Լեոպոլդ Ռոստրոպովիչ (փետրվարի 26, 1892(1892-02-26), Վորոնեժ, Ռուսական կայսրություն - հուլիսի 31, 1942(1942-07-31), Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թավջութակահար, մանկավարժ և դիրիժոր, Սարատովի և Ադրբեջանի կոնսերվատորիաների պրոֆեսոր։

Լեոպոլդ Ռոստրոպովիչ
Լեոպոլդ Ռոստրոպովիչը կնոջ հետ
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 26, 1892(1892-02-26)
Վորոնեժ, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 31, 1942(1942-07-31) (50 տարեկան)
Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթավջութակահար և երաժշտության ուսուցիչ
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
 Leopold Rostropovich Վիքիպահեստում

Մստիսլավ Ռոստրոպովիչի հայրը։

Նախնիները խմբագրել

Ռոստրոպովիչների նախնիներն ապրել են Լեհաստանում ու Լիտվայում և կրել են Ռոստրոպովիչյուս ազգանունը։ Նախապապերից Իոսիֆ Ռոստրոպովիչյուսը Վիլնոյից Վարշավա էր տեղափոխվել, ամուսնացել չեխուհու հետ և ծառայությամբ հասել քաղաքային դատավորի պատվավոր պաշտոնին։ Այսօր էլ Վարշավայի գերեզմանատանը կարելի է տեսնել Իոսիֆ Ռոստրոպովիչյուսի և նրա կնոջ հուշարձանը՝ Շոպենի ծնողների գերեզմանի կողքին։ Իոսիֆի երաժշտական ընտանիքում հին ավանդույթ կար՝ երգում էին և դաշնամուր նվագում։ Նրա թոռը՝ Վիտոլդը, ցուցաբերեց երաժշտական այնքան բարձր ունակություններ, որ կրթություն ստացավ Պետերբուրգի կոնսերվատորիայում, ապա մեկնեց աշխատանքի Վորոնեժ, որը 19-րդ դարի երկրորդ կեսին ուներ շատ աշխույժ ու հետաքրքիր երաժշտական կյանք։

Լեոպոլդի կյանքի վաղ տարիները խմբագրել

 
Լեոպոլդ Ռոստրոպովիչը

Վորոնեժում 1892 թվականի փետրվարի 26-ին Վիտոլդը որդի ունեցավ, որին անվանեց Լեոպոլդ։ Տղան մանկուց հորից սովորեց դաշնամուր նվագել և յուրացրեց երաժշտություն հորինելու հմտությունը։ Սակայն նրա մասնագիտական ապագայի համար որոշիչ եղավ հանդիպումը չեխ թավջութակահար Ա. Լուկինիչի հետ։ Նա և Վիտոլդ Ռոստրոպովիչյուսը միասին նվագում էին նվագախմբում։ Իսկ փոքրիկ Լեոպոլդը ներկա գտնվելով փորձերին, սիրահարվեց թավջութակին։ Լուկինիչը սկսեց նրան սովորեցնել, և գործն այնքան արագ առաջ ընթացավ, որ 1904 թվականին տասներկու տարեկան հասակում Լեոպոլդ Ռոստրոպովիչը սկսեց հանդես գալ համերգներով։ Ի դեպ այդ տարիքը (12 տարեկան) այստեղից սկսած Ռոստրոպովիչների երեք սերնդի համար դարձավ սահմանային. տասներկու տարեկանում բեմ բարձրացան և՛ Լեոպոլդը, և՛ նրա որդին՝ Մստիսլավը, և՛ վերջինիս դուստրը՝ Օլգան։ 1905 թվականին Լեոպոլդն ընդունվեց Պետերբուրգի կոնսերվատորիա և ուսանողության տարիներին ևս աչքի ընկավ բացառիկ ունակություններով, ինչի շնորհիվ էլ հաճախ ելույթ էր ունենում համերգների ընթացքում։ Նրա մասին գրում էին մամուլում՝ բարձր գնահատելով պատանու կատարողական արվեստը։ Իսկ այդ հաջողությունների մեջ իր կարևոր դերն ուներ նրա ուսուցիչը՝ թավջութակահար Ա. Վերժբիլովիչը։ Լեոպոլդը կոնսերվատորիան ավարտեց ոսկե մեդալով 1910 թվականին։ Նա սկսեց համերգներ տալ Պետերբուրգում, Մոսկվայում, ապա սկսեց համերգային մեծ շրջագայություններ կատարել՝ առաջինը ելույթ ունենալով իր հոր ծննդավայրում՝ Լեհաստանում։ Այնուհետև Լեոպոլդը համերգային ելույթ ունեցավ Փարիզում, որն այնքան մեծ հաջողությամբ պսակվեց, որ նրան անդրադարձավ ոչ միայն ֆրանսիական, այլև անգլիական ու ամերիկյան մամուլը։ 1912 թվականին Լեոպոլդը բնակության տեղափոխվեց Պետերբուրգ և ընդունվեց Մարինյան օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը, որտեղ նախկինում նվագել էր իր ուսոցիչը՝ Վերժբիլովիչը։ Պետերբուրգյան կյանքը խիստ նպաստավոր եղավ թավջութակահարի համար. նա հաջողությամբ համերգային ելույթներ ունեցավ ռուսական բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև Թիֆլիսում (որտեղ մամուլը մեծ դրվատանքով գրեց Լեոպոլդի արվեստի մասին) և Բաքվում։ Նրա հիմնական նվագացանկում ընդգրկված էին Քամիլ Սեն-Սանսի թավջութակի կոնցերտը, Յոհան Սեբաստիան Բախի սուիտները, Պյոտր Չայկովսկու պիեսները և այլ ստեղծագործություններ։ Այդ տարիներին նա մանկավարժությամբ չզբաղվեց։

