«Խելոք Էլզան» (գերմ.՝ Die kluge Else), Գրիմ եղբայրների հեքիաթը, ֆարս երիտասարդ աղջկա մասին, որը, ճանաչվելով որպես «խելացի», կատարում է շատ հիմարություններ, ապագան տեսնում մռայլ լույսի ներքո և ուրիշներին վարակում անհիմն վախով։ Ըստ Աառնե-Թոմփսոնի, հեքիաթների դասակարգման համակարգում ունի 1450 և 1383 համարները։

Խելոք Էլզան
գերմ.՝ Die kluge Else
Խելոք Էլզան (Ուոլթեր Քրեյնի նկարազարդում)
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՇվանկ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1819
 Clever Elsie

Սյուժե խմբագրել

Ծնողների տանն ապրում է խելացի Էլզան, որին մայրը համարում է բավական խելացի, քանի որ նա լսում էր, թե ինչպես է «քամին զբոսնում փողոցում» և «ինչպես են ճանճերը հազում»։

Հանսը գալիս է Էլզայի հետ նշանվելու, և նրան ուղարկում են նկուղ՝ գարեջուր բերելու։ Աղջիկը տեսնում է պատի վրայի քլունգը, որը պատահմամբ մոռացել էին որմնադիրները։ Նա ենթադրում է, որ քլունգը հետագայում կարող է սպանել իր երեխային, եթե պատահաբար ընկնի պատի վրայից։

Էլզան մոռանում է գարեջրի մասին և սկսում լացել։ Անհանգստանալով Էլզայի ուշանալու համար՝ նրա հետևից նկուղ են գնում աղախինը, ծառան, մայրը և հայրը։ Նրանք բոլորը, իմանալով վշտի պատճառը, նույնպես սկսում են ողբալ։ Ապագա փեսացուն հոգնում է սպասելուց և իջնում նկուղ։ Հանսը կարողանում է լուծել խնդիրը՝ հանելով քլունգը պատից։ Բոլորը բարձրանում են վերև և միանգամից հարսանիք են անում։

Իր երիտասարդ կնոջ հետ մի որոշ ժամանակ ապրելուց հետո Հանսը ուղևորվում է աշխատելու։ Էլզան գնում է դաշտ՝ ցորենը հնձելու։ Սակայն նա որոշում է նախ ուտել, ապա քնել։ Ուշ երեկոյան Հանսը գալիս է տուն ու չի գտնում կնոջը։ Նա մտածում է, որ Էլզան դեռ աշխատում է դաշտում։ Գնալով Էլզայի հետևից՝ Հանսը տեսնում է, որ արտը հնձված չէ։ Այդ ժամանակ նա քնած Էլզայի վրա է գցում զանգուլակներով ձկնորսական ցանց։

Երբ Էլզան արթնանում է, շփոթվում է զանգակների ձայնից։ Նա ինքն իրեն հարցնում է. «Սա ե՞ս եմ, թե՞ ոչ»։ Որոշելով այդ հարցի պատասխանն իմանալ ամուսնուց՝ նա թակում է իրենց տան դուռը և հարցնում. «Էլզան տա՞նն է»։ Հանսը պատասխանում է, որ նա տանն է։ «Ա՜խ, տեր աստված, փաստորեն ես չեմ»,- վախենում է Էլզան։ Նա թակում է այլ դռներ, բայց դրանցից ոչ մեկը չի բացվում նրա առաջ։ Եվ այդ ժամանակ նա փախչում է գյուղից։

Մեկնաբանություններ խմբագրել

Գրականագետ Էրիկա Ալմա Մեցգերը Էլզա անունը նմանացնում է անհատակության տիրուհի Իլզա հավերժահարսի անվան հետ՝ նրա կերպարում տեսնելով պարանոյիկ շիզոֆրենիայի զարգացման գործընթացը[1]։ Աստվածաբան, հոգեվերլուծության վերաբերյալ աշխատությունների հեղինակ Օյգեն Դրեվերմանը կարծում է, որ Էլզայի մոտ ակնհայտ է սխալ դաստիարակության միջոցով անձի կործանման գործընթացը[2]։ Գրող Հայնց Պետեր Ռյորն Էլզայի մոտ ախտորոշում է անձի հիսթերիկ խանգարում[3]։

«Խելոք Էլզայի համախտանիշ» խմբագրել

«Խելոք Էլզայի համախտանիշ» կամ «խեղճ Էլզայի համախտանիշ» հոգեբուժության մեջ կոչվում է մարդու կպչուն տագնապային վիճակը, որը կապված է սեփական ապագան մռայլ գույներով տեսնելու հետ։ Նկարագրվել է Ջոն Ֆլյուգելի կողմից 1945 թվականին։ Այս համախտանիշը հաճախ դրսևորվում է երիտասարդ մայրերի մոտ, որոնց մշտապես թվում է, որ իրենց երեխաներին վտանգ է սպառնում։ Ծայրահեղ դեպքերում համախտանիշը կարող է վերածվել կպչուն նևրոզի, որն ունի մեծացող երեխային ամբողջությամբ ղեկավարելու և նրան ամեն գնով իր կողքին պահելու փորձի միտում[4]։

Համախտանիշը նաև խորացնում է երեխաների վիճակը, որոնք հակված են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների։ Երեխաներին մոտ մարդկանց կողմից նրանց վախերին և ցանկություններին մեծ տեղ տալը բացասական է ազդում երեխայի հոգեկանի վրա[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Metzger, Erika A.: Zu Beispielen von Depersonalisation im Grimmschen Märchen. In: Fairy Tales as Ways of Knowing. Essays on Märchen in Psychology, Society and Literature. Edited by Michael M. Metzger and Katharina Mommsen. Bern, Frankfurt am Main, Las Vegas 1981. S. 99-116. (Peter Lang — Verlag; Germanic Studies in America, vol. 41; ISBN 3-261-04883-2)
  2. Drewermann, Eugen: Die kluge Else. In: Lieb Schwesterlein, laß mich herein. Grimms Märchen tiefenpsychologisch gedeutet. S. 313—362. München 1992. (ISBN 3-423-35050-4)
  3. Röhr, Heinz-Peter: Die Angst vor Zurückweisung. Hysterie verstehen. 2. Auflage 2007, Düsseldorf. (Patmos Verlag; ISBN 978-3-491-40127-3)
  4. Лилия Илюшина «Синдром Умной Эльзы, или Тревога о будущем».
  5. Соколов Д. Ю., Сакович Н. А. «Просто жить, или Жить просто. Сказкотерапия обсессивно-компульсивных расстройств».(չաշխատող հղում)