«Լիտերատուրնայա Արմենիա» («Գրական Հայաստան»), խորհրդային շրջանի գրական-քննադատական, հրապարակախոսական ռուսերեն ամսագիր (սկզբում՝ երկամսյա)։ Առաջին անգամ լույս է տեսել 1958 թվականին, Երևանում։ Հանդիսացել է Հայաստանի գրողների միության օրգանը։ Խմբագիրներ՝ Դ.Բորյան, Դ.էմին, Ս.Հարությունյան, Մ.Շաթիրյան, Կ.Սիմոնյան (1975 թվականից)։

Ներկայացրել է դասական և ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործություններ, տպագրել գրախոսականներ, հոդվածներ։ Փորձել է պրոպագանդել սփյուռքի հայ հեղինակների ստեղծագործությունները։ Հրապարակախոսական ելույթները նվիրված են եղել Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքի իրադարձություններին։

Տպագրել է ակնարկներ ու դիմանկարներ՝ նվիրված արդյունաբերության և գյուղատնտեսության անվանի համարվող մարդկանց, նշանավոր գիտնականներին ու արվեստագետներին։ Անդրադարձել է ԽՍՀՄ մշակութային կյանքին, արտատպել նմուշներ հայ գեղանկարիչների գործերից։

Որպես թարգմանիչներ «Լիտերատուրնայա Արմենիա»-ին աշխատակցել են Ն.Տիխոնովը, Վ.Զվյագինցևան, Ե.Եվտուշենկոն, Ռ.Ռոժդեստվենսկին, Մ.Պետրովիխը և ուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 627