Ծաղկոց Անապատ, Գառնակերի վանք, եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Շամքորի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Գառնակեր գյուղից (Բարում) 0,7 կմ հարավ՝ Շամքոր գետի ձախ ափին։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ վանքի կառուցումը թվագրվում է 1634 թ.-ին։ Բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գավթից, իսկ տարածքը շրջափակող պարսպից ներս ունեցել է մեկ մեծ տուն և չորս փոքրիկ վանական խուց[1][2]։ Ունեցել է նաև դպրոց[3]։ 1886 թ.-ին հուշարձանի վերաբերյալ նշվել է, որ այն քարաշեն, թաղակապ փոքրիկ եկեղեցի է, ունի մի փոքրիկ գավիթ, որտեղ կան երկու անհայտ գերեզմաններ, որոնց գառնակերցիք պատվում են իբրև սրբեր։ Նրանց ասելով՝ այս տաճարն եղել է կուսանաց անապատ և Ծաղիկ մայրապետի անունով կոչուել է Ծաղկոց։

Ծաղկոց Անապատ
Եկեղեցի


ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
ՆվիրվածԾաղիկ մայրապետ
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱնհայտ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման ավարտ1634 թ.?
Առանձնահատկություններ
Երկարությունեկեղեցին՝ 9,25 մ,
Լայնությունեկեղեցին՝ 6,4 մ,
Շինանյութքար
Ծաղկոց Անապատ (Ադրբեջան)##
Ծաղկոց Անապատ (Ադրբեջան)
Ծաղկոց Անապատ (Մեծ Հայք)##
Ծաղկոց Անապատ (Մեծ Հայք)
40°37′18″ հս․ լ. 45°58′47″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Ծաղկոց անապատը եղել է Գառնակեր գյուղի ամենանշանավոր վանքը[4]։ Հայ մատենագրության մեջ Ծաղկոց անապատն առաջին անգամ հիշվում է 1467 թ., երբ տեղում Ազարիա ծաղկողը նկարազարդել էր մի ձեռագիր ավետարան և հիշատակարանում նշել. «...եղև նկարակերտութիւն սորա ի յերկիրս Գանձակայ, ի յաթոռս Գառնակերի, ի դուռն Ծաղկոցի սուրբ Աստուածածնիս և յայլ սրբութեանցս, ի կաթողիկոսութիւն տեառն տէր Յովհաննիսի, առ տեղոյս աթոռակալութեան տէր Ծերունի արքեպիսկոպոսի...»[5][6][7]: Ծաղկոց անապատը Գառնակերի վանք անվանաձևով հիշատակվում է Գողթնի Ցղնա գյուղում 1634 թ. ընդօրինակված «Մեկնութիւն սաղմոսաց» ձեռագրի հիշատակարանում. «...Գառնիկն Գառնեցին՝ Գառնայկերի վանքն...»[7][8]: Հայտնի է, որ մեկ տարի անց, երբ սուլթան Մուրադը 700.000-անոց բանակով արշավել է Հայաստան ու գրավել Երևանի բերդը, Գառնակերում ժամանակավոր ապաստան է գտել Հովհաննավանքի Հովհաննես եպիսկոպոսն իր աշակերտների հետ. «...Եվ թագաւորն Օսմանցւոց Մուրատ եկեալ էառ զբերդն Երևանայ. և ամենայն երկիրն Երևանայ ցրուեցան ուր և կարացին գնալ՝ գնացին. նոյնպէս ելեալ Յովհաննէս Եպիսկոպոսն Յօհաննուվանից աշակերտօք իւրովք և գնաց յաշխարհն Աղուանից ի վանքն Գառնակերոյ»[7][9]։ 1919 թ. անապատը գտնվում էր ավերակ վիճակում[10][11]։

