Խռովք (ամսագիր)
«Խռովք», Սոֆիայում 1932 թվականին լույս տեսնող հայկական ազգայնական և իմաստասիրական-գիտական ամսագիր[1]։ «Խռովքի» օրգանական շարունակությունն էր «Ցեղ և Հայրենիք» հանդեսը, ապա՝ «Տարոնի Արծիվ» ամսաթերթը։
Պատմություն
խմբագրելՀանգամանքների բերումով «Խռովք» ամսագիրը ունեցել է միայն մեկ համար։ Առաջին և վերջին համարը լույս է տեսել 1932 նոյեմբերին Սոֆիայում, Հայկ Ասատրյանի խմբագրությամբ, որով ազդարարվեց հայկական սեղային-վերանորոգչական շարժման սկիզբը[1]։
Մեծ Եղեռնի ողբերգությունը պայմանավորող ենթակայական գործոնների մեջ մատնանշելով նայ այն, որ «մեր կյանքի և գործի մեջ գիտականություն չմտցրեցինք», «Խռովքը» 1930-ականների ամերիկահայ կյանքում տիրող հոգևոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը հաղթահարելու համար, նպատակ էր դնում իրականացնել հետևյալ առաջադրությունները[1].
- Ա. համակարգել հայ իմաստասիրական մտքի արդյունքները, այսինքն՝ վեր հանել հայ իմաստասիրության գծերը և մշակել նրա պատմությունը ու ներածությունը։ Ուսումնասիրել նաև հայ կյանքում առկա հոգևոր խմորումները և վերլուղծել գործող հայ հոսանքների գաղափարաբանությունը։
- Բ. հոգեբանորեն կազմակերպել հայության ինքնապաշտության գործը, որի համար՝ վերծանել հայոց հոգեբանական առանձնահատկությունները, միջոցներ առաջարկել հայերի հոգեբանական թերությունները սրբագրելու և առավելությունները համահայկականացնելու։
- Գ. արժեքավորել հայոց հնագույն և նորագույն ազատագրական կռիվները, գտնել հայոց պատմության զարգացման տրամաբանությունը, մատնանշել հայոց քաղաքական-հասարակական վերածնության ուղիները։
«Խռովքը» ունեցավ միայն մեկ համար, որում ամփոփված լրջախոհ հոդվածների զգալի մասը մնա շարունակելու։ Հատկապես հիշատակելի է Գարեգին Նժդեհի «Ցեղակրությունն իբրև հաղթանակի զորույթ» հոդվածը, որը ցեղակրոնության վերաբերյալ հայտնի առաջին հրապարակումն է[2]։
«Խռովքի» օրգանական շարունակությունն էր «Ցեղ և Հայրենիք» հանդեսը, որը, հիմնականում Հայկ Ասատրյանի, ինչպես նաև Ներսես Աստվածատուրյանի ջանքերով, սկսեց լույս տեսնել Սոֆիայում 1936 թվականի մայիսից։ Ուղղության և ոգու տեսակետով համարյա տարբերություն չկա 1932 թվականի «Խռովքի», 1936-ի «Ցեղ և Հայրենիքի» և 1938-ից հրատարակվող «Տարոնի Արծիվի» միջև[3]։
Ազդեցությունը
խմբագրելՉնայած կարճ ընթացքին, «Խռովքը» էական դերո ունեցավ հայկական ցեղային շարժման համար, որտեղ հստակորեն բնութագրված էր ցեղակրոնությունը, ուրվագծված էր տարոնականությունը և առաջադրված էր վերանորոգչական շարժումը։ «Խռովքի» առաջնորդությունները խթան հանդիսացան ցեղակրոն և տարոնական շարժումների ծավալման և դրանց գաղափարաբանությունների ձևավորման համար[3]։