Խուզման կետ, ոչխարների մեքենայացված խուզի շինություն։

Տեսակներ

խմբագրել

Լինում են անշարժ (որտեղ ոչխարներին հավաքում են խուզի համար) և շարժական՝ խուզի ագրեգատը տեղափոխում են ոչխարների պահվածքի և արածեցման վայրը։ Խուզման կետի չափերը և սարքավորանքը պայմանավորված են ոչխարների թվով։ Ֆերմաներում խուզաման կետը սարքավորում են 2 մասից բաղկացած հատուկ շինություններում, որոնցից մեկում կատարում են խուզը։ Այդտեղ սարքավորում են փայտե հոծ տախտակամածով խուզման հարթակներ (1,8-2 մ x 1,6-1,8 մ չափերով՝ յուրաքանչյուր աշխատողի համար)։ Խուզողն անասնաբակից վերցնում է ոչխարը և խուզի մեքենայով խուզում է տախտակամածի վրա։ Շինության երկրորդ մասում տեղաբաշխում են բրդի կարգորոշման, հակավորման և պահպանման սրահները, որտեղ տեղադրված են կշեռքը,որակավորման սեղանը (երկարությունը՝ 2,5 մ, լայնությունը՝ 1,5 մ, բարձրությունը՝ 0,7-0,8 մ), մամլիչը, կարգաբերողի սեղանը և այլն։ Խուզման կետին կից կառուցում են խուզման ենթակա ոչխարների պահման ծածկարան և խուզված ոչխարների ծածկով անասնանոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։