Լենինականի կարի արտադրական միավորում

Վ. Չկալովի անվան Լենինականի կարի արտադրական միավորում, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկությունների համախումբ Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

Հիմնադրվել է 1977 թվականին։ Ներառել է Լենինականի Վ. Չկալովի անվան կարի ֆաբրիկան (գլխամասային), կարի երկրորդ ֆաբրիկան։ Մասնաճյուղեր է ունեցել Ախուրյանի շրջանի Ախուրյան, Ոսկեհասկ գյուղերում, Արթիկի շրջանի Պեմզաշեն և Փանիկ գյուղերում։ Թողարկել է մանկական շրջազգեստներ, կոստյումներ և վերնաշապիկներ՝ 40 միլիոն խորհրդային ռուբլի արժողությամբ։

Վ. Չկալովի անվան կարի ֆաբրիկան հիմնվել է 1932 թվականին։ 1941 թվականի հունվարից նրան է միացվել սպիտակեղենի կարի ֆաբրիկան։ 1960 թվականից ձեռնարկությունը մասնագիտացել է մանկական հագուստեղենի կարի գծով։ Տարեկան թողարկվում էր շուրջ 30 միլիոն ռուբլու մանկական հագուստեղեն։

Ձեռնարկությունը քանիցս արժանացել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության և ՀԱՄԽ-ի ճյուղային արհմիության կոմիտեի փոխանցիկ դրոշների, Հայկական ՍԱՀ Գերագույն սովետի պատվոգրերի։ Ունեցել է երկու մսուր-մանկապարտեզ և պրոֆիլակտորիում։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով կարի ֆաբրիան փլվել է, և գործարանը դադարեցրել է իր գործունեությունը։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։