Խառաբաստավանքի գրչության կենտրոն
Խառաբաստավանքի գրչության կենտրոն, գործել է Քաջբերունյաց գավառի (Արևմտյան Հայաստան) Խառաբաստ գյուղի մոտ գտնվող վանքում, որը հայտնի է նաև Սուհարա կամ Արծվաբերի Ս. Աստվածածին անունով։ Մեզ հասած առաջին ձեռագիրը 1325 թվականից է։ Խառաբաստի դպրոցը ուսումնագիտական բուռն կյանք է ապրել, երբ 1388 թվականին Աստապատի դպրոցից այստեղ է տեղափոխվել Սարգիս Ապրակունեցու վարդապետարանը և իր գոյությունը պահպանել ավելի քան 15 տարի։ Այդ ժամանակ Խառաբաստի դպրոցում սովորում էին «60 կարգաւորք և ուսումնականք», որոնք հավաքվել էին Վասպուրականից և շրջակայքի գյուղերից։ Դասասաց վարդապետներ էին Սարգիս Րաբունապետը, Վարդան Հոգոցվանեցին և Հովհաննես Որոտնեցու աշակերտ Գրիգոր Խլաթեցին։ Այդ թվականներից հայտնի են՝ Ոսկեփորիկ (1391, գրիչ՝ Գրիգոր Խլաթեցի), «Մեկնութիւն հնգեմատենին Վարդանայ Արնելցւոյ» (1393, գրիչ՝ Մխիթար)։ Այստեղ Խլաթեցին խմբագրել է Հայսմավուրքը (1401) և Գանձարանը (1400)։
XV դարի սկզբին Մեծոփավանքի դպրոցի հաստատմամբ ընկնում է Խառաբաստի դպրոցի հեղինակությունը, բայց գրչական կյանքը կանգ չի առնում և աշխուժանում է հատկապես Գրիգոր Տաթևացու աշակերտ և Թովմա Մեծոփեցու դասընկեր Կարապետ վարդապետի առաջնորդության ժամանակ։ Հայտնի են Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը (1414, գրիչ՝ Սարգիս), նույնի «Քարոզգիրք»-ը (1418, գրիչ՝ Հակոբ), Մաշտոց (1443, գրիչ՝ Իգնատիոս), նույն գրչից՝ Հայսմավուրք (1457), Շարակնոց (1462, գրիչն անհայտ), ինչպես նաև 10 ձեռագիր, վերջինը՝ 1613 թվականից։ Խառաբաստավանքի գրչության կենտրոնում են աշխատել նաև Հովհաննես, Մարգարա, Տիրատուր, Ստեփանոս գրիչները։ Վանքը և նրա մատենադարանը կողոպտել են թուրքական ցեղերը, 1895 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 30)։ |