Կյանքը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խմբագրել

 
Բաքվի այն տունը, որտեղ ապրել է Ռոստրոպովիչների ընտանիքը:

Վրա հասավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, որն առանձնապես Լեոպոլդ Ռոստրոպովիչի կյանքում փոփոխություններ չբերեց։ Բայց արդեն 1918-ին նա անգործ մնաց և դադարեցին համերգային ելույթները։ Ի վերա այդ ամենի, Պետերբուրգում նաև սով տարածվեց։ Նա տեղափոխվեց Սարատով, որտեղ մնաց չորս տարի։ Այդ ընթացքում նա համերգի մեկնեց Օրենբուրգ, որտեղ իրեն նվագակցում էր Սոֆյա Ֆեդոտովան՝ ևս երաժշտական ընտանիքի տաղանդավոր զավակ։ Շուտով նրանք սիրահարվեցին և ամուսնացան։ Նրանց դուստրը՝ Վերոնիկան ծնվեց Սարատովում, որից հետո նրանք շուտով բնակության հաստատվեցին Բաքվում, որտեղ Լեոպոլդը դարձավ խորհրդային Ադրբեջանական կոնսերվատորիայի պրոֆեսոր, իսկ Սոֆյան սկսեց դաշնամուր դասավանդել։ Բաքվում Լեոպոլդը բավականին շատ ստեղծագործեց, ինչը նպաստավոր եղավ ադրբեջանական կոմպոզիտորական դպրոցի համար։

Որդու ծնունդը և Մոսկվա տեղափոխվելը խմբագրել

1927 թվականի մարտի 27-ին Բաքվում ծնվեց Ռոստրոպովիչ ամուսինների որդին՝ Մստիսլավը։ Շուտով Լեոպոլդի առջև ծառացավ երեխաների կրթության հարցը։ Վերոնիկան ջութակ էր նվագում, իսկ Մստիսլավի երաժշտական տաղանդն ի հայտ եկավ չափազանց վաղ։ Արդեն չորս տարեկանում նա դաշնամուրի ստեղների մեջ կարողանում էր ընտրել բավականին բարդ ստեղծագործությունների մեղեդիների հնչյունները և, նկատվում էր կոմպոզիցիա ստեղծելու ձգտումը։ Լեոպոլդը, ցանկանալով երեխաներին լավ կրթություն տալ, որոշում է տեղափոխվել Մոսկվա։

Այստեղ Ռոստրոպովիչի ստեղծագործական կյանքը հեշտորեն չէր ընթանում։ Կոնսերվատորիայում, որի ղեկավարությունը ստանձնել էին տաղանդավոր թավջութակահար Սեմյոն Կոզոլուպովի նույնքան տաղանդավոր աշակերտները, միության ծայրամասից եկած մանկավարժի համար տեղ չկար, Մեծ թատրոնի նվագախմբում՝ նույնպես։ Մնում էր միայն համերգային ելույթներ ունենալ։ Սակայն դրանք էլ մեծ եկամուտ չէին բերում։ Նրան արտասահման է հրավիրում կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը, որը 1928 թվականին հաստատվել էր Եվրոպայում։ Սակայն Լեոպոլդը վախենում էր ռիսկի դիմելուց, քանի որ երկրում տիրում էր մենիշխանությունը և հակակրանքը՝ արտասահման մեկնել կամեցողների հանդեպ։ Նա զբաղվում էր մանկավարժությամբ Մոսկվայի շրջանային երաժշտական դպրոցներում, ինչը դարձյալ քիչ եկամտաբեր էր։ Լեոպոլդը հաճախ ստիպված էր լինում պարտքով գումար վերցնել։ Սակայն շուտով նրա երեխաներն այստեղ ևս աչքի ընկան երաժշտական տաղանդով։ Սկզբնական ելույթներում Մստիսլավը կատարում էր իր փոքրիկ պիեսները դաշնամուրի համար։ Թավջութակի հանդեպ նրա հետաքրքրությունն զգացվեց 8-9 տարեկանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ տղան ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարան՝ Եվգենի Մեսների դասարան։

Կյանքը պատերազմի տարիներին խմբագրել

Երբ ֆաշիստական զորքերն ընդհուպ մոտեցել էին Մոսկվային, Լեոպոլդ Ռոստրոպովիչը որոշում է ընտանյոք հեռանալ Օրենբուրգ։ 14-ամյա Մստիսլավը գեղեցիկ մանչուկից վերածվել էր նիհար ու երկարահասակ պատանու, որ միշտ վատ էր հագնված։ Նրան որոշեցին տեղավորել երկաթուղային դպրոցում և տեղի երաժշտական ուսումնարանում, որտեղ նաև դասավանդում էր հայրը։ Բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադից Օրենբուրգ տեղափոխվեց Փոքր օպերային թատրոնը։ Երաժիշտների շարքում էր և տաղանդավոր դաշնակահարուհի Սոֆյա Վակմանը։ Նա փոքրիկ որդու հետ էր և փնտրում էր ցանկացած աշխատանք։ Եվ գտավ այն «Մոլոտ» կինոստուդիայում։ Ստեղծվեց եռյակ՝ Լեոպոլդ Ռոստրոպովիչի ու Մեծ թատրոնի ջութակահար Է. Գիտերի հետ։ Նրանք նվագում էին կինոթատրոնում՝ ցուցադրություններից առաջ։

Որդու փառքը խմբագրել

Մստիսլավը նկատում է, որ հանդիսատեսները կատարումների ընթացքում հաճախ զրուցում էին՝ ուշադրություն չդարձնելով երաժշտությանը։ Նա հորն ասում է, թե այդ ի՞նչ նվագացանկ են ընտրել, մարդիկ չեն հասկանում իրենց։ Եվ արդեն տանը կազմում է մի նոր նվագացանկ՝ Յոհան Շտրաուսի վալսերից և Ի. Դունաևսկու «Լուսնի վալսը», որն օրենբուրգցիներին քաջ հայտնի էր «Կրկես» ֆիլմից։ Մստիսլավն այդպես վարվեց, քանզի համոզված էր, որ արտիստը պետք է իջնի իր հանդիսատեսի մակարդակին, գրավի նրան, ապա նրան կամաց-կամաց իր հետ վեր բարձրացնի։ Սոֆյա Վակմանը համաձայնեց նվագակցել կրտսեր Ռոստրոպովիչին՝ միանգամից հասկանալով, որ գործ ունի ականավոր երաժշտի հետ։ Օրենբուրգում հաստատված երաժիշտները հաճախ հավաքվում էին թատրոնում, զրուցում մասնագիտական հարցերի շուրջ, բացահայտում երգեցողության նոր որակներ, և շուտով այդ թատրոնը ճանաչվեց որպես խորհրդային օպերային արվեստի լաբորատորիա։ Եվ ահա, այդպիսի շրջապատում ու զրույցների մեջ էր մեծանում Մստիսլավը։ Այսպիսով, ստացվեց այնպես, որ հակառակ իր ցանկության, ոչ թե Մոսկվան, այլ հեռավոր Օրենբուրգը դարձավ Լեոպոլդի որդու իսկապես մասնագիտական դպրոցը։ Խորհրդային Միության համար այդքան դժվարին տարում (1942թ.) Մստիսլավը մեծ ցատկ կատարեց այդ օրվա համերգի ընթացքում։ Նրա ելույթը դարձավ այդ երեկոյան գլխավոր իրադարձությունը, և դա դարձավ Լեոպոլդի կյանքի ամենաերջանիկ երեկոներից մեկը։ Այդ համերգից հետո տղան մեծ հռչակ ձեռք բերեց Օրենբուրգում և սկսեց մասնակցել բազմաթիվ համերգների։

Վախճանը և վերջին կամքը խմբագրել

1942 թվականի գարնանը Լեոպոլդ Ռոստրոպովիչը ծանր հիվանդացավ. ճնշվածություն էր զգում սրտի շրջանում։ Ինֆարկտն այն ժամանակ բուժել չէին կարող։ Ուրախ ու կենսասեր մարդը անթափանց խավարի մեջ անգամ մի թեթև լույս տեսնելիս սարսափի մեջ էր ընկնում։ 1942 թվականի հուլիսի 31-ին Լեոպոլդ Ռոստրոպովիչը կատարյալ գիտակցությամբ, զգալով, որ մահանում է, դիմեց իր վրա խոնարհված կնոջն ու երեխաներին՝ իր վերջին հանձնարարությամբ. թավջութակը և ռոյալ դաշնամուրը երբեք չվաճառել, որքան էլ ապրուստը դժվար լինի, Մստիսլավը թող սովորի Սեմյոն Կոզոլուպովի մոտ։

Աղբյուրներ խմբագրել

  • Софья Хентова, "Ростропович", Санкт-Петербург, 1993 г.