Վանքային շինությունները խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցի խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով, ունի թաղակապ հորինվածքով միանավ բազիլիկ։ Արտաքին չափերն են՝ 9,25 x 6,4 մ։ Լուսավորությունն իրականացված է 4 ճակատներից բացված մեկական նեղ, դեպի ներս լայնացող պատուհանների միջոցով։ Միակ մուտքով կապվում է արևմուտքից կից ուղղանկյուն հատակագծով գավթի հետ[12]։ Եկեղեցու որմերին ագուցված են 15-17-րդ դդ.-ի գեղաքանդակ խաչքարեր, որոնց վրա կան նաև արձանագրվածներ[13]։ Մասնավորապես հայտնաբերվել 1980 թ.-ի հետազոտության ժամանակ հայտնաբերվել են 1451 թ., 1476 թ., 1490 թ., 1562 թ., 1689 թ., 16-րդ դարի, և մի քանի այլ խաչքարեր, որոնց թվագրումը անհայտ է։ Եղել է նաև 1859 թ.-ի ուղղանկյունաձև տապանաքար և 1314 թ.-ի սահմանախաչ, որը խիստ արժեքավոր և բացառիկ նշանակություն ունի։ Այն հուշարձանագետ Սամվել Կարապետյանը իր արշավախմբով պահպանման համար տեղափոխել է մոտակայքում գտնվող 1984 թ.-ին փոխադրել է Հրեշտակապետաց վանք[14]։

Գավիթ խմբագրել

Հայտնի է, որ գավիթը կառուցվել է հնի տեղում 19-րդ դարի վերջին քառորդում Հովսեփ քահանա Բալյանցի նախաձեռնությամբ.

  Մենաստանս ունեցած է և փայտաշէն գաւիթ, որը հնութեան պատճառաւ քանդած են գառնակերցիք յորդորմամբ նոյն Յովսէփ քահանային, այժմ շինում են նորը. որի պատերը քարուկիր են, իսկ ծածկն փայտաշէն (գի փայտով)։ Գաւթումս կայ երկու գերեզման, տեղացիք աւանդաբար ճգնաւորների գերեզման են անուանում. տապանաքարերն անտաշ են և անարձանագիր[11][15][16]։  

1980-ական թվականներին գավիթը կիսավեր վիճակում էր. պատերը պահպանվել էին 1,5 մ բարձրությամբ։ Միակ մուտքը հարավային ճակատից էր։ Նույն կողմից նկատվում էին նաև երկու լուսամուտի հետքեր[12]։

Դպրոց խմբագրել

Մինչև Գառնակերում ծխական դպրոց բացելը Ծաղկոց անապատում գործող ուսումնական այս հաստատությունը կարևոր դեր էր կատարում[3]։ Դպրոցում դասավանդվում էր Հայոց լեզու, եկեղեցական երգ և Հայ Առաքելական եկեղեցու արարողակարգը[3][17]։ Դպրոցի ուսուցիչներից է եղել Հովհաննես գիտնական վարդապետ Մաղաքյանցը[3][18]։

Վանքի վանահայրերը խմբագրել

  • Հովհաննես վարդապետ Մաղաքյանց. հիշվում է 1820-ական թվականների սկզբից առնվազն մինչև 1839 թ.։ Վանքում դասավանդել է նաև Հայոց լեզու։ Ի դեպ, 1839 թ.-ին պաշտոնավարել է Մովսես աբեղա Մաղաքյանցի հետ մեկտեղ[3][19][20]։
  • 1860 թ.-ին հիշատակվում է Հարություն վարդապետը։

[3][21]

  • Մեկ վարդապետ է հիշվում վանահայրության պաշտոնում 1853 և 1862 թթ.-ին[3][22]։
  • Հարություն վարդապետ Մամիկոնյանց. հիշվում է 1864 թ.[3][23]:
  • Մեկ վարդապետ է հիշվում վանահայրության պաշտոնում 1878 թ.[3][24]:
  • Հովհաննես վարդապետ Բարաղամյանց. վանահայր է նշանակվել 1882 թ. և պաշտոնավարել շուրջ 28 տարի։ Հայտնի է, որ 1910 թ. Հովհաննես վարդապետը, որն արդեն 106-ն անց էր, դեռևս վանքի առաջնորդ էր։ Այդ մասին ժամանակակիցը նշել է.
  ...Այստեղ է լինում վանահայրական պաշտօնով ծերունի Յովհաննէս վարդապետ Բարաղամեանը, որը 106 գարուն անց է կացրել...: ...վանահայրը զառամեալ հասակում է, դողդողջուն ձեռքերով և անզօր ֆիզիքապէս և մտաւորապէս կառավարելու անապատը, ժամանակն է ազատ կացուցանել նորան պաշտօնից, որից նորան հոգևոր իշխանութիւնը վաղուց պետք է հեռացրած լիներ[3][25][26]։  

Վանքի կալվածքներ խմբագրել

1840 թ. Ծաղկոց անապատի կալվածքների մասին նշվել է.

  ...ունի զմի այգի արժողութիւն նորին երկու հարիւր յիսուն մանէթ - տարեկան արդիւնք նորին քառասուն մանէթ, մի այգի ևս լի թթենի ծառովք, արժողութիւն սորին քառասուն մանէթ, արդիւնք սորին տասն մանէթ[11][27]։  

1847 թ. Ծաղկոց անապատն ունեցել է մեկ խաղողի, մեկ թթենու այգի, մեկ մեծ տուն, չորս փոքրիկ խցեր[11][28]։ 1852 թ.-ին՝ խաղողի մեկ այգի և պարսպին կից մեկ մեծ տուն, 4 փոքր սենյակ[11][29]։ 1860-1862 թթ. դրությամբ՝ մեկ այգի և պարսպին կից 3 փայտաշեն սենյակ[30][31]։ Հայտնի է, որ 1886 թ. կալվածքը բաղկացած է եղել վարելահողից, խաղողի այգուց և 3 սենյակից[3][32]։ 1910 թ. տիրում էր 3 դեսյատին հողատարածք զբաղեցնող խաղողի և թթենու այգիների[3][33]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ.107-108:
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 480։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 482։
  4. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 479։
  5. «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» հատոր Բ, կազմեց Լ. Ս. Խաչիկյան, Երևան, 1958, էջ 244։
  6. «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» հատոր Բ, կազմեց Լ. Ս. Խաչիկյան, Երևան, 1958, էջ 272։
  7. 7,0 7,1 7,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 480։
  8. «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» հատոր Բ, կազմեցին` Հակոբյան Վ., Հովհաննիսյան Ա., Երևան, 1978, էջ 548։
  9. «Զաքարեայ Սարկաւագի պատմագրութիւն», հ. Բ, Վաղարշապատ, 1870, էջ 47։
  10. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 4, գ. 927, թ. 32:
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 481։
  12. 12,0 12,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 480-481։
  13. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 482.
  14. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 484։
  15. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 316։
  16. Ե. Լալայանի այցելության ժամանակ գավթի կառուցումն ավարտվել էր (Լալայեան Ե., անձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 343)։
  17. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3831, թ. 40, գ. 3833, թ. 134-135:
  18. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 4254, թ. 11:
  19. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3831, թ. 39-40:
  20. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 8:
  21. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3834, թ. 24-25, գ. 3833, թ. 112-113:
  22. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 20-21, գ. 3836, թ. 56:
  23. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 7:
  24. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3870, թ. 26:
  25. :Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ. 27, ց. 5, գ. 320, թ. 1:
  26. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ. 27-28:
  27. :Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3798, թ. 63-64:
  28. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 107-108:
  29. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3819, թ. 116-117:
  30. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3834, թ. 24-25, նաև՝ գ. 3836, թ. 44-45:
  31. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 481-482։
  32. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56Պ, ց. 18, գ. 138:
  33. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ. 27: