռնոնիտը։ Ծարիրային հանքանյութերի հիդրոթերմալ հանքավայրերի մերձմակերևութային մասերում առաջանում են օքսիդացած հանքանյութեր, որոնք կազմված են կերմեզիտից, սերվանտիտից, ստիբիոկոնիտից և ծարիրի այլ երկրորդային միներալներից։ Սուլֆիդային և օքսիդացած հանքանյութերի ուղեկից միներալներն են՝ քվարցը, կինովարը, կալցիտը, բարիտը։

Տեղակայում խմբագրել

Ծարիրային հանքանյութերի հանքավայրեր կան Միջին Ասիայում, Ղազախստանում, Կովկասում և Արևելյան Սիբիրում, Չինաստանում Չեխիայում, Սլովակիայում, Ալժիրում և այլուր։ Հայաստանում հայտնի էր Ազատեկի hանքավայրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 121