Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաբեր (այլ կիրառումներ)

«Լուսաբեր», ազգային, քաղաքական և գրական երկօրյա թերթ։ Լույս է տեսել Կահիրեում, 1904-1908 թվականներին։ Խմբագիրներ՝ Աբգար Արփիարյան, ապա՝ Վահան Թեքեյան և Երուխան Սրմաքեշխանլյան։

Լուսաբեր

«Լուսաբեր»-ը հիմնական ուշադրությունը դարձրել է Օսմանյան կայսրության ներքին և արտաքին քաղաքական կացությանը, Արևմտյան Հայաստանի կյանքի և, մասնավորապես, հայկական հարցի լուսաբանմանը։ Կարևորություն է տվել համաշխարհային առաջավոր հասարակական կարծիքը հայանպաստ հունով ուղղելու խնդրին, քննադատել հետադիմական ռուսական հայատյաց մամուլը, որը հայերին ներկայացնում էր Թուրքիայում քրդերին կեղեքելու, Ռուսաստանում՝ մյուս ժողովուրդներին շահագործելու սադրիչ մեղադրանքներ։ Միաժամանակ քննադատել է միջազգային դիվանագիտությունը և մեծ տերություններին, որոնք հանուն իրենց շահերի հայկական հարցը շահարկում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ «Լուսաբեր»-ի կարծիքով, Եվրոպայի օգնությամբ ազատագրվելու սին հույսերից ձերբազատվելը հայ ժողովրդին կմղեր ապավինելու սեփական ուժերին։ Բազմաթիվ հրապարակումներում ցույց է տվել արևմտյան Հայաստանի հիմնական բնակչության՝ հայերի տնտեսական և քաղաքական ծանր դրությունը, հորդորել հայրենակիցներին՝ չլքել երկիրը։ Հայկական հարցի համար կործանարար է համարել Արևելյան Հայաստանի հայության մասնակցությունը ռուսական հեղափոխական շարժումներին, որոնք ոչ մի կապ չունեին հայերի կենսական խնդիրների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։