Գրիգոր Խլաթեցի (Ծերենց)
Գրիգոր Խլաթեցի (Վկայասեր, Ծերենց, Բզնունեցի) (1349, Խլաթ, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառ – 1425 թ. մայիսի 27, Ցիպնավանք), նոր վկա, մատենագիր, մանկավարժ, բանաստեղծ, երաժիշտ, հասարակական գործիչ, րաբունապետ։
Գրիգոր Խլաթեցի | |
---|---|
Ծնվել է | 1349[1][2] |
Ծննդավայր | Խլաթ[1][2] |
Մահացել է | մայիսի 27, 1425[1][2] |
Մահվան վայր | Ցիպնավանք, Արծկե, Բիթլիսի մարզ, Թուրքիա[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ցիպնավանք[1] և Որոտնավանք (1386)[1] |
Մասնագիտություն | մատենագիր, ուսուցիչ, բանաստեղծ, երաժիշտ և հասարակական գործիչ |
Grigor of Ahlat Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1349 թվականին Խլաթում։ Նախնական կրթությունն ստացել է Խլաթում։ Սովորել է Ցիպնավանքի Վարդան Ճգնավորի դպրոցում (1361–1367 թթ.)։ 1367–1377 թվականներին զբաղվել է քարոզչությամբ։ 1378–1386 թվականներին Ապրակունյաց դպրոցում Գրիգոր Տաթևացու հետ աշակերտել է Հովհան Որոտնեցուն, 1386–1388 թվականներին Խառաբաստավանքի դպրոցում՝ Սարգիս Վարդապետ Ապրակունեցուն։ 1388 թվականից դասավանդել է նույն դպրոցում, այնուհետև մեկնել է Սալնապատ, որտեղ 1406 թվականից որպես րաբունապետ հաջորդել է մեծ ճգնավոր Վարդան վրդ. Հոգոցեցուն։
Հետևելով Գրիգոր Տաթևացուն՝ 1408 թվականին տեղափոխվել է Մեծոփավանք (1410 թվականից՝ րաբունապետ)։ Կարճ ժամանակ անց առանձնացել է Ցիպնավանքում, հիմնել իր դպրոցը, շարունակել գիտամանկավարժական, գրչական գործունեությունը։ Նրա աշակերտներից են Հովհաննեսը, Կարապետը, Թովման, Ստեփանոսը, Առաքել Բաղիշեցին։ Վերջինս ուսուցչի մահից հետո տաղ է ձոնել նրան։ Գրիգոր Խլաթեցին արտագրել է ձեռագրեր, գրել և խմբագրել ժողովածուներ, շարադրել վարքեր, մեկնություններ, պատմական երկեր։ Հիշատակության արժանի է 1422 թվականին նրա գրած Գանձարանի չափածո հիշատակարանը, որն ընդգրկում է 1386–1422 թվականների պատմական իրադարձությունները Հայաստանում։ Միջնադարում բարձր է գնահատվել Հայսմավուրքի խմբագրման Գրիգոր Խլաթեցու շուրջ կեսդարյա աշխատանքը։ Հայսմավուրքը նա լրացրել և հարստացրել է պատմագրքերից վերցված՝ հայ ժողովրդի կյանքին վերաբերող նյութերով, գրել և լրացումներ արել նոր վկաների մասին, որի համար արժանացել է Վկայասեր անվանը։ Նրա շնորհիվ Հայսմավուրքը մասամբ ձեռք է բերել հայ ժողովրդի պատմության սկզբնաղբյուրի արժեք։
Գրիգոր Խլաթեցին 70 տարեկան հասակում ուխտի է գնացել Երուսաղեմ։ 1391 թվականին ընդօրինակել է Ոսկեփորիկ գիրքը, 1399–1400 թվականներին՝ խմբագրել Գանձարան ժողովածուն, 1404–1406 թվականներին՝ Ճառընտիրը (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 1521)։ Նրա բանաստեղծություններից հայտնի է «Յիշատակարան աղէտից»-ը, որտեղ որպես ականատես և ժամանակակից անդրադարձել է 1386–1422 թվականների քաղաքական իրադարձություններին։
Գրիգոր Խլաթեցին եղել է նաև մանրանկարիչ։ Նրա ինքնագրերով մեզ են հասել տասնյակ ձեռագրեր, որոնց մի մասը (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 1521, 3714) նկարազարդված է իր իսկ ձեռքով։ Գրիգոր Խլաթեցին վայելել է հմուտ երգիչ կատարողի համբավ։ Եղել է երաժիշտ, գանձասաց, տաղասաց։ Հավաքել է մոռացության մատնված և ժամանակակիցների շատ ստեղծագործություններ, որպես խազագետ-գրիչ և տեսաբան-խմբագիր կազմել երգարաններ։ Նրա գրական գործերից երաժշտածիսագիտական նշանակություն ունեն «Խրատ ժամատեղաց» և «Գովութիւն Սաղմոսի» գրվածքները։ Հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի պատմական հեղաշրջման որոշ հարցերի լուսաբանման համար կարևոր են նրա կազմած Գանձարանները (Մատենադարան, ձեռ. դդ 8366, 4011 և 5328)։ Գրիգոր Խլաթեցին տվել է Գանձարանի նոր խմբագրություն (նաև խազավորման իմաստով), ավելացրել նոր միավորներ, ստեղծել գանձ-մեղեդի-տաղ-հորդորակ նոր շարքեր, կորստից փրկել մի շարք հին գործեր։
Աշխատություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Մարաբյան Ս. Տ., Գրիգոր Խլաթեցու պատմագրական երկերը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1977, № 2, էջ 128-136։
- Մարաբյան Սեդա, Գրիգոր Խլաթեցու նամակները.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1978, № 5, էջ 83-88։
- Մարաբյան Սեդա, Գրիգոր Խլաթեցու Տոնականները,- «Էջմիածին», 1985, թիվ 7։
- Մարաբյան Սեդա, Գրիգոր Խլաթեցու ձեռագրական ժառանգությունը,- «Բանբեր մատենադարանի», թիվ 15, Երևան, 1986, էջ 173-190։
- Արտաշես Մաթեւոսյան, Սեդա Մարաբյան, Գրիգոր Ծերենց Խլաթեցի, Երևան, 2000։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 297.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 216)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Խլաթեցի (Ծերենց)» հոդվածին։ |