Լուտոսի ճակատամարտ (իսպ.՝ batalla de Lutos), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 794 թվականին՝ Լուտոս անունով տարածքում, որտեղ Աստուրիայի Ալֆոնսո II արքայի զորքը պարտության է մատնել մավրերին` Աբդ ալ Մալիկ իբն Աբդ ալ-Վահիդ իբն Մուհիդի հրամանատարությամբ։

Լուտոսի ճակատամարտ
Թվական794
Մասն էՌեկոնկիստա
ՎայրGrado?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Նախապատմություն խմբագրել

Սկսած 710-ական թվականներից, արաբների կողմից Պիրենեյան թերակղզու գրավումից, մավրները և Աստուրիայի լեռներում իրենց անկախությունը պահպանած քրիստոնյաները բազմաթիվ պատերազմեր էին վարում միմյանց դեմ[1]։

Մավրների ներխուժումը դեպի իսպանական քրիստոնյաների տարածքներ հատկապես ակտիվ է եղել սկսած 790-ական թվականներից. 791 թվականին մավրերը ոչնչացնում են Գալիսիան և Բուրբինա գետի մոտ տեղի ունեցած մարտում կործանում Բերմուդո I-ի հրամանատարությամբ կռվող աստուրիացիների զորքերը, իսկ 792 թվականին կործանում են Ալավան։ Այդ հարձակումները ստիպում են նոր արքա Ալֆոնսո II-ին տեղափոխել աստուրիական թագավորության մայրաքաղաքը Պրավիայից իր կարծիքով ավելի անվտանգ Օվիեդո[2][3]։

Ըստ Իբն Իդարիի վկայության, 794 թվականին Կորդովայի ամիրայության Էմիր Հիշամ I-ը նոր արշավանք է նախաձեռնել Աստուրիական թագավորության դեմ։ Նա երկու բանակ է հավաքոել, որոնց հրամանատարությունը վստահել է երկու եղբայրներին` Աբդ ալ-Կարիմին և Աբդ ալ-Վահիդին, Աբդ ալ-Վահիդ իբն Մուհիդի որդիններին։

Երկու բանակներն էլ միաժամանակ Կորդովայից ելնելով, մտնում են Ալֆոնսո II կալվածքներ, և չհանդիպելով լուրջ դիմադրության, քրիստոնեական շատ տարածքներ են ոչնչացնում։ Աբդ ալ-Կարիմի գլխավորությամբ բանակը թալանում է Ալավան և Կաստիլիան, նրանք այստեղ հարուստ ավար են ունենում, իսկ մավրերը Աբդ ալ-Ամալիկի գլխավորությամբ գրոհում են Օվիեդոն։ Վերջերս թագավորության մայրաքաղաք դարձած քաղաքը գրավվում և ավերվում է, Ֆրուէլե I-ի օրոք կառուցված քրիստոնեական բոլոր տաճարները ոչնչացվում են, նրանք, ովքեր չեն հասցրել փախչել, գերի են ընկնում[3][4][5][6]։

Ճակատամարտ խմբագրել

Նույն ճանապարհով Կորդովայի ամիրայություն վերադառնալիս մավրների բանակը Աբդ ալ-Մալիկ իբն Աբդ ալ-Վահիդ իբն Մուհիդի գլխավորությամբ Պուերտո-դե-լա-Մեզա լեռնանցքում հանդիպում է Ալֆոնսո II արքայի գլխավորած զորքին։ Քրիստոնյաներին հաջողվում է արաբներին շրջափակման մեջ գցել Լուտոս ճահճոտ տեղանքում։ Այստեղ ճանապարհը նեղանում էր` ձգվելով երկու մեծ բլուրների միջև, որը զրկում էր Աբդ ալ-Մալիկի հեծելազորին ազատ շարժվելու հնարավորությունից։ Աստուրիացիները մավրերի համար անսպասելիորեն հարձակվում են բարձունքներից և արյունալի մարտում ոչնչացնում մուսուլմանական զորքի մեծ մասը։ Զոհերի մեջ էր նաև ինքը Աբդ ալ-Մալիկը։ Մավրերի կողմից գրավված ամբողջ ավարը հասնում է Ալֆոնսո II-ին. Օվիեդոյում գերի ընկած քրիստոնյաներն ազատ են արձակվում[2][3][4][6]։

