Լեռնային վշասարեկ (լատին․՝ Carduelis flavirostris), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Լեռնային վշասարեկ
Լեռնային վշասարեկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սերինոսներ
Ցեղ Կարմրակատար
Տեսակ Լեռնային վշասարեկ
Լատիներեն անվանում
Carduelis flavirostris
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 559047
NCBI 90717
EOL 1050644

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 22-24 սմ, կենդանի զանգվածը՝ 15-20 գ։ Փետրածածկը մուգ խայտերով է, թևի ու պոչի հիմքի փետուրները՝ սպիտակ երիզով։ Կտուցը կարճ է, կոնաձև, դեղնավուն։ Թռչելիս նկատելի է թևատակի վառ սպիտակ հատվածը։ Բնադրման շրջանում թևերն ու պոչը սևավուն են, մեջքին և կրծքի կողքերին կան մուգ խայտեր։ Արուի գոտկատեղն ավելի լայն վառ վարդագույն շերտով է, հետբնադրման շրջանում՝ ավելի դարչնագույն ու խիտ խայտերով։ Երիտասարդն ավելի մուգ է, քան հետբնադրման շրջանի անհատը, խայտավոր է, գոտկատեղը՝ դարչնագույն։

Կենսակերպ խմբագրել

Փոքր երամներով կերակրվում է քարքարոտ լեռնալանջերին։ Բնադրման շրջանում արուները մեծ «երգչախմբեր» են կազմում մայրամուտին։ Լոգանք ընդունելու համար հաճախ այցելում է ջրատարածքներ։ Ամռանը բնակվում է լեռնատափաստաններում, ձմռանը՝ պտղատու այգիներում և ցանքադաշտերում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։

Բնադրում խմբագրել

Վաղ գարնանային զույգերը ձևավորվում են և խմբակային երգերը (մի քանի տասնյակ անհատների մասնակցությամբ) լսվում են մարտի սկզբից, որին հաջորդում են էգի և արուի հարսանեկան խաղերը։ Բույնը փոքր է, գավաթաձև՝ խոտաբույսերից, փետուրներից, բրդից։ Բնադրում է քարերի տակ կամ ցածր ծառերի ճյուղավորումներում։

Ձվադրում խմբագրել

Դնում է 18 մմ տրամագծով, կապտավուն-կանաչ՝ սև դարչնագույն պտերով 4-5 ձու. լրիվ քանակով բներում հայտնվում են հունիսի 1-ին տասնօրյակում, որին զուգընթաց գրանցվում են նաև բնից հեռանալու ընդունակ ձագեր։ Թխսակալում է էգը՝ 13-14 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 14-17-րդ օրը, 2 շաբաթ անց տիրապետում կայուն թռիչքին և կազմում ընտանեկան խմբեր ու երամներ (100-300 թռչուն)։ Աչքի է ընկնում թվաքանակի կայունությամբ և վարքի դրսևորման հետաքրքիր հատկանիշներով։

Մեծ թվաքանակի շնորհիվ կարևոր նշանակություն ունի մոլախոտերի սերմերի ոչնչացման գործում։ Հարմարվել է անազատ պայմաններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային վշասարեկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային վշասարեկ» հոդվածին։