Խնածախի մելիքական ապարանք

Խնածախի մելիքական ապարանք, ապարանքի ավերակները գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում, ձորի միջով անցնող ճանապարհի եզրին՝ երեք կողմից առնված բնակելի կառուցապատման մեջ։

Ապարանք
Խնածախի մելիքական ապարանք
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղ
Շինության տեսակԱպարանք
ՀիմնադիրՄե­լիք Հայ­կա­զյան­նե­ր

Պատմություն խմբագրել

Ապարանքը պատմամատենագրական աղբյուրներում չի հիշվում։ Հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան Նուբար Պապուխյանը, վկայակոչելով Խնածախ գյուղի 17-րդ դարի հուշարձանները, ապարանքը ևս համարում է 17-րդ դարի կառույց և վերագրում Մելիք-Հայկազ Բ-ին[1]։ Այս տեսակետին է նաև Վ․ Հարությունյանը[2]։ Հուշարձանի կառուցման հանգամանքներին առավել հիմնավոր անդրադարձել է հայ պատմաբան-բանասեր Մորուս Հասրաթյանը։ Քաշաթաղ-Խնածախի պատմությանը նվիրված քննական ակնարկում, հիշատակելով Քաշաթաղ ավանում 15-րդ դարի վերջերին կառուցված Մելիք-Հայկազ Ա-ի ապարանքը, նա մասնավորապես գրում է՝ «16-րդ դարի սկզբից գավառի վարչական կենտրոնը Քաշաթաղ ավանից փոխադրվում է 10-12 կմ դեպի հարավ՝ Խոնածախ գյուղը։ Փոխադրվողը լինում է Մելիք Հայկազի որդին՝ Հախնազարը»[3][4][5]։

Խնածախը (նաև՝ Խոնածախ, Խանածախ) հնում Սյունիքի Հաբանդ գավառի գյուղերից էր, սակայն ուշ միջնադարում անցել է սահմանակից Քաշաթաղին և իր՝ համեմատաբար ապահով աշխարհագրական դիրքի շնորհիվ դարձել է մելիքության երկրորդ աթոռանիստը։ Ապարանքից բացի, Խնածախ–մելիքանիստի մասին կարևոր վկայություններ են նաև այստեղ գտնված Մելիք–Հայկազյան տոհմի մի քանի երևելի ներկայացուցիչների տապանաքարերը, ինչպես նաև նրանց օրոք կանգնեցված արձանագիր խաչքարերը[6]։ Սրանցից աչքի է ընկել հատկապես Մելիք–Հախնազարի գեղաքանդակ տապանաքարը՝ դրված յոթաստիճան պատվանդանի վրա։

Ըստ 1551 թվականի տապանագրի՝ Հախնազարը «ՄԵԾ ԻՇԽԱՆ ԷՐ Ի ՄԷՋ ԹԱԳԱՒՈՐԱՑ»[7] հանգամանք, որը միանգամայն հավանական է դարձնում ապարանքի կառուցման վերագրումը նրան և թվագրումը 16-րդ դարի առաջին կեսով։ Ապարանքը հետագայում ժառանգել է Մելիք-Հախնազարի երկարակյաց որդին՝ պատմական աղբյուրներից հայտնի «Մելիք Հայկազն ի Քշտաղս երկրէն՝ ի Խանածախ գեղջէ»։ Մելիք-Հայկազ Բ-ը (1551-1623 թթ․), 17-րդ դարի սկզբում գործուն մասնակցություն ունենալով Օսմանյան Թուրքիայի դեմ պարսից բանակի մղած պատերազմում, վայելում էր Շահ-Աբբաս Ա-ի բարյացակամությունը, և, ըստ ավանդության, ի վկայություն հավատարմության ու քաջության, նրանից ստացել էր «Ծեր առյուծ» («Գոջա ասլան») մտերմիկ մականունը։ Մելիք-Հայկազ Բ-ը հայտնի է եղել նաև շինարարական ու մշակութանպաստ գործունեությամբ, համարվել է ժամանակի մեծահարուստ ու ազդեցիկ մելիքներից մեկը, և այս պատճառով է, որ Խնածախի ապարանքի կառուցումը ավանդաբար կապվել է նրա անվան հետ։ Սակայն, չնայած այս վարկածին, մելիքական տան շինարարության ժամանակը դարձյալ հաամարվում է 16-րդ դարի կեսերը։

Ճարտարապետություն խմբագրել

Ապարանքի երբեմնի համակառույցից պահպանվել է երկու ամբողջական շինություն՝ երկհարկանի դահլիճը և նրա ետնամասից 7 մ - հեռու գտնվող գլխատունը՝ երկուսն էլ գլխավոր ճակատներով ուղղված դեպի հարավ-արևելք։ Երկհարկանի դահլիճը դրված է հենապատով ամրացված ձորեզրից մոտ 6 մ ետ, ունի գլանաձև թաղով ծածկված կրնկահարկ հորինվածք և առնված է ճակտոնավոր երկլանջ տանիքի տակ։

Բարձունքի մեջ խորացող առաջին հարկը հատակագծում ուղղանկյուն է (ներքուստ՝ 3,9 x 6,2 x 3,9 մ), երկայնական պատերում համաչափ դասավորված երեքական կամարակապ որմնախորշերով, որոնցից հյուսիս-արևելյան շարքի մեջտեղինը օջախ-բուխարին է։ Ճակատային պատի ձախ եզրում կամակարապ շքամուտքն է, իսկ կենտրոնում՝ միակ պատուհանը։ Երկրորդ հարկը նույնպես հիմքում ուղղանկյուն է, (ներքուստ՝ 3,9 x 6,6 x 3,65 մ) մուտքը հարավ-արևմտյան պատի վերջնամասից բացվում է դեպի փոքր-ինչ բարձրադիր ետնաբակը, իսկ ճակատը լուծված է եզրային որմնաելուստների վրա հենվող և ծածկաթաղի թռիչքն ընդգրկող կամարային բացվածքով (վերջինս հետագայում փակվել է երկու պատուհան ունեցող պատով)։ Դահլիճի երկրորդ հարկից մի փոքր ցածր ընկած դարավանդաձև ետնաբակի խորքում կառուցված գլխատունն ավելի ընդարձակ մի դահլիճ է (ներքուստ՝ 6,0 x 7,0 մ) և ունի անկյունամերձ չորս փայտե սյուների վրա բարձրացող երդիկավոր «հազարաշեն» գերանածածկ։ Երեք պատերում (բացի հարավ-արևմտյանից) կան մեկական առանցքային դիրքով պահարանախորշեր, որոնցից ճակատայինը հետագայում վեր է ածվել պատուհանի։ Գլխատան ճակատը, ի տարբերություն փայտով ծածկված ներքին հորինվածքի, լուծված է երկհարկանի դահլիճի ճարտարապետությանը հարազատ շքամուտքով ու երկու կամարակապ որմնախորշերով։ Վերջիններիս առկայությունը, ինչպես նաև գլխատանը երկու կողմից կից կառույցների հետքերը վկայում են երբեմնի կամարասրահի գոյության մասին։ Ասվածի վկայությունն է նաև ապարանքի ճարտարապետական մտահղացման բացահայտ ընդհանրությունը Քաշաթաղի և Խնձորեսկի մելիքական տների համակառույցների հետ, որոնց հատկանշական կառուցամասերից մեկը սյունազարդ կամարասրահն է։ Ապարանքի նախնական համակառույցը, անկասկած, եղել է պարսպապատ և ունեցել է այլ շինություններ, սակայն գտնվելով գյուղի կենտրոնական ու բանուկ մասում, դրանք կամ հիմնովին քանդվել են, կամ՝ մնացել շրջակա կառուցապատման տակ։ Ուշագրավ է, որ այսպիսով ապահովվել է և՛ ճակատակողմի պաշտպանությունը, և՛ տեսանելիությունը հեռվից։

Ապարանքի պատերն ունեն 1,2 մ հաստություն և կառուցված են հիմնականում կոպտատաշ քարից․ սրբատաշ է միայն պատերի, բացվածքների, որմնախորշերի ու կամարների եզրաշարվածքը, ինչպես նաև վերնասրահի ամբողջ ճակատը։ Մեծ խնամքով են իրականացված կրնկահարկ դահլիճի շքամուտքը, որմնախորշերը, վերնասրահի երկաստիճան, լայնաթռիչք կամարը։ Երկու հարկն էլ ներքուստ շաղախված են կրով, վերնասրահի թաղի հիմքը ընդգծված է նուրբ որմնագոտիով։

Այստեղ ևս, ինչպես Քաշաթաղում, կրկնահարկ դահլիճն ապարանքի գլխավոր կառույցն է, որի առաջին հարկը եղել է մելիքի բնակարանը, իսկ երեսբաց վերնասրահը՝ ամառային ընդունարան-գահասրահը։ Այս առումով ուշագրավ է, որ ըստ Ն․ Պապուխյանի, մինչև այսօր էլ «երկհարկանի շենքը տեղի բնակիչները կոչում են «բալախանա», որը պարսկերեն վերնատուն է նշանակում»[8]։

Խնածախի մելիքական ապարանքը 16-րդ դարից մեզ հասած պալատական ճարտարապետության հուշարձան է՝ դարաշրջանին հատուկ հստակ հորինվածքով ու անշուք նկարագրով, և Քաշաթաղի ապարանքի հետ ներկայացնում է ուրույն տիպ ուշ միջնադարյան մելիքական ապարանքների ձևաստեղծման շղթայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ն․Պապուխանյան, Սիսիանի, Գորիսի ու Ղափանի ժողովրդական ճարտարապետության կառուցվածքները, «Տեղեկագիր հաս․գիտ․ 1963, 11, էջ 58-59, նույնի՝ Չայրվող ծածկերով բնակարանները, էջ 333, նույնի Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, էջ 71-73։
  2. Վ․Հարությունյան, «Հայկական ճարտարապետության պատմություն»
  3. hushardzantest. «ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂԻ ՄԵԼԻՔ ՀԱԽՆԱԶԱՐԻ ԱՊԱՐԱՆՔԸ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  4. Մ․Ս․Հասրաթյան, Քաշաթաղ-Խնածախ, էջ 158, 162։
  5. «ԳԵՐ­ՄԱ­ՆԱ­ՑԻ ԶԲՈ­ՍԱՇՐ­ՋԻԿ­ՆԵՐՆ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ». www.artsakhtert.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 4 (օգնություն)
  6. [Մ. Հասրաթյան, Պատմահնագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1985]
  7. [Ստեփան Լիսինցյան, Զանգեզուրի հայերը, էջ 216 վերջինս տապանաքարը թյուրիմացաբար վերագրում է Մելիք-Հայկազին]
  8. [Ն․Պապուխանյան, Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը]

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել