Լիզ-Մարի Մորերո (ֆր.՝ Lise-Marie Morerod, ապրիլի 16, 1956(1956-04-16), Լոզան, Շվեյցարիա), շվեյցարացի լեռնադահուկորդուհի, սլալոմի և հսկա սլալոմի մասնագետ։ 1970-ական թվականների ամբողջ ընթացքում եղել է Շվեյցարիայի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ։ Աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր է, Աշխարհի գավաթի 24 փուլերի հաղթող, ընդհանուր արդյունքներով աշխարհի գավաթակիր, 5 անգամ արժանացել է Բյուրեղապակե փոքր գլոբուսի, 11 անգամ հաղթել Շվեյցարիայի ազգային առաջնությունում, մասնակցել է Ինսբրուքի Ձմեռային օլիմպիական խաղերին։

Լիզ-Մարի Մորերո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Lise-Marie Morerod
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 16, 1956(1956-04-16) (68 տարեկան)
Ծննդավայր՝Լոզան, Շվեյցարիա

Կենսագրություն խմբագրել

Լիզ-Մարի Մորերոն ծնվել է 1956 թվականի ապրիլի 16-ին Օրմոն-Դեսյու մունիցիպալիտետում (Վո կանտոն, Շվեյցարիա)։ Լեռնադահուկային սպորտով սկսել է լուրջ զբաղվել 12 տարեկանից, մարզվել է SC Diablerets ակումբում՝ մարզիչ Ժան-Ֆրանսուա Մեզոնի ղեկավարությամբ։

Առաջին հաղթանակը տոնել է 1972 թվականին՝ հսկա սլալոմում դառնալով Շվեյցարիայի չեմպիոն և նույն ձևում արծաթե մեդալի արժանանալով Եվրոպայի պատանեկան առաջնությունում (Մադոննա-դի-Կամպիլո)։ Մեկ տարի անց ընդգրկվել է Շվեյցարիայի ազգային հավաքականի հիմնական կազմում և նորամուտը կատարել աշխարհի գավաթի խաղարկությունում

Մեծահասակների միջազգային մակարդակով առաջին լուրջ հաղթանակին հասել է 1974 թվականի մրցաշրջանում, երբ Սանկտ Մորիցի աշխարհի առաջնությունում սլալոմից արժանացել է բրոնզե մեդալի՝ առաջ թողնելով միայն Լիխտենշտայնի ներկայացուցիչ Հաննի Վենցելին և ֆրանսուհի Միշել Ժակոյին։ այդ հաղթանակը շատերի համար անսպասելի էր, քանի որ Մորերոն մեկնարկը կատարել էր 39 համարի ներքո և ֆավորիտ չէր համարվում։

1975 թվականին Լիզ-Մարի Մորերոն հաղթել է աշխարհի գավաթի մի քանի փուլերում և մրցաշրջանի արդյունքներով արժանացել միանգամից 2 Բյուրեղապակե գլոբուսի՝ սլալոմից և հսկա սլալոմից։

Մի շարք անգամներ հաջող ներկայանալու շնորհիվ արժանացել է երկիրը 1976 թվականին Ինսբրուքի Ձմեռային օլիմպիական խաղերին ներկայացնելու պատվին, սակայն այնտեղ չի կարողացել մեդալ նվաճել. սլալոմում առաջին փորձը չի ավարտել և որևէ արդյունք ցույց չի տվել, իսկ հսկա սլալոմն ավարտել է չորրորդը[1]։ Բացի այդ, այս մրցաշրջանում հսկա սլալոմից արժանացել է Բյուրեղապակե փոքր գլոբուսի, իսկ ընդհանուր արդյունքներով բոլոր ձևերում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով տիտղոսակիր գերմանացի Ռոզի Միտերմայերին։

Ինսբրուքի Օլիմպիադայից հետո Մորերոն մնացել է Շվեյցարիայի լեռնադահուկային սպորտի թիմի հիմնական կազմում և շարունակել մասնակցել միջազգային խոշոր մրցումների։ Այսպես, 1977 թվականին աշխարհի գավաթի խաղարկությունում նա կրկին հաղթել է սլալոմում և հսկա սլալոմում, ինչպես նաև այս անգամ ևս ընդհանուր հաշվով դարձել Աշխարհի գավաթակիր։

1978 թվականին մասնակցել է Գարմիշ-Պարտենկիրխենի աշխարհի առաջնությանը, որտեղ արժանացել է արծաթե մեդալի. հսկա սլալոմում նրանից առաջ է անցել միայն գերմանացի Մարիա Էպլեն։ Դասական սլալոմում զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Նույն թվականի ամռանը լուրջ ավտովթարի է ենթարկվել, որի արդյունքում 6 ամիս մնացել է կոմայի մեջ, դրանից հետո ևս վեց ամիս մնացել հիվանդանոցում։ Ավտովթարի հետևանքով ստացել է ոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ և գլխի վնասվածք, ինչի պատճառով հիշողության մասնակի կորուստ է ունեցել[2]։

Վերականգնումից հետո՝ 1979/1980 մրցաշրջանում, Մորերոն փորձել է վերադառնալ մեծ սպորտ, բայց նրա արդյունքները նախկինից շատ տարբեր էին։ Առավել հաջող մասնակցել է Սեն-Ժերվե-լե-Բենի աշխարհի առաջնությանը՝ հսկա սլալոմում զբաղեցնելով 11-րդ տեղը։ 1980 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի որակավորմանը չի մասնակցել, բժիշկների խորհրդով որոշել է մարզական կարիերան ավարտել։ Ամբողջ կարիերայի ընթացքում Աշխարհի գավաթի տարբեր փուլերում 41 անգամ բարձրացել է պատվո հարթակին, ընդ որում 24 փուլերում հաղթել է։ 11 անգամ ճանաչվել է Շվեյցարիայի չեմպիոն լեռնադահուկային սպորտից, 3 անգամ՝ Շվեյցարիայի լավագույն մարզիկ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alpine Skiing at the 1976 Innsbruck Winter Games: Women's Giant Slalom, Արխիվացված է օրիգինալից 2017-07-24-ին, Վերցված է 2017-07-24-ին
  2. Dubath, Philippe (2016 թ․ մայիսի 28). ««Plus j'avance en âge, plus ma mémoire revient!»» ["The older I get, the more my memory comes back"]. 24 heures (French). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Egli, Herbie (2011 թ․ փետրվարի 7). «So war es an der Ski-WM 1978 in Garmisch - Ski wm2011». 20 Minuten (German). 20 Minuten Online. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզ-Մարի Մորերո» հոդվածին։