 
Պիրենեյան թերակղզին VIII դարի վերջերին

Ավելի ուշ շրջանի պատմիչները զգալիորեն գերագնահատում էին աստուրիացիների հաղթանակը Լուտոսում։ Արդեն իսկ «Ալֆոնսո III–ի ժամանակագրությունում» ասվում էր, որ սպանված մավրերի քանակը կազմում էր 70 000 մարդ[7], իսկ Լուկա Տուիսկու «Համաշխարհային ժամանակագրությունում» սպանված մուսուլմանների թիվը հասնում էր 90 000-ի։ Ուրիշ հեղինակներ գրում էին, որ հետապնդելով նահանջած մուսուլմաններին` Ալֆոնսո II-ի մարտիկները հասել էին մինչև Տահո գետ և Լիսաբոնի շրջակայք։ Լուտոսի ճակատամարտը Ռոդրիգես Հիմենես դե Ռադան «Արաբների պատմություն» գրքում նկարագրել է որպես մավրերի դեմ աստուրիացիների ամենամեծ հաղթանակներից մեկը։ Իսկ իրականում, զոհված մավրերի քանակը միջնադարյան հեղինակների կողմից շատ ավելի գերագնահատված էր[4][8][9]։ Ենթադրվում է, որ Ալֆոնսո II-ի զորքը կարող էր կազմված լինել 5000 մարդուց, իսկ մուսուլմանների քանակը հասնել 6000-ի. աստուրիացիների կորուստը կարող էր կազմել 600, իսկ սպանված մավրերի թիվը` շուրջ 1600[10]։

Հետևանքներ խմբագրել

Չնայած Լուտոսի ճակատամարտի պարտությանը` Հիշամ I-ը արդեն 795 թվականին նոր արշավանք է կազմակերպում դեպի Աստուրիական թագավորություն։ Այդ ներխուժման ժամանակ Կորդովյան ամիրայության բանակը երեք անգամ ջախջախում է աստուրացիներին Բաբիասի, Կիրոս գետի և Նալոն գետի ճակատամարտերում և նորից գրավում է Ալֆոնսո II-ի թագավորության մայրաքաղաք Օվիեդոն[2][3][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Реконкиста / Г. Н. Попова // Пустырник — Румчерод. — М. : Большая российская энциклопедия, 2015. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 28). — ISBN 978-5-85270-365-1.
  2. 2,0 2,1 2,2 Suárez Fernández L. Historia de Espana antigua y media. — Ediciones Rialp, 1976. — P. 170—171. — ISBN 978-84-321-1882-1
  3. 3,0 3,1 3,2 3,3 José Javier Esparza. La gran aventura del reino de Asturias: Así comenzó la Reconquista. — Madrid: La Esfera de los Libros, 2009. — P. 149—159. — ISBN 978-8-4997-0404-3
  4. 4,0 4,1 4,2 Gebhardt V. Historia general de España. — Madrid: Librería Española, 1864. — Т. II. — P. 392—393 & 442.
  5. Lévi-Provençal É. Histoire de l’Espagne musulmane. — Paris: Maisonneuve et Larose, 1999. — Т. II. — P. 143. — ISBN 978-2-7068-1386-3
  6. 6,0 6,1 Gonzalo Martínez Díez. El condado de Castilla, 711—1038: la historia frente a la la leyenda. — Valladolid: Marcial Pons Historia, 2005. — Т. 1. — P. 113. — ISBN 978-8-4953-7994-8
  7. Хроника Альфонсо III (глава 21).
  8. Geografía universal física, política é histórica. — Madrid: Imprenta de Don Miguel de Burgos, 1827. — Т. I. — P. 98.
  9. José María Quadrado. Asturias: recuerdos y bellezas de España. — Valladolid: MAXTOR, 2007. — P. 50. — ISBN 978-8-4976-1343-9
  10. Margarita Torres Sevilla-Quiñones de León Las batallas legendarias y el oficio de la guerra. — Barcelona: Ediciones Debolsillo, 2003. — P. 56—59.
  11. «Batalla del rio Quirós (795)» (իսպաներեն). Historia militar de España. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել