Այս հոդվածը թատերական ժանրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆարս (այլ կիրառումներ)։

Ֆարս (ֆր.՝ farce, լատին․՝ farcio - սկսել, կապված նրա հետ, որ միջնադարյան միստերիաներն «սկսվել են» զավեշտախաղերով), ժողովրդական թատրոնի և գրականության տեսակ XIV-XVI դդ․ արևմտաեվրոպական երկրներում։ Ֆարսն առանձնացել է կոմիկական, հաճախ երգիծական ուղղվածությամբ, ռեալիստական կոնկրետությամբ, կենսուրախ ազատախոհությամբ։ Ֆարսի հերոսները քաղաքաբնակներ են։ Գյուղացիները, ինչպես և մանր ազնվականության ներկայացուցիչները, ծաղրվել են։ Անհատականությունից զուրկ դիմակ-կերպարները (հիմար ամուսին, կռվազան կին, բութ դատավոր, խաբեբա և այլն) եղել են սոցիալական տիպեր ստեղծելու նախափորձեր։ Ֆարսերը հագեցված են եղել բուֆոնադով։

Ֆարսի թատրոն, հեղինակ՝ Կուզմա Պետրով-Վոդկին

Ֆարսը տարբեր երկրներում

խմբագրել

Հանրահայտ են ֆրանսիական ֆարսերը, օրինակ XV դարի «Փաստաբան Պատլենը»։ Ժողովրդական ֆարսի ավանդույթները մեծապես ազդել են ֆրանսիական դերասանական արվեստի դեմոկրատական ուղղության զարգացման, Մոլիերի ստեղծագործության վրա։ Իտալական ֆարսի ավանդույթները դարձել են կոմեդիա դելլ'արտեի հիմքը, անգլիական ֆարսը կիրառվել է Շեքսպիրի կատակերգություններում, իսպանական ֆարսերը՝ Լոպե դե Ռուեդայի մի գործողությամբ պիեսներում, Միգել դե Սերվանտեսի ինտերմեդիաներում, գերմանական ֆարսին (ֆաստնախտշպիլ) գրական մարմնավորում է տվել Հանս Սաքսը։

Ֆարսը նոր ժամանակներում

խմբագրել

Ֆարսը մասամբ վերածնվել է XIX դ․ վերջին և XX դարում Ալֆրեդ Ժարրիի, Բերտոլդ Բրեխտի երգիծական պիեսներում։ Ֆարսային բուֆոնադի հնարքները պահպանվել են կրկեսում՝ ծաղրածուների ելույթներում։

XIX-XX դարերում արդեն ֆարսը դարձել է ժողովրդական ավանդույթների հետ կապ չունեցող բուրժուական շահութաբեր թատրոնի ժանր, անբովանդակ, հաճախ անվայելուչ կատակերգություններ՝ կառուցված արտաքին կոմիկական հնարքների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
  Ընթերցե՛ք «ֆարս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։