Լերդախոտ հիրկանիական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շրթնազգիներ
Տեսակ Լերդախոտ հիրկանիական
Լատիներեն անվանում
Teucrium hyrcanicum


Լերդախոտ հիրկանիական (լատին․՝ Teucrium hyrcanicum), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

60-80 սմ բարձրությամբ բազմամյա գեղազարդային բույս է։ Տերևները կոթունավոր են, ձվաձև երկարավուն, աղեղնաեզր, սրտաձև հիմքով։ Ընդհանուր ծաղկաբույլը նեղ է, համարյա գլանաձև հասկանման, բազմաթիվ ծաղիկների միմյանց շատ մոտեցած օղակներով։ Բաժակը համարյա երկշուրթ է, վերին շուրթն ունի լայն, ձվաձև է միջին ատամիկ։ Պսակը մուգ ծիրանագույն է, հնգատամ, թվում է միաշուրթ է, քանի որ վերին շուրթը ճեղքված է, մինչև հիմքը և դրա բլթակները մոտեցած են ստորին շուրթին։ Պտուղը կազմված է 4 մասերից՝ հակաձվաձև էրեմներից[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի շրջակայք Ծավ գետի հովիտ, լեռնագագաթ՝ Խուստուփ)։ Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը, Թալիշը, Անատոլիան և Իրանը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ներքին և միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1800 մ բարձրությունների վրա, անտառներում, անտառի եզրերին, բացատներում, թփուտներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Տեսակի համաշխարհային մասշտաբով լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցվել է մեկ աստիճանով։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ² -ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։

Աճելավայրերը հիմնականում